2025.01.15,

Նյուսրում

Լրագրող Մզիա Ամաղլոբելիին սպառնում է ազատազրկում Վրաստանում

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հունվարի 12-ի երեկոյան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է վրացական Բաթումելեբի և Նեթգազեթի լրատվական կայքերի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին։  

Տեսախցիկները ֆիքսել են, որ Վրաստանի ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիրների կողմից անցկացվող բողոքի ցույցի ժամանակ Մզիա Ամաղլոբելին հարվածել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի դեմքին:  

Մզիան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին պատմել է, որ այդ պահին իրավապահները չափազանց ուժեղ էին բռնել իր ձեռքերը, և երբ ինքը փորձել է ազատվել նրանց կապանքներից, պատահաբար հարվածել է ոստիկանին: 

Այս միջադեպը գնահատվել է որպես հարձակում ոստիկանության վրա։ Մզիա Ամաղլոբելիին ձերբակալել են, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում՝ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասի համաձայն։

Մզիա Ամաղլոբելի

Երեկ ի պաշտպանություն Մզիայի՝ Վրաստանի շուրջ 50 ոչ իշխանական մեդիամիջոցներ դադարեցրել են հեռարձակումը: Նրանք երեք ժամով գործադուլ էին հայտարարել՝ անջատված հեռուստաալիքների ու չթարմացվող կայքերի էկրաններին թողնելով հաղորդագրություն՝ «Այսպիսին կլինի Վրաստանն առանց ընդդիմադիր լրատվամիջոցների»: 

Վրաստանում լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող նման իրադարձությունները որակվում են թիրախավորված։ 

Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 70 լրագրող ծեծի է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, նրանցից ոմանք ստացել են ծանր վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց։  

Սակայն, մինչ օրս, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնության որևէ փաստի առնչությամբ ոչ մի գործ չի հարուցվել իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ: 

Տարածաշրջանային JAMnews լրատվամիջոցը, որը ևս միացել էր գործադուլին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանում կան «կան աշխատակիցներ, որոնց տանը պատրաստի դրված է առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, քանի որ նրանք չգիտեն, թե երբ կարող են ձերբակալվել կամ երբ ստիպված կլինեն փախչել երկրից՝ իրենց լրագրողական աշխատանքի համար իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու պատճառով»։ 

«Մենք միամտորեն կարծում էինք, թե Վրաստանը երբեք չի հայտնվի նման երկրների շարքում: Սակայն վերջին տարիները ցույց տվեցին, որ դա այդպես չէ։ Կարևոր է, որ մենք չհանդուրժենք լրատվամիջոցների և խոսքի ազատության հանդեպ ճնշումը: Մզիա Ամաղլոբելին առաջինը չէ և, ցավոք, չի լինի վերջինը, որը բախվել է Իվանիշվիլիի ռեժիմի անօրինականության հետ: Մզիա Ամաղլոբելին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասված է JAMnews-ի հայտարարության մեջ։  

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ևս պահանջել է անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին և միջազգային հետաքննություն անցկացնել Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։  

Կազմակերպությունն ընդգծում է, որ ԶԼՄ ներկայացուցիչների դեմ հարձակումները համակարգված բնույթ ունեն և կոչ է անում Եվրամիությանը միջոցներ ձեռնարկել Վրաստանի իրավապահ մարմինների անպատժելիության դեմ։ 

Տեղի ունեցածը մեկնաբանել են ոչ միայն կազմակերպություններ, այլևս ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, միջազգային կառույցների աշխատակիցներ։  

ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերն, օրինակ, X-ում գրում է, որ ԵՄ-ն դատապարտում է Բաթումիում և Թբիլիսիում խաղաղ ցուցարարների ճնշումները, ներառյալ լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները․ «Անարդարացիորեն կալանավորվածները պետք է ազատ արձակվեն, իսկ այս անօրինական գործողություններում ներգրավվածները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *