2025.01.15,

Ստուգված է

Ոչ թե սահմանին համատեղ աշխատանք, այլ կարողությունների բարձրացում․ Բլինքենի խոսքը սխալ է թարգմանվել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի 14-ին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում են Էնթոնի Բլինքենին վերագրվող խոսքեր, որոնք նա իրականում չի ասել։ «Հայկական ժամանակը», 24news.am-ը, infoport.am-ը, alphanews.am-ը, apa.az-ը և շատ այլ լրատվամիջոցներ ու տելեգրամյան ալիքներ գրել էին, թե նա ասել է, որ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան՝ համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացնելու։ 

Բլինքենի խոսքը սխալ է ներկայացրել նաև Հանրային հեռուստատեսությունը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Ըստ այդ թարգմանության՝ նա ասել է․ «Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ ճամփորդելու է Հայաստան համատեղ սահմանային անվտանգության աշխատանք իրականացնելու համար»։

Մի քանի լրատվամիջոցներ էլ հրապարակել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը, թե հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը հատուկ խումբ կուղարկի Հայաստան, որը կզբաղվի սահմանային անվտանգության հարցերով։ Ըստ Աբովյանի՝ դա նշանակում է, որ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները։ ԲՀԿ նախկին պատգամավորի ֆեյսբուքյան այս գրառումը տարածել էին 168.am, lurer.com, mamul.am, yerevan.today լրատվակայքերը։

Իրականում, սակայն, ԱՄՆ պետքարտուղարը չի խոսել համատեղ իրականացվելիք սահմանային անվտանգության աշխատանքի մասին։ Նրա խոսքը վերաբերել է հայ գործընկերների սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը, որի օրինակը հայ-ամերիկյան «Արծիվ Գործընկեր» ռազմական վարժանքն է։ Նա նաև չի շեշտել, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ, փոխարենը պաշտոնյան ասել է՝ «հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին»։

Բլինքենի խոսքի ուղիղ մեջբերումը․

«Հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին մեր մաքսային և սահմանապահ խումբը կմեկնի Հայաստան՝ աշխատելու իրենց հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների ընդլայնման ուղղությամբ «Արծիվ Գործընկեր» ձևաչափով զորավարժությունների միջոցով»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *