Այն, ինչ կատարվում էր կիրակի երեկոյան Հանրայինի եթերում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ սյուռ էր, ու դրա մասին կերազեր Կաֆկան։ Ընդդիմադիրները ՔՊ-ականներին անվանեցին Հայաստանի բռնարարներ, ՔՊ-ականները «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մեղադրեցին Ադրբեջանի նարատիվները տարածելու մեջ և ոչ միայն։
«Մեծ բանավեճը» Հանրայինով եթեր է հեռարձակվել դեկտեմբերի 22-ին։ Դեկտեմբերի 24-ին Յություբում այն ունի ավելի քան 54 հազար դիտում։ Բանավիճողները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին։ Եթե նույն ասելիքով նրանք հանդես գային ԱԺ ամբիոնից, վստահաբար, այդքան լսարան չէին ունենա, ու սա, թերևս, Հանրայինով այս բանավեճի կազմակերպումն արդարացնող առաջին գործոնն է։
Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ բերել (թեպետ բանավեճի ժամանակ սեղանները տարբեր էին և դեմ առ դեմ), սովորաբար, դժվար է հաջողվում․ այս անգամ ստացվել էր։
Բանավեճը «Խաղաղության խաչմերուկի» շուրջ էր։ Բանավեճը վարողներից Պետրոս Ղազարյանի խոսքով՝ դա 2024-ի ամենաքննարկվող նախագծերից մեկն է, որը ներառում է մեր արտաքին մարտահրավերներն ու լուծումները, Ադրբեջանի հետ հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները։ «Բայց նախ պետք է խաղաղություն հաստատել և նոր բացել խաչմերուկները»,- ասաց նա բացման խոսքում՝ ձևակերպելով հարցը՝ ի՞նչ է արվել խաղաղությունը մոտեցնելու համար։ Ընդհանուր ձևակերպմամբ՝ ընդդիմադիրները համոզված են, որ չի արվել ոչինչ, իշխանությունը՝ որ քայլ առ քայլ առաջ ենք գնում խաղաղության ճանապարհով։
Մեկ ժամ տևած բանավեճի առարկան խաղաղության պայմանագիրն էր, Արցախը և ներկա ու նախկին իշխանությունների արածն ու չարածը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման խնդրում։ Ու պատահական չէին կողմերի՝ միմյանց տված բնորոշումները․ «Հայաստանից» Աննա Գրիգորյանը բղավում էր՝ «Դուք ուժ եք, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ից Արսեն Թորոսյանն էլ՝ «Դուք ուժ եք, որն Արցախը նվիրել է Ադրբեջանին»։ Սա նոր ասելիք չէր, ընդդիմությունն ու իշխանությունը հատկապես խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, հենց այս մասին են խոսում, հաճախ նաև գոռում, բայց Ազգային ժողովում ելույթների ձևաչափը միաժամանակ գոռալ թույլ չի տալիս, լսվում է նրա ձայնը, ով կանգնած է ամբիոնի մոտ ու խոսում է բարձրախոսով։ Բանավեճի տաղավարում գոռում էին բոլորը՝ միաժամանակ։
2024-ին համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը: Չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է սահմանից երրորդ երկրների ներկայացուցիչներին հետ քաշելուն, երկրորդը միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցեր չներկայացնելու պահանջն է։ Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում հայցերից և երրորդ երկրների ներկայացուցիչներին հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը տարակուսած էր՝ Ադրբեջանը Արցախը ենթարկել է ցեղասպանության, հայցերը ինչո՞ւ են հետ վերցնում։ Նրա խոսքով՝ «խաղաղության պայմանագիրը թղթի կտոր է, որտեղ չկա Ղարաբաղը, գործընթացը շոու է, և մենք միլիմետր անգամ չենք մոտեցել խաղաղությանը, որովհետև դիմացի կողմը խաղաղություն չի ուզում»։
Ընդդիմությունն ասում էր՝ պետք է բանակցել արժանապատվորեն, իշխանությունը պահանջում էր ցույց տալ արժանապատվորեն բանակցելու տարբերակը։ Ըստ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմությունն ուզում էր ԼՂ-ն մտցնել ՌԴ-ի կամ միութենական պետության կազմ։ Մինչդեռ իրենք ամեն բան անում են խաղաղությանը մոտենալու համար։ Որպես արված երկու կաևոր քայլ՝ Արսեն Թորոսյանը նշեց Տավուշի հատվածում սահմանազատված տարածքն ու սահմանազատման կանոնակարգի ընդունումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից։
Կդառնա՞ն Ջերմուկի 31 գյուղերը Արծվաշեն
ՔՊ-ականները պնդում էին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում իրենց կարմիր գիծը ՀՀ սուվերեն տարածքի ամբողջականությունն է։ Ընդդիմադիրները հիշեցրին Ջերմուկի 31 գյուղերի մասին, որոնք 2022-ից ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են։ «Ադրբեջանցիներին Ջերմուկից դուրս հանելու հստակ ուղեցույց ունե՞ք»․ ընդդիմադիր Աննա Գրիգորյանի հարցին տրված պատասխանից դատելով՝ իշխանությունը չի բացառում, որ այդ գյուղերն արժանանան նույն ճակատագրին, որն ունեցավ Արծվաշենը առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ դարձավ անկլավ Ադրբեջանի տարածքում։ Վահագն Ալեքսանյանն ու Արսեն Թորոսյանն իրար հերթ չտալով բղավում էին՝ Արծվաշենը կորցնելուց հետո Հայաստանը սուվերենությունը կորցրե՞լ է, բա 30 տարի ձեր իշխանությունը ինչո՞ւ չկարողացավ հետ բերել Արծվաշենը։ Այսուհանդերձ, Թորոսյանը վստահեցրեց, որ իշխանությունն ապահովելու է Ջերմուկի վերադարձը, ու դա անելու են սահմանազատումով։ Ե՞րբ՝ կոնկրետ պատասխան չտրվեց՝ խաղաղության ճանապարհը երկար է՝ տասը, քսան, գուցե հարյուր տարի։ Ո՞նց են հասնելու խաղաղության՝ համոզված էր՝ «Ադրբեջանին խաղաղության հանգեցնելով»։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: