2024.11.07,

Նյուսրում

Աժ հավատարմագրից զրկումը՝ լրագրողին սաստելու միջոց

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ազգային ժողովը դադարեցրել է «Mediahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։ Լրագրողի մուտքը խորհրդարան արգելվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած ընդհարումից հետո։  

Դեպքի մանրամասները 

Հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում նրանք վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել միմյանց հասցեին։  

Նոյեմբերի 4-ին Վահե Մակարյանը տեղեկացել է, որ այլևս չի կարող մուտք գործել խորհրդարան, քանի որ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպից հետո իրեն զրկել են լրագրողի հավատարմագրից։ 

Վահե Մակարյանը «Mediahub.am»-ում առանձին հրապարակմամբ ներկայացրել է դեպքի մանրամասները։ 

Լրագրողը գրում է, որ Աժ միջանցքում հանդիպել է Ալեն Սիմոնյանին ու հարցազրույց խնդրել։ Զրույցի ընթացքում Աժ նախագահը կիսահեգնական արտահայտություններ է հնչեցրել «Mediahub-ի ու դրա տեխնիկական հագեցվածության վերաբերյալ, ինչին լրագրողը հակադարձել է։ Հետո զրույցը լարվել է և վերածվել՝ վիճաբանության։ 

«Սիմոնյանն ինձ մտերմաբար կամ գուցե հեգնանքով ասաց, թե՝ «լուրջ լրագրող ես, ինչո՞ւ քո սեփական լրատվամիջոցը չես բացում, ինչու ես այդտեղ աշխատում» և այլն։ Ես էլ կատակով ասացի, թե՝ «ես այդ տաղանդը չունեմ, որ, օրինակ՝ ՀԺ-ի խմբագրի նման կարողանամ տարբեր տեղերից փող ճարել, որ լրատվամիջոց պահեմ։ Ալեն Սիմոնյանը բավականին ագրեսիվ տոնով ինձ վրա տվեց, թե՝ «մեռաք սաղ օրը սրա-նրա վրա գրելով փող աշխատել»։ Ու քանի որ նա արդեն անցավ իմ և լրագրողական համայնքի հասցեին վիրավորական, հեգնական արտահայտություններ անելուն ու մեզ մեղադրելուն, թե իբր «պատվերով նյութեր ենք գրում», ես էլ նրան հակադարձեցի, թե՝ «ՀԺ-ի խմբագրից ենք դա սովորել»»,- գրել է Վահե Մակարյանը։  

Վահեն պատմում է, որ իր պատասխանից հետո ԱԺ նախագահը սկսել է բղավել ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել։ Լրագրողն էլ նույնությամբ պատասխանել է ԱԺ նախագահին։ 

«Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված վիրավորանքներին ու փողոցային բառապաշարով արտահայտություններին ես հակադարձել եմ նույնությամբ՝ համարելով, որ եթե ԱԺ նախագահն իր դիրքն ու կարգավիճակը կարող է իջեցնել այնքան, որ լրագրողի հետ փողոցային մակարդակի խոսակցության մեջ մտնի ու իրեն այդպիսի արտահայտություններ թույլ տա, ապա ուրեմն ինքն այդ լեզուն է հասկանում և այդ լեզվին է տիրապետում, դրա համար պետք է իրեն իր լեզվով պատասխանել»,- գրել է Վահեն։ 

Ըստ լրագրողի, միջադեպի ժամանակ ԱԺ նախագահի թիկնապահները բռնել են իր ձեռքերը, հետո կարճ ժամանակ անց բաց թողել։ 

ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև այս դեպքին և ասել, որ «լկտի, անդաստիարակ պահվածքը ԱԺ շենքում չի հանդուրժվել և չի հանդուրժվելու նաև ապագայում»։ 

«Վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել վարչապետի հասցեին, հետագայում իրեն սաստելուց հետո նմանատիպ հայտարարություն եղավ նաև իմ հասցեին, դրանից հետո իր ձեռքերը բռնել են, ես մոտեցել եմ, ասել եմ, որ ձեռքերը բաց թողնեն, իմ ասելիքն ասել եմ, ինքն էլ իր կարծիքն է ասել, հետո ես նրան խնդրել եմ հեռանալ, գուցե մի փոքր վրդովված եմ խնդրել»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Լրագրողական հասարակական կազմակերպությունները՝ անդրադառնալով դեպքին նշել են, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ հավատարմագրումից, իսկ պաշտոնյաները մնում են անպատիժ։ Հայատարարությունը խնդրահարույց է համարում լրագրողին հավատարմագրից զրկելու համար ԱԺ աշխատակազմի ներկայացրած իրավական հիմքերը։  

««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «․․․լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»։ Վահե Մակարյանը նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ գրավոր նախազգուշացում չի ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմը մեկ միջադեպում արհեստականորեն երկու խախտում արձանագրելով՝ թույլ է տվել ինքնիրավչություն և խախտել է օրենքը»,- նշված է լրագրողական կազմակերպությունների հայտարարությունում։ 

Լրագրողական կազմակերպությունները պահանջել են անհապաղ վերականգնել լրագրողի հավատարմագրումը, նախաձեռնել պատգամավորական Էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկել միջադեպը և հրապարակային գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին։ 

Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է հրապարակել միջադեպի տեսագրությունը։  

«ԱԺ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի կլինի: Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի չմոնտաժված տեսանյութը: «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում ենք քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս»,- նշված է ժուռնալիստների միության հայտարարությունում: 

Փորձագիտական կարծիք 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով միջադեպին, ասում է, որ թե՛ Աժ նախագահը, թե՛ լրագրողը խախտել են էթիկական բոլոր նորմերը։  

«Տեղի ունեցածը փողոցային վարվելակերպ է, այստեղ պահպանված չեն անգամ քաղաքակիրթ շփման տարրական կանոնները։ Ցավոք, նմանատիպ միջադեպերը բավականին հաճախ են տեղի ունենում ԱԺ-ում։ Լրագրողների ու պատգամավորների միջև եղած լարվածությունը արտացոլում է մեր հասարակությունում առկա բևեռացվածությունը։ 

Սա անթույլատրելի մթնոլորտ է, Ազգային ժողովը պետք է մտահոգված լինի այս իրավիճակով և քայլեր ձեռնարկի այս լարվածությունը թոթափելու ուղղությամբ։  

Մինչդեռ, երբ ԱԺ նախագահն է նմանատիպ պահվածք դրսևորում, ինքն է հայհոյախառն արտահայտություններ կիրառում, շատ քիչ է հավանական, որ իրավիճակը մոտ ապագայում կշտկվի։ Ինչ վերաբերում է լրագրողի այն պնդմանը, որ պատգամավորի կամ ԱԺ նախագահի հայհոյախառն խոսույթը թույլ է տալիս նույնությամբ հակադարձել, չի դիմանում ոչ մի քննադատության։  

Ես կարծում եմ, որ լրագրողն այնուամենայնիվ պետք է ավելի արժանապատիվ կեցվածք ունենա և կարողանա դիմակայել նման կոնֆլիկտային իրավիճակում։  

Պետք է նշել նաև, որ իրականում կոնֆլիկտի թեժացման պատճառ է հանդիսացել նաև լրագրողի բավականին հանդուգն պահվածքը։ Ասել, որ «ես «Հայկական ժամանակ»-ի նախկին խմբագրի նման չեմ կարող տարբեր տեղերից միջոցներ հայթայթել», առնվազն անհասկանալի է։ Հարց է ծագում՝ տվյալ իրավիճակում ինչ կապ ունի ՀԺ-ի նախկին խմբագիրը։ Նույնությամբ անհասկանալի և դժվար ապացուցելի է Ալեն Սիմոնյանի պնդումը, որ տվյալ լրատվամիջոցը, որտեղ աշխատում է լրագրողը տարբեր մարդկանցից գումարներ է ստանում հրապարակումներ իրականացնելու համար։ Երկուստեք անհասկանալի պնդումներ են ներկայացված։  

Մեր վերջին հայտարարություններում մենք անդրադարձել ենք պատգամավորական Էթիկայի հանձնաժողովի ստեղծման կարևորությանը։ Եթե նախկինում նման հանձնաժողով գործել է, ապա հիմա օրենսդրորեն բարդացվել է հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Ես կարծում եմ, որ սա լավագույն մոտեցումը չէ և եթե օրենքը խանգարում է հանձնաժողովի ստեղծմանը, ապա օրենքը պետք է վերանայել։ Այն մթնոլորտը, որը տիրում է Ազգային ժողովում շատ հրատապ է դարձնում այս հանձնաժողովի ձևավորման հարցը»,- ասում է Աշոտ Մելիքյանը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *