2014.02.13,

Նյուսրում

Մեդիա ինդուստրիայի հեռանկարներն ու խորշերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երեւանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ «Ինտերնյուս Նեթուորքը» Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակի հետազոտություն են կատարել:

Հետազոտության հիմքում տնային տնտեսություններում կատարված սոցիոլոգիական հարցումներն են, մեդիայի մշտադիտարկումներն ու ոլորտի մասնագետների (22 փորձագետների եւ 18 լրագրողների) գաղտնիության սկզբունքով կատարված կարծիքների հավաքագրումը: 

Տվյալների ու կարծիքների վերլուծությունը թույլ է տվել պատկերացում կազմել մեդիա ինդուստրիայի ֆինանսական, օրենսդրական, բովանդակային խնդիրների մասին: Ուսումնասիրվել են մեդիա շուկայի ռեսուրները, առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը, լրատվամիջոցների վրա ազդեցություն թողնող սոցիալ-քաղաքական գործոնները, լրագրողական կրթության, մենեջմենթին վերաբերող հարցերը:

Հայաստանի բոլոր մարզերի 1403 տնային տնտեսությունների պատահական ընտրանքի արդյունքում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստանը (ՀՌԿԿ/CRRC) դեմառդեմ հարցում է կատարել՝ պարզելու համար քաղաքացիների մտահոգություններն ու ակնկալիքները ավանդական (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր) եւ այլընտրանքային (առցանց լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր) մեդիայից:

Թեեւ հարցվողները ամենահասանելի ու դիտելի մեդիա են համարում հեռուստատեսությունը, սակայն դիտողների թիվը կրճատվել է (2011-ին 82%, իսկ 2013-ին 76%), հեռուստացույցի առջեւ անցկացված ժամանակի ծավալը նվազել է (2011-ին 12 ժամից ավելի օրական հեռուստացույց է դիտել հարցվողների 9%-ը, իսկ 2013-ին` 2%-ը):

Հայաստանցիները ավելի քիչ ժամանակ են տրամադրում հեռուստադիտմանը, սակայն շարունակում են այն ինֆորմացիայի գլխավոր աղբյուր համարել:

Ինֆորմացիոն աղբյուրների մասին փաստող այս աղյուսակից պարզ է դառնում, որ վստահություն են վայելուն հեռուստատեսությունը, հետո հարեւաններն ու ծանոթները, երրորդ տեղում առցանց լրատվամիջոցներն են:

QA6

Համեմատելով 2011-ին եւ 2013-ին մեդիայի օբյեկտիվ լուսաբանումը գնահատող կարծիքները՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել թերթերին, առցանց լրատվամիջոցներին, իսկ հեռուսատեսային լուսաբանման օբյեկտիվության գնահատումը գրեթե անփոփոխ է մնացել: 

QA4

Ոչ օբյեկտիվ լուսաբանման հիմնական պատճառ է համարվել քաղաքական որեւէ ուժից ունեցած կախվածությունը (62%) եւ գրաքննությունը (7%): 

QA5

Գնահատման այդ նույն միտումը նկատվում է նաեւ փորձագետների ու լրագրողների պատասխաններում: Նրանց ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հայաստանյան տեղեկատվական շուկան լսարանի պահանջարկով ուղղորդվող բիզնես չէ, այլ կախված է սեփականատերերի քաղաքական շահերից ու ճաշակից:

Ուշագրավ է, որ մեդիա դաշտում աշխատող փորձագետների կարծիքով` առկա տնտեսական իրավիճակում լրատվամիջոցները կարող են եւ՛ անկախ ու շահութաբեր լինել, եւ՛ չունենալ այդ հնարավորությունը (50/50)։ Իսկ լրագրողների մեծամասնությունը կարծում է, որ անկախությունն ու շահութաբերությունը անհնար է:

Մեդիամենեջերներն ու փորձագետներն ավելի լավատես են. շատերը հավատում են, որ գրագետ մենեջմենթի պարագայում լրատվամիջոցը կարելի է սեփականատերերից իրապես անկախ, շահութաբեր բիզնես դարձնել: Լրագրողներից շատերը այդ տեսանկյան հետ համամիտ չեն:

Սակայն երկու խմբերի մասնագետներն էլ գտնում են, որ առաջիկա 5 տարում հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը կդառնա ինտերնետի օգտատեր։ Իսկ նոր մեդիայի զարգացումն անհնար կդարձնի տեղեկատվության քողարկումը եւ ավելի շատ հնարավորություններ կստեղծի հանրային կարծիքի ձեւավորման համար: 

Դելֆի մեթոդաբանության սկզբունքով կատարված փորձագիտական հարցումը ուրվագծեց նաեւ գլխավոր մտահոգությունը` մեդիա դաշտում գործողները վստահ են, որ եթե լրագրողները եւ լրատվամիջոցները ինքնակարգավորման հստակ կանոններ չունենան, ապա հասարակությունն ու պետությունը կկիրառեն առավել կոշտ մեթոդներ:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Երեւանի մամուլի ակումբի կատարված մշտադիտարկումներին կանդրադառնանք հետագայում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *