Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ ներկայացնելով ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հաղորդումների այլատյացության եւ ազգամիջյան ատելության քարոզի փաստեր:
Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմը, որը համախմբում է շուրջ 200 հասարակական կազմակերպություններ, հայտարարություն է տարածել, որով ՀՌԱՀ-ից պահանջում է կասեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում եւ ազատված հաճախականությունը հանել լիցենզավորման մրցույթի:
Հայաստանյան պլատֆորմի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանրային քննարկում է ակնկալում հարցի շուրջ:
«Շատերը խնդրի առարկան եւ հայտարարության բուն իմաստը չեն ընկալում: Քննարկումը թույլ կտա ավելի լավ ընկալել եւ հասկանալ խնդրի իրավական եւ այլ կողմերը: Մաքսիմալ արդյունքը, որ սպասում ենք, նաեւ պաշտոնական մակարդակում քննարկում սկսելն է»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Հայաստանյան պլատֆորմի անդամ՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ռուսաստանյան երկու հեռուստաընկերությունների կողմից օրենքի խախտման փաստերի պակաս չկա:
«Այդ հեռուստաընկերությունների հեղինակային հաղորդումների մեջ հեղինակների կողմից եղել է ոչ միայն այլատյացության, ազգամիջյան ատելության, այլեւ պատերազմի քարոզչություն: Բայց եթե ՀՌԱՀ-ի տեսողությունն, ինչպես միշտ, պրոբլեմատիկ է, որովհետեւ ՀՌԱՀ-ը խախտվող օրենքները չի տեսնում նույնիսկ հայկական հեռուստաընկերություններում, ուրեմն ավելի մանրամասն ցույց կտանք՝ խոշորացույցի ներքո»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում պետք է օրակարգային հարց դառնա:
«Նշված հեռուստաալիքներով հիմնականում ատելություն է տարածվում մարդկության հանդեպ՝ ըստ ազգային պատկանելության, քաղաքական հայացքների եւ այլն, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Այսպիսի հեռուստաընկերությունների հաղորդումների տարածումը պետք է լրջորեն վերանայվի՝ ելնելով նրանցում ներկայացվող եւ ՀՀ Սահմանադրությանը հակասող մոտեցումներից»,- ասում է նա:
Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ (ԽԱՊԿ) Աշոտ Մելիքյանը դեմ է ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակման կասեցմանը: Նա կարծում է, որ պլատֆորմի պահանջն անհիմն է, իսկ գույները՝ խտացված:
«Ռուսաստանի հեռուստաընկերությունները տարբեր ժամանակահատվածներում տարբեր լրագրողներ են ունեցել, որոնք քարոզչության գործիք են դարձել. ժամանակին Սերգեյ Դորենկոն էր, հիմա այդպիսի թյուրիմացություն է Դմիտրի Կիսելյովը: Բայց դա չի նշանակում, որ այդ հաղորդումների պատճառով պետք է կոչ անենք կասեցնել այդ հեռուստաընկերությունների գործունեությունը: Առհասարակ ցանկացած լրատվամիջոցի գործունեություն կասեցնելու հարցն ինձ մոտ ըմբոստություն է առաջացնում»,- ասում է Աշոտ Մելիքյանը:
ԽԱՊԿ նախագահը կարծում է, որ հեռուստաընկերությունների հեռարձակումը կասեցնել պահանջելու փոխարեն Հայաստանի պլատֆորմը պարզապես պետք է բացատրի հանրությանը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Արեւմուտքի միջեւ տեղեկատվական պատերազմ է ընթանում:
«Պետք է ասել, որ այդ հեռուստաընկերությունների հաղորդումները պետք է դիտարկել ինֆորմացիոն պատերազմի տեսանկյունից, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող ամեն ինչ չէ, որ համապատսախանում է իրականությանը, փաստերը շատ հաճախ խեղաթյուրվում են կամ մատուցվում են շատ տենդենցիոզ, կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ կերպով»,- ասում է նա:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների ծրագրերում օրենքի խախտում չի արձանագրել: Media.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՌԱՀ-ի միջազգային կապերի, տեղեկատվության եւ զարգացման բաժինը նշել է՝
«Համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի՝ « … Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է … » եւ«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝«Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: