Ղարաբաղյան կարգավորման թեման հայաստանյան մամուլում նոր երանգներ ստացավ հունվարի 20-ին՝ ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիայից հետո: Մամուլում հայտնվեց գրեթե մոռացված հայրենասիրության, հերոսության թեման:
Պատերազմից հետո հայրենասիրության եւ հերոսության հիմնականում կարելի էր հանդիպել միայն քարոզչական բնույթի նյութերում: Ավելին՝ այդ հասկացություններն այն աստիճանի էին արժեզրկվել, որ բազմաթիվ նյութերում կարելի էր դրանք չակերտներում տեսնել:
Հունվարի 20-ի միջադեպը մամուլ վերադարձրեց բնական հայրենասիրության գաղափարը: Կրկին գնահատման չափորոշիչ, ելակետ դարձան կյանքի անվտանգությունն ու բնական իրավունքները:
Անցած տարիների ընթացքում հայկական մամուլը բազմաթիվ տրանսֆորմացիաների է ենթարկվել տարբեր տեսությունների ազդեցության ներքո:
Մի կողմից՝ արեւմտյան լրագրողական գաղափարի, որը ենթադրում է օբյեկտիվություն, պարիտետ, բոլոր կողմերի կարծիքների առկայություն: Մյուս կողմից՝ սովետական–ռուսական քարոզչական ավանդույթների, որոնք նեռարում են կացնային «ագիտպրոպի» մեթոդներ:
Այս երկու եւ ավելի մանր հոսանքների ներքո հայկական լրագրությունը քիչ էր մնում կորցներ ամեն ինչը սթափ եւ սեփական շահերի տեսանկյունից գնահատելու ունակությունը:
Նրանք, ովքեր փորձում էին հետեւել արեւմտյան օբյեկտիվության սկզբունքներին, մի պահ բախվում էին արհեստական պարիտետի կաղապարին: Իսկ նրանք, ովքեր կացնային քարոզչություն են իրականացնում, չեն վայելում ընթերցողի վստահությունը:
Բազմաթիվ կեղծ քաղաքական կամ հումանիտար կոչված արգելքները հայկական մամուլում չեզոքացրել են բնական շահի սկզբունքը: Երբ մարդ գրում է իր սեփական՝ անձնական, հանրային կամ ազգային շահի մասին, դա լիովին հասկանալի է:
Անհասկանալի է հակառակը:
Արմեն Հովհաննիսյանի նահատակվելը փոխել է հայկական մամուլի համայնապատկերը: Երկրորդ նախագահի եւ վարչապետի տնտեսական բանավեճը շատ մանր թվաց միջադեպի եւ հայ զինվորի արածի ֆոնին:
Մանրացան նաեւ քաղաքական կոչված բանակցությունները: Թերթերը գլխավոր նյութ են դրել հենց այդ լուրը: Բոլորը հասկանում են, որ անվտանգությունն ու կյանքի իրավունքը կեղծ կատեգորիաներ չեն, մնացածը ածանցյալ է:
Նաիրա Հայրումյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: