Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Ջհանգիրյանն ու Անդրեյ Գյագունցը երկու օրով՝ հունիսի 6-7-ը հայտնվեցին բոլորիս ուշադրության կենտրոնում. նրանց գտնվելու վայրը հայտնի չէր։
ԱԱԾ-ի հունիսի 6-ի հաղորդագրության համաձայն՝ գիշերը՝ ժամը 01.20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից հատվածում տղաները մոլորվել էին ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Առաջին անգամը չէր, որ լուր էինք լսում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների մասին, և այս դեպքում էլ սոցցանցերն ու լրատվամիջոցները սկսեցին գործել այնպես, ինչպես սովորաբար լինում է։ Նախ՝ զանգ համայնքի ղեկավարին։ Այս դեպքում լրատվամիջոցները զանգել էին Տեղ համայնքի ավագանու անդամ և Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանին։
Factor.am-ի լրագրողին Հովսեփյանը կորած տղաների մասին ասում է․ «Մենք տեսել ենք, թե ոնց առավոտը ավտո նստացրին, տարան»։ Ճշտող հարցին՝ այսինքն, դուք տեսել եք՝ իրենց ոնց են տանո՞ւմ, Հովսեփյանը պատասխանում է․ «100% տեսել ենք, որ ավտոն նստացրին, տարան»։ Նա նաև տեղեկացնում է, որ տղաներին տարել են իրենց գյուղի դիմացի դիրքերից։
Մեկ օր անց հայտնի է դառնում, որ տղաներին ադրբեջանցիները չեն տարել, ու հարցերը՝ իսկ ինչի՞ մասին էր խոսում Տեղի ավագանու անդամը և ինչո՞ւ՝ մնում են օդում կախված։
Նույն Արգամ Հովսեփյանին զանգել է նաև 168 am-ը։ Այստեղ էլ Հովսեփյանն ասում է, որ տղաներին հետ բերելու հարցում կառավարությունից ոչ մի ակնկալիք չունի, հույս է կապում միայն միջազգային կառույցների հետ։
Մեկ այլ լրատվամիջոցում՝ 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում, Politic.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ասում է․ «Այս գերեվարումը նշանակում է, որ քաղաքացիները, որոնք բանակում չեն, նրանց նույնպես վտանգ է սպառնում։ Իրենց (նկատի ունի ադրբեջանցիներին) պետք է գերեվարել անչափահաս անձի, դա անում են։ Քանի Փաշինյանը իշխանության է, խաղաղությունը արդյունք է լինելու Ալիևի ցանկությունների։ Մենք չունենք անվտանգության համակարգ»։
Սյունեցի տղաների «գերեվարության» առիթով հայտարարություն տարածեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ քննադատելով իշխանությանը, իշխանությունից ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքում վստահեցնում էր, թե բանակցում են ադրբեջանական կողմի հետ, որ տղաներին արագ վերադարձնեն։ Ու նորից օդում անպատասխան հարց է կախվում՝ ո՞ւմ վերադարձնելու շուրջ էին բանակցում, եթե տղաները հայրենի Սյունիքում էին։
Ընդհանուր առմամբ, Կարեն Ջհանգիրյանի և Անդրեյ Գյագունցի՝ Ադրբեջանի տարածք անցնելու մասին ԱԱԾ-ի առաջին հաղորդագրությունից հետո մեր լրատվադաշտում, համացանցում, քաղաքական ուժերի շրջանում տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է նման դեպքերում․ տարածվեցին «գերեվարվածների» լուսանկարները, ընդդիմությունն սկսեց մեղադրել իշխանությանը, ու սկսվեց անորոշ սպասումը։ Անհասկանալի էր ԱԱԾ-ի պահվածքը․ երկրորդ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»:
Մեկ օր անց ԱԱԾ-ն տղաներին վերաբերող երրորդ հաղորդագրությունն է տարածում․ «Երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ ԱԱԾ-ն չէր որոշակիացնում իր իսկ տարածած ինֆորմացիան, թե տղաներն անցել էին Ադրբեջանի տարածք։
Վերջին երկու հաղորդագրություններում տեղ գտած մեկ այլ ինֆոմացիա՝ թե տղաները «հայտնաբերվել են», հերքվում է «Ազատության» հունիսի 7-ի տեսանյութում, որը վերնագրված է «Սպասել են մառախուղը ցրվի, հետ են եկել տուն․արավուսցիների պատմությունը»։ Որ տղաները իրենց ոտքով, ինքնակամ ու առանց «հայտնաբերվելու են» տուն եկել, տեսանյութում ասում են Կարենի հայրն ու Անդրեյի եղբայրը։
Ի՞նչ գիտեր երկրի վարչապետը «Ադրբեջանի տարածքում հայտնված» տղաների մասին։ Պաշտոնական որևէ ինֆորմացիա այդ մասին չտրվեց, բայց հունիսի 6-ին նրա որոշ հանրային գործողություններից տպավորություն էր, թե նա ընդհանրապես տեղյակ չէ կատարվածից կամ տեղյակ է, թե ինչ է կատարվել իրականում՝ տղաները հայ–ադրբեջանական սահմանը չեն հատել։
Համացանցում րոպե առ րոպե ավելացող տագնապալից գրառումների հոսքում հայտնվում է հաղորդագրություն, թե հունիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է Կուրբան Բայրամի տոնի առթիվ ու երկու երկրների ժողովուրդներին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։ Դրան հաջորդած գրառումները «Փաշինյանը շնորհավորում է, Ադրբեջանը հայ երիտասարդների է գերեվարում» մտքի համատեքստում էին։ Նույն օրը երեկոյան Փաշինյանը Սարյան փողոցում մասնակցում էր Գինու փառատոնին, «գերեվարված տղաների» թեման հնչում է նաև այստեղ։ 168.am-ի տեսանյութում լրագրող Անի Գևորգյանը թիկնազորի ուղեկցությամբ հեռացող վարչապետի հետևից բղավում է․ «Պարո՛ն Փաշինյան, երկու երիտասարդ անցել են ադրբեջանական կողմը, ի՞նչ եք անում, ի՞նչ բանակցություններ եք վարում վերադարձնելու համար»։ Վարչապետը անպատասխան է թողնում իր հետևից հնչած հարցը։
Բարեբախտաբար, Տեղ գյուղի տղաները չէին գերեվարվել, ու չգիտենք՝ նրանց անհետացմանն առնչվող ինչ տեղեկատվության էր տիրապետում Սարյանում գինի վայելող վարչապետը։ Գուցե նա գիտեր եղելությունը և դրանից էր այդպես անվրդով։ Եթե նույնիսկ այդպես է, դա մեկ անգամ ևս հաստատում է՝ հասարակության համար խիստ դյուրազգաց՝ անվտանգությանն ու գերեվարվելուն առնչվող խնդրի վերաբեյալ ինֆորմացիան տարածվում էր՝ առանց պետության կողմից անհրաժեշտ հստակեցման և ուղղորդման։