Կա ընդունված կարծիք, որ թվերը ճշգրիտ պատմություններ պատմելու ամենահաստատուն ու վստահելի ցուցիչներն են։ Սակայն, թվերը երբեմն կարող են դառնալ նաև իրականությունը խեղաթյուրող ու իրական պատկերը թաքցնող առաջին ու ամենաարդյունավետ գործիքները։ Կախված թե ինչ համատեքստում և ինչպես է ներկայացվում նույն թիվը, պատկերը կարող է 180 աստիճանով փոխվել։
Տնտեսական ցուցանիշները հաճախ են դառնում մանիպուլյացիաների պատճառ։ Օրինակ՝ հաճախ թե՛ պաշտոնյաները, թե՛ փորձագետներն իրենց ելույթներում նշում են բյուջեի հավաքագրման գործընթացում աննախադեպ արդյունքներ ունենալու, երկնիշ տնտեսական աճ գրանցելու մասին, սակայն շարքային քաղաքացին այդպես էլ այդ դրական փոփոխություններն իր առօրյայում ու կենսակերպում ոչ մի կերպ չի նկատում։
Խնդիրն այն է, որ այս արտահայտությունների կամ համեմատությունների հիմքում միշտ չէ, որ դրված են լինում իրական, ամբողջական փաստեր ու տվյալներ, երբեմն թվային պատկերը հատվածական ներկայացնելու հնարքը օգնում է տեսնել ու ցույց տալ այն, ինչն այնքան էլ այդպես չէ։
Հետքի տնտեսական լրագրող Սեդա Հերգնյանը նման դեպքերի հանդիպում է գրեթե ամեն օր։ Նա պատմում է , որ տնտեսական թվերով ու ցուցանիշներով մանիպուլյացիաներ անելն ամենահեշտ գործերից մեկն է։ Եվ կան թեմաներ, որոնք մշտապես մանիպուլացվում են՝ կախված նպատակահարմարությունից՝ ներկայացվելով այս կամ այն կերպ։
«Պետական պարտքի թեման այն թեմաներից է, որը միշտ տնտեսական մանիպուլյացիաների կենտրոնում է լինում։ Մեզ կարող են ասել, որ Հայաստանի արտաքին պարտքը նվազում է։ Եթե առանձին վերցնենք այդ ինֆորմացիան, ապա այո, ճիշտ է, նվազում է, բայց սա կլինի մանիպուլյատիվ ինֆորմացիա, որովհետև մենք կիսատ տեղեկատվություն ենք ներկայացնում, եթե միևնույն ժամանակ չենք ասում, որ ներքին պարտքն էլ 10,5 %-ով ավելացել է։ Այսինքն այս հարցում մոտեցման, որոշման փոփոխություն է եղել և հիմա պատկան մարմինները գտնում են, որ ավելի լավ է և արդյունավետ է կառավարման այս մոդելը։ Ցանկացած դեպքում, երբ որևէ ցուցանիշ կիսատ ենք ներկայացնում, ընթերցողին չենք բացատրում, թե այն ինչպե՞ս է գոյացել, ի՞նչ ցուցանիշ է նախորդում և հաջորդում դրան, ապա մենք մանիպուլացնում ենք»,- ասում է Սեդան։
Տնտեսական մանիպուլյացիաներից խուսափելու համար շատ կարևոր է բոլոր տվյալների, ցուցանիշների ճիշտ համադրումն ու պատճառահետևանքային կապերի ստուգումն ու ճշտգրտումը։ Հենց այստեղ է, որ հասարակությանը օգնության են գալիս տնտեսական լրագրողներն ու փաստեր ստուգողները։
Սեդան բերում է 2023 թվականին ոսկերչության ոլորտում գրանցված աննախադեպ բումի օրինակը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել էին 13.7 անգամ և կազմել՝ 82.4 միլիարդ դրամ։ Լրագրողն ասում է, որ ներկայացված պատկերն ու թվերը բավականին անհասկանալի էին ու կասկածելի, քանի որ Հայաստանում մեկ ամսում այդ ծավալի ոսկերչական իրեր արտադրելու ոչ միայն տեխնիկական ռեսուրսներ չկային՝ սարքավորումներ, այլև մարդկային աշխատուժ։
«Այնպիսի թվեր էին ներկայացված, որոնք 1-2 ամսում չէին կարող Հայաստանին վերագրվել։ Սկսեցինք խորանալ՝ հասկանալու համար, թե այդ աճը ինչի հետևանքով է։ Արդյունքում պարզվեց, որ իրականում խոսքը մեկ ընկերության մասին է, որը ՌԴ-ից բերել է ոսկերչական արտադրանքը, և այն պարզապես վերաարտահանել է հայկական արտադրանքի անվան տակ։ Հասկանալի է, որ ոսկերչական իրերի այս մեծ արտադրությունը «նպաստում է» արդյունաբերության բարձր աճին, դա էլ իր հերթին՝ տնտեսական աճին։ Այսինքն այդ ցուցանիշները հայտնվում են մեր վիճակագրության մեջ ու խեղաթյուրում են ամբողջ տնտեսական պատկերը։ Ստացվում է վիճակագրական «խաբկանք» է տեղի ունենում, որի հետևանքով նաև տնտեսական աճի կեղծ ցուցանիշներ են արձանագրվում»,- ասում է Սեդան։
Տնտեսական մանիպուլյացիաների հիմքում հաճախ քաղաքական շահերն են, որոնք դրդում են այս կամ այն լուսի ներքո ներկայացնել թվային պատկերը։
Փաստեր ստուգող լրագրող Սևադա Ղազարյանի կարծիքով տնտեսական ցուցանիշներն իրենց օգտին ներկայացնելու, թվերի միջոցով իրականությունն ավելի լավը դարձնելու փորձեր ամենից հաճախ իրականացնում են իշխանության ներկայացուցիչներն ու իշխանական թևին հարող հանրային կարծիք ձևավորողները։ Նույն գործընթացը, պարզապես հակառակ կողմից իրականացվում է ընդդիմադիր թևի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քաղաքական շահերից բխող մանիպուլյացիաների տարածմանը ավելի է նպաստում թե՛ հասարակության, թե լրատվական դաշտի ներկայիս բևեռացվածությունը։
«Մի թևը վերցնում է և բացառապես միայն աճն է ներկայացնում, մյուս թևը վերցնում է և բացառապես անկումն է ներկայացնում։ Եվ քանի որ հասարակությունը ևս բաժանված է 2 մասի՝ կեսը ընդդիմադիր հայացքներ ունի, կեսը՝ իշխանական։ Յուրաքանչյուրը հետևում է այն մեդիային, այն գործչի ելույթներին, որոնք համապատասխանում են իր հայացքներին։ Ստացվում է այս թևը հետևում է իր մամուլին, մյուս թևն էլ հետևում է իր մամուլին։ Ու կախված այն հանգամանքից, թե քաղաքացին և իր ընտրած մամուլը, որ դաշտում է դիրքավորված, ստեղծվում է համոզմունք, որ մի դեպքում ամեն ինչ շատ, երբեմն անգամ չափից շատ լավ է, իսկ մյուս դեպքում, որ ամեն ինչ չափից շատ վատ է։ Մինչդեռ երկու կողմն էլ մանիպուլյացիայի զոհ են, քանի որ իրականությունը այդ երկուսի մեջտեղում է»,- ասում է փաստեր ստուգող լրագրողը։
Տնտեսական մանիպուլյացիաների պատճառ կարող են հանդիսանալ նաև համատեքստից կտրված, միմյանցից տարբեր չափման միավորներով իրականացվող համեմատությունները, որոնք կախված նպատակահարմարությունից կարող են ցույց տալ կամ աճ կամ նվազում։
Փաստերի ստուգման հարթակի լրագրողը պատմում է, որ նմանօրինակ դեպքեր հաճախ լինում են, երբ ժամանակի ընթացքում որևէ ցուցանիշի փոփոխությունը ներկայացնելու համար մի դեպքում ցուցանիշը ներկայացնում են դոլարով, մյուս դեպքում՝ դրամով։ Սևադան պատմում է, որ իր հոդվածներից մեկում անդրադարձել էր նման մի օրինակի։ Ներկայիս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դեռևս պատգամավորության տարիներին արված երկու հայտարարությունների մասին էր գրել, որտեղ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ պատգամավորը մի դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը ներկայացնում է դոլորային արտահայտությամբ, մյուս դեպքում՝ դրամային։
«Ես շատ լավ հիշում եմ Գևորգ Պապոյանի ԱԺ հայտարարություններից մեկը, որտեղ նա ուզում էր ցույց տալ, թե ինչքան բան է փոխվել իրենց իշխանության օրոք։ Այդ պատկերը ստանալու համար նա ՀՆԱ-ի ցուցանիշը ներկայացնում է դրամային արտահայտությամբ և պնդում, որ 2007-ի համեմատ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Դրանից երկու տարի անց նա նորից անդրադառնում է ՀՆԱ-ի ցուցանիշին, այս անգամ ասելով, որ 2008-2017 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը տարբեր միավորներով արտահայտված ցուցանիշներ իրար հետ համեմատում, բացի այդ նա նաև մոռանում է նշել, որ 2008-ին համաշխարհային ճգնաժամ էր և դոլարի կուրսը շատ վատ վիճակում էր գտնվում,- ասում է Սևադա Ղազարյանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: