2025.01.16,

Ստուգված է

Բնակապահովման ծրագրի` խոստացված փոփոխությունն այդպես էլ չիրականացավ

Կառավարությունը մոտ 2 ամիս առաջ փոփոխություն արեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվող կեցության և այլ ծախսերը հոգալու աջակցության ծրագրում, որի արդյունքում 2025-ի հունվարից աջակցության այս ծրագրից այլևս չեն օգտվելու ՀՀ-ում բնակարան ունեցողներն ու միայն 10 000 դրամ աջակցություն ստացողները, իսկ արդեն ապրիլից սկսած կրճատվելու է թե՛ մնացած շահառուների ցանկը, թե՛ տրամադրվող աջակցության չափը:

Ապրիլից սոցիալական աջակցությունը կտրվի միայն հատուկ խմբերին՝ հաշմանդամություն ունեցողներ, երեխաներ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում սովորող 18 տարեկանը լրացածներ, կերակրողին կորցրածի նպաստ ստացողներ, 63 և ավելի տարիքի անձինք: Այս խմբերի շահառուները նախկին 50 000 դրամի փոխարեն ապրիլ-հունիս ամիսների համար կստանան 40 000, իսկ հուլիս-դեկտեմբերին՝ 30 000 դրամ:

Նախագծի հեղինակները սա համարում են աջակցության տրամադրման հասցեականության բարձրացում և հիմնավորում են 2024թ.-ի հունիսից գործող բնակարանային աջակցության ծրագրով:

«2024թ. հունիսից գործում է բնակարանային աջակցության ծրագիրը, որը շահառուների մեծ մասին արդեն հիմա հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակարան, իսկ մյուս մասը կարող են շահառու դառնալ հաջորդ տարվա սկզբին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագիծը ներկայացնելիս նույն միտքը կրկնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը, ինչից տպավորություն էր ստեղծվում, թե 2025-ից ծրագիրը մեկնարկելու է բոլոր շահառուների համար։ Այնինչ 2024-ի մայիսի 16-ին ընդունված որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը պետք է մեկնարկեն ոչ թե 2025-ին, այլ համապատասխանաբար 2026 և 2027 թվականներին։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նոյեմբերի 22-ին դիմել էր նախարարությանը՝ պարզելու, թե ինչու է նախարարը նման հայտարարություն արել, եթե 2-րդ և 3-րդ փուլերը նախատեսվում է մեկնարկել 2026-ին և 2027-ին։ Նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը վստահեցրել էր, թե նախարարը նոր մշակված նախագծին է հղում արել:

«Խոսեցի մեր տեղակալի հետ, նախագիծն արդեն կա մշակված։ Նախատեսվում է 2025-ից բոլորի համար բացել։ Նախագիծը դեռ հրապարակված չէ։ Նախատեսվում է, որ 2025-ից այդ փուլերը դուրս կգան ու բոլորը կկարողանան հավասար պայմաններով դիմել»,- հավաստիացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը:

Այն ժամանակ տպավորություն ստեղծվեց, թե նախարար Նարեկ Մկրտչյանն ուղղակի որպես փաստ ներկայացրել էր Կառավարության հավանությանը չարժանացած մի նախագիծ։

Դեկտեմբերի 11-ին «Ստուգված է»-ն գրավոր հարցում էր կատարել ԱՍՀ նախարարություն, ինչին ի պատասխան գերատեսչությունից վերահաստատել էին, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում նախատեսվում են որոշակի փոփոխություններ, այդ թվում՝ 2-րդ փուլի մեկնարկը 2025 թ. հունվարի 1-ից։ Նշվում էր, որ 3-րդ փուլի մեկնարկի ժամկետը դեռ քննարկվում է։

Մինչդեռ 2024թ դեկտեմբերի 27-ի որոշմամբ կառավարությունը ոչ թե վերացրեց 2-րդ և 3-րդ փուլերի մեկնարկի ժամկետները, այլ երկարաձգեց 1-ին փուլի հայտերի ներկայացման ժամկետը՝ 2024թ․ դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանելով 2025-ի դեկտեմբերի 31-ը: Ստացվում է, որ նախարարության հավաստիացումները, թե 2025-ից բոլոր արցախցիները կկարողանան օգտվել բնակապահովման ծրագրից, իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման ներկայացված նախագծերի մեջ չկա որևէ նախագիծ, որով առաջարկված լիներ ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերի սահմանված ժամկետների մեկնարկների չեղարկումը:

Սոնա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *