2024.11.05,

Նյուսրում

«Պետք չէ ուսուցիչներին ու աշակերտներին ԱԲ-ով վախեցնել»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Կրթության ոլորտի մասնագետները կարծում են, որ աշակերտներին պետք է սովորեցնել Արհեստական բանականությունից (ԱԲ) օգտվելու բոլոր հնարավորությունները։ Ըստ նրանց՝ դպրոցահասակ երեխաներին ԱԲ-ով վախեցնել պետք չէ։  

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում «ԱԲ-ի պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասաց, որ ԱԲ-ը բոլորիս կյանքում է և այն մերժելը իմաստ չունի, ուստի իրենք արդեն իսկ հանրակրթական 15 դպրոցներում ԱԲ-ն ուսումնասիրելու հնարավորություն են ստեղծել։  

Նա շեշտեց, որ մեծանում է ոչ միայն երիտասարդների թիվը, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ է ԱԲ-ը ու կիրառել այն, այլև ուսուցիչների թիվը, որոնք չեն վախենում այս տեխնոլոգիական նորամուծությունից։  

«Որքան էլ տարօրինակ հնչի, ՔՈՎԻԴ համաճարակը դարձավ նոր հմտություններ ձեռք բերելու շրջան։ Շատ ուսուցիչներ այդ ժամանակ սկսեցին օգտագործել թվային տեխնոլոգիաները։ Նրանց թիվը գնալով աճում է»,- ասաց փոխնախարարը։ 

Միջազգային փորձագետ Արմինաս Վարանաուսկասը համաձայնեց, որ ուսուցիչները շատ հաճախ վախենում են ԱԲ-ը կիրառելուց, բայց շեշտեց, որ դա չիմացության պատճառ է։  

«Երբ խոսում ես ուսուցիչների հետ, բացատրում ես նրանց, թե ինչպես ու որ դեպքերում կարող են դա օգտագործել, նրանք դադարում են վախենալուց։ Ջանքեր է պետք ներդնել ու նաև գումար, որպեսզի ուսուցիչներին ծանոթացնենք ԱԲ ողջ կարողություններին ու սովորեցնենք նրանց օգտվել դրանից։ Ես համաձայն չեմ տեխնոպաշտների տեսակետի հետ, թե ԱԲ-ը լուծելու է մեր բոլոր խնդիրները կամ որ բոլոր մասնագիտությունները վաղ թե ուշ ավտոմատացվելու են։ Դա այդպես չէ։ Բայց ԱԲ-ն արդեն իրողություն է, անխուսափելի իրողություն, որի օգնությունից հրաժարվելը խելամիտ չի լինի»,- ասաց Արմինաս Վարանաուսկասը։  

Քննարկմանը հարց բարձրացվեց այն մասին, թե արդյոք ԱԲ առկայությունը չի՞ ծուլացնում աշակերտներին, արդյո՞ք ԱԲ օգնությամբ պատասխաններ փնտրելով կամ շարադրություններ գրելով աշակերտները չե՞ն դառնում ծույլ։  

Այս առնչությամբ մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Իշխանյանն ասաց, որ հետաքրքրված աշակերտները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սովորում են։ 

«Աշակերտը, որը չի ուզում սովորել, ժամանակին արտագրում էր իր հարևան աշակերտից, հիմա արտագրում է Արհեստական բանականությունից։ Պատերազմել չարժե։ Բոլորը ունեն հեռախոս, ինտերնետ, ChatGPT: Պարզապես պետք է նրանց սովորեցնել օգտագործել այդ գործիքը։ Չարգելել լուծել խնդիրը ԱԲ-ով, ստուգել խնդիրը ԱԲ-ով։ Դրա փոխարեն խրախուսել երկխոսել ԱԲ հետ։ Խնդրել, որ ԱԲ-ը բացատրի, թե ինչպես է լուծել, ինչ եղանակով, քննարկել լուծման քո տարբերակը նրա առաջարկած տարբերակի հետ․․․ Սա է իմ կարծիքով ամենաարդյունավետ ճանապարհը»,- ասաց Իշխանյանը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *