Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից մինչև 2028 թվականը Վրաստանի ԵՄ ինտեգրման գործընթացի կասեցման մասին հայտարարությունը մեծ զայրույթ առաջացրեց բնակչության շրջանում։ Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում պաշտոնական թվերով հաղթեց Կոբախիձեի կուսակցությունը, բայց հանրության ստվար զանգված չընդունեց ընտրությունների արդյունքները և կանխելու համար արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունը դուրս եկավ փողոց։ Ըստ այդմ էլ՝ նոյեմբերի 28-ից մինչ օրս երկրում անցկացվում են բազմամարդ հանրահավաքներ։
Վրացական ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում տուժում են տասնյակ լրագրողներ։
Մեր բանախոսներն ասում են, որ ԶԼՄ ներկայացուցիչները թիրախավորված են ուժայինների կողմից, քանի որ նրանք լավ տեսնում են, որ գործ ունեն լրագրողի, օպերատորի հետ, բայց ամեն դեպքում բռնություն են կիրառում նրանց նկատմամբ։
Վերջին նման դեպքը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում։ Սևազգեստ ագրեսիվ անհայտ մի խումբ ընկավ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության աշխատակիցների հետևից․ նախ բռնի ուժով գետնին գցեցին կին լրագրողին, ապա մի քանի հոգով հարձակվեցին օպերատորի վրա՝ նրան ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով։ Լրագրողին և օպերատորին տեղափոխեցին հիվանդանոց։
Դեպքին ականատես է եղել Pirveli-ի մեկ այլ լրագրող, որը ևս տուժել նույն խմբի հարձակումից։ «Քայլում էի դեպի Ռուսթավելի պողոտա, ճիչեր լսեցին ու վազեցի այնտեղ։ Ես տեսա, որ սև հագուստով դիմակավորված տղամարդը պղպեղ է ցողում լրագրող Մակի Չիխլաձեի դեմքին։ Նրանք շատ էին։ Ես անմիջապես միացրեցի հեռախոսիս տեսախցիկը։ Երբ տեսան, որ նկարում եմ, նրանցից մեկը խլեց հեռախոսս ու հարվածեց դեմքիս, կողքիս ոտքով հարվածեց ծնկներիս ու ես ընկա։ Ասացի, որ լրագրող եմ, հարվածեց դեմքիս»,- պատմում է Մակա Ջանաշիան հեռուստաընկերության եթերում։
Media.am-ի հետ զրույցում JAMnews կայքի լրագրող, ուկրաինուհի Յուլիա Կալաբան շեշտեց, որ անկախ լրատվամիջոցների դերը ներկայիս գործընթացներում շատ մեծ է, քանի որ հենց նրանց շնորհիվ բացահայտվում են մի շարք անօրինականություններ, իսկ դրանք խանգարում են լեգիտիմ և արդար իմիջ ձևավորելու իշխող ուժի նպատակներին։ Այդ պատճառով էլ, նրա խոսքով, անկախ մեդիան թիրախավորվում է ուժայինների կողմից։
«Ես ցույցերի առաջին իսկ օրից աշխատում եմ դեպքի վայրից: Երկու անգամ հարձակման եմ ենթարվել հատուկ ջոկատայինների կողմից։ Առաջին անգամ ինձ հրեցին, երբ փորձում էի օգնել գետնին ընկած, գազից շնչահեղձ լինող մի աղջկա։ Անվտանգության աշխատակիցը վազեց դեպի ինձ, երբ տեսավ, որ փորձում եմ օգնել նրան վեր կենալ, հրեց ինձ, ես ընկա գետնին ու նա ոտքով հարվածեց ոտքիս։ Ոտքս մինչև հիմա դեռ ցավում է, և ես դժվարանում եմ քայլել:
Երկրորդ անգամ հատուկ ջոկատայինները նպատակաուղղված ջրի հոսք են ուղղել լրագրողների ուղղությամբ, որը պարունակում էր ինչ-որ թունավոր հավելում։ Վրաստանի բժիշկների միավորումն արդեն հաստատել է, որ ցուցարարների դեմ կիրառվող ջրի հոսքում քիմիական նյութեր են օգտագործվել: Ինձ համար սկզբից էլ պարզ էր, որ դա սովորական ջուր չէ, որովհետև երբ այն լցվեց աչքերիս մեջ, ես բառացիորեն դադարեցի որևէ բան տեսնել։ Դեմքիս ու ականջներիս մաշկը կարծես կեղևացած լիներ: Սա ի՞նչ է՝ եթե ոչ թիրախավորում»,- պատմում է Կալաբան:
JAMnews-ի լրագրողն ասում է, որ ինքը հասկանում է ցույցերի լուսաբանման բոլոր հնարավոր հետևանքները, բայց չի վախենում դրանցից։ Ասում է, որ միակ դժվարությունը այդ ծանր դիմակների ու հագուստի մեջ տեղաշարժվելն է, հատկապես, երբ փախչելու կարիք կա։
Դաժանաբար ծեծի ենթարկված ընդդիմադիր Formula հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավը խորհրդարանի դիմաց ուղիղ եթերում աշխատում էր, երբ հատուկ ջոկատայինները հարձակվեցին նրա վրա։
«Երբ սկսեցի ուղիղ եթերում հաղորդել, թե ինչպես են ոստիկանները ընտրողաբար հարձակվում ցույցի մասնակիցների վրա, նրանց ծեծում ու բերման ենթարկում, նկատեցի, որ հատուկ նշանակության ջոկատի ուշադրության կենտրոնում եմ նաև ես։ Հետո ես հայտնվեցի գետնին․․․»,- պատմում է լրագրողը։
Վրացական Ազատություն ռադիոկայանի խմբագրության լրագրողների կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները թիկունքից հարվածում լրագրողին՝ բռունցքով հարվածելով նրա գլխին։ Ինչից հետո լրագրողն ընկել է եզրաքարին և կորցրել գիտակցությունը։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Վրաստանն այժմ 180 երկրների մեջ զբաղեցնում է 103-րդ տեղը: Մեդիա ներկայացուցիչներն ասում են, որ տեղի ունեցածից հետո երկրում լրագրությամբ զբաղվելը դառնում է ոչ միայն վտանգավոր ու դժվար, այլև հարված է հասցվում խոսքի ազատությանը։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեծ հարված է մամուլի ազատությանը, խոսքի ազատությանը, ժողովրդավար արժեքներին», – մեզ հետ զրույցում ասում է Արևելյան Եվրոպայի ազատ մամուլի (FPEE) ղեկավար Դիանա Պետրիաշվիլին։
Վերջինս նշում է, որ տեղի ունեցածը մտածված շղթայի մի մաս է․ գործող իշխանությունները ամիսներ առաջ ընդունեցին այդպես կոչված «ռուսական օրենքը», որը մեծ հարցականի տակ դրեց անկախ մամուլի գոյությունը՝ ունենալով հիմք ցանկացած այլակարծություն ներկայացնելու որպես «օտարերկրյա գործակալների» կողմից ստեղված արտադրանք։
Այն լրատվամիջոցները, որոնց արտաքին ֆինանսավորումը կազմում է իրենց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին, օրենքի համաձայն, համարվում են «օտարերկրյա գործակալ»։ Նման լրատվամիջոցները պարտավոր են ընդունել գործակալ լինելու հանգամանքը, լրացնել տարեկան ֆինանսական հայտարարագիր։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն խուսափել որպես «օտարերկրյա գործակալ» գրանցումից կամ հայտարարագիր չներկայացնելուց, ստիպված կլինեն վճարել տուգանք՝ 25 հազար լարիի չափով (շուրջ 94 հազար դոլար):
Դեկտեմբերի 8-ին անձամբ լրագրողներն բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ուշադրություն դարձնելու, իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ Նրանք նշում էին, որ եթե իշխանություններին հաջողվի անկախ լրատվամիջոցներին լռեցնել, հանրությունը կհայտնվի տեղեկատվական վակումում։
Դիանա Պետրիաշվիլին այս առնչությամբ ասաց, որ հարկավոր է ամեն ինչ անել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար՝ անգամ եթե դա կարճաժամկետ ապագայում կարող է թվալ անարդյունավետ։
«Լրատվամիջոցներն աշխատում են էթիկակական նորմերին, օրենքին համահունչ, պահպանում են խաղի բոլոր կանոնները։ Բայց մյուս կողմը անօրինական է վարվում։ Խաղի կանոնները տարբեր են և դժվար է զբաղվել լրագրությամբ, երբ քեզ ծեծում են մութ թունելներում, գլխիդ վերևում մահակ են կախում։ Ամեն ինչ արվում է, որպեսզի լրագրողները զբաղված լինեն իրենց ֆիզիկական գոյությունը պահելու, իրենց կյանքը փրկելու մտքով ու չաշխատեն, չհասցնեն մարդկանց իրազեկել բոլոր անօրինականությունների մասին։ Ուստի հույսը՝ միջազգային կազմակերպություններն են, որոնք հետևում են իրավիճակին, ֆիքսում են այս ամենը»,- նշում է Դիանա Պետրիաշվիլին։
Նա շեշտում է, որ անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք հիմնականում օնլայն դաշտում են գործունեություն ծավալում, շատ կարևոր է, քանի որ հեռուստատեսությունը պատշաճ կերպով չի լուսաբանում կատարվածը, հեռարձակում է ապատեղեկատվություն։
ԶԼՄ ներկայացուցիչները հույս ունեն ազդել կառավարության վրա՝ հետաքննելու իրենց վրա կատարված բռնության դեպքերը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: