Պաշտոնական տվյալներով Հայաստանում վթարային տարբեր աստիճանների 614 բազմաբնակարան շենք կա, որոնցից 524-ը՝ 3-րդ, իսկ 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն:
2023 թվականին Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը Սիվիլնեթի հետ զրույցում նշել էր, որ պետությունը նախկինում փորձել է վթարային շենքերի խնդիրներին իրավիճակային լուծումներ տալ, սակայն որոշել է փոխել մոտեցումը։ Ըստ Ազրումանյանի, 2024 թվականից պետք է մեկնարկեին համակարգային ծրագրեր, և պետությունը առկա ռեսուրսների սահմաններում փորձելու էր առաջնահերթ լուծել վթարային շենքերի հետ կապված ամենախնդրահարույց հարցերը:
2024 թվականի սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հարց էր ուղղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կապված Գյումրու վթարային շենքերի խնդրի հետ, նշելով Տիգրան Մեծի 5, Ղուկասյան 29, Անտառավանի 26 և Իսահակյան 9 շենքերը, ինչպես նաև իր խոսքում ընդգծել 10 ընտանիքի մասին, որոնք անօթևան են վթարային իրավիճակի պատճառով։
Նախարարը պատասխանել էր, որ Հայաստանում մոտ 90 նմանատիպ շենք կա, և այժմ մշակվում է դրանց լուծման ռազմավարությունը՝ ըստ վտանգավորության աստիճանի և առաջնահերթության։ Նա ընդգծել էր, որ Քաղաքաշինության կոմիտեն է պատասխանատու մարմինը, որը մշակում և իրականացնում է քաղաքականությունը, նշելով նաև, որ պետական բյուջեյով նախատեսվում են գումարներ այս խնդրի լուծման համար։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է վթարային շենքերի խնդիրները՝ հասկանալու, թե Քաղաքաշինության կոմիտեն ինչ ծրագրեր է իրականացրել կամ իրականացնում դրանց լուծման համար։
Վթարային շենքերի վիճակագրություն՝ ըստ Քաղաքաշինության կոմիտեի
2023-ի նոյեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հավաքագրման և վարման իրավասությունը վերապահվել է Քաղաքաշինության կոմիտեին։
Դեռևս 2019-ին, Կոմիտեն Հետք-ին ասել էր, որ Հայաստանում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 614 բազմաբնակարան շենք կա, որոնցից 524-ը՝ 3-րդ, իսկ 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն (4-րդ աստիճանի վնասվածությամբ շենքերը ենթակա են քանդման, 3-րդ աստիճանինը՝ բնակիչների ժամանակավոր տարհանման ու շենքի վերականգնման):
Այդ շենքերի մեծ մասը գտնվում է Լոռու մարզում՝ 149 շենք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 123 շենքով, իսկ երրորդ տեղում՝ Երևանը՝ 120 շենքով։ Ընդհանուր առմամբ, այս շենքերը կազմում են Հայաստանի շուրջ 19,339 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը։
Ընդ որում այս 614 շենքերի վերաբերյալ վիճակագրությունը վերջին հինգ տարներին չի թարմացվել։ Մեր հարցման պատասխանում Կոմիտեն 2024թ․-ի համար նշել էր նույն թվերը, որոնք կային 2019-ին ու ավելացրել, որ շենքերի տեխնիկական վիճակի հետազոտությունները հիմնականում կատարվել են 2014-2017 թվականներին՝ Երևանում, 2004 թվականին՝ Վանաձորում, և 2006 թվականին՝ Գյումրիում։ Ավելի թարմ տվյալներ հասանելի չեն։
2019թ․-ի Կոմիտեի պատասխանում նաև ասվում էր, որ աշխատանքներ են ընթանում շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի մշակման ուղղությամբ։ Շենքերի անձնագրավորումը թույլ կտա հավաքագրել ամբողջական տվյալներ նրանց վիճակի մասին։
Մեր հարցին, թե մինչ օրս Հայաստանում քանի վթարային շենք է անձնագրավորվել, Կոմիտեն պատասխանել է, որ գործընթացը դեռ չի սկսվել, քանի որ օրենսդրական փոփոխությունները գտնվում են քննարկման փուլում։
Ընդհանուր պատկերը հասանելի է քարտեզում։
Ինչ է իրականացրել Կոմիտեն
2021-2026 թվականների Կառավարության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2024-ից տալ, 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի առնվազն 70%-ի խնդրի լուծման մեկնարկը։ Այս ծրագրի շրջանակում Կոմիտեն մի քանի քաղաքներում, նախաձեռնել և իրականացրել է վթարային շենքերի բնակիչների անվտանգության ապահովման որոշակի աշխատանքներ։
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում Բաղրամյան 43 և Գ. Նժդեհ 7 հասցեներում գտնվող երկու վթարային շենքերի փոխարեն նոր բազմաբնակարան շենք է կառուցվել նոր տարածքում և շահագործման հանձնվել 2022 թվականին։ Շենքի բնակարանները նախկին վթարային շենքերի բնակիչներին բաշխվել են 2023-ի դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 680 մլն դրամ։
Սպիտակում կառուցվում է նոր բազմաբնակարան շենք՝ փոխարինելով Խնկոյան փողոցի երկու վթարային հանրակացարանային շենքերը, որի արժեքը կազմում է մոտ 650 մլն դրամ։
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում 24 վթարային շենքերի փոխարեն նախագծվել է նոր թաղամաս, որտեղ արդեն սկսվել է 15 նոր բազմաբնակարան շենքերի կառուցումը, որին նախատեսված է հատկացնել շուրջ 9.7 մլրդ դրամ։
Նմանատիպ նախագիծ է իրականացվել Աշոցքի Կոճոռ թաղամասում, որտեղ նախատեսվում է կառուցել 20 վթարային փայտյա շենքերի փոխարեն 10 նոր շենք։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 9.7 մլրդ դրամ, և շինարարությունը կմեկնարկի ֆինանսական միջոցների ապահովումից հետո։
Այսպիսով, Կառավարությունն ունի ծրագիր վթարային շենքերի հետ կապված, սակայն Հայաստանում վթարային շենքերի խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Այդ ծրագրի կարևոր կետերից է շենքերի անձնագրավորումը, որը ուշանում է օրենսդրական փաթեթի քննարկման պատճառով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: