Լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և սպառնալու պրակտիկան Հայաստանում շարունակվում է։ Վերջին դեպքը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի մասնակցությամբ էր։
Լրագրողը պատմում է, որ հոկտեմբերի 14-ին Armlur.am-ի տաղավարում հարցազրույց է վարել Հովիկ Աղազարյանի հետ ու խնդրել է, որ պատգամավորը պատասխանի իր անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալին վերաբերող մի քանի հարցերի։
«Հարցազրույցի ավարտից հետո, երբ ես արդեն եթերում շնորհակալություն էի հայտնել պարոն Աղազարյանին՝ հրավերը չմերժելու և իմ հարցերին պատասխանելու համար, երբ օպերատորն արդեն ավարտել էր նկարահանումը, պրն Աղազարյանն ասաց, որ ուզում է մի փոքր ավելացում անել։ Ասաց, որ հասկանում է իմ հղած հարցերի պատճառն ու միտումը։ Նրա մեկնաբանմամբ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, իսկ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհուն հեռացնելուց հետո ինքն է ստանձնել այդ պաշտոնը և դեմ է քվեարկել Թագուհու թեկնածությանը, այդ պատճառով եմ ես իրեն տալիս սուր ու կեղտոտ հարցեր»,- ասում է Քնար Մանուկյանը։
Հաշվի առնելով, որ պատգամավորի դիտարկումը չի առնչվել հարցազրույցի թեմային և ամբողջությամբ նկարահանված չի եղել, խմբագրությունում որոշել են հարցազրույցը հրապարակել առանց այդ հատվածի։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովում, Քնար Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին հարցրել է, թե նախաքննական մարմինը կաշկանդվածվա՞ծ է ՔՊ- ականներին պատասխանատվության կանչելու առում։ Քանի որ Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը, որին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար, պնդում է, որ պատգամավորն իրենից կաշառք է պահանջել։ Լրագրողն ասում է, որ իր հարցերին պատասխանելուց հետո, Սասուն Խաչատրյանը մտել է նիստերի դահլիճ, իսկ Աժ միջանցքում գտնվող Հովիկ Աղազարյանը սկսել է վիրավորել իրեն։
«Ինքը լսել էր, որ ես իր հարցն եմ բարձրացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մոտ և անմիջապես սկսեց ինձ ասել «դու զզվելի ես», «դու սրիկա ես», «դու պարսիկից էլ վատն ես»։ Սպառնում էր ինձ, ասում էր «դու դեռ կտեսնես քո հալը, պատասխան ես տալու»։ Ասում էր, որ դիտավորյալ հարցազրույցի վերջին հատվածը չեմ հրապարակել։ Բայց դա որևէ առնչություն չուներ հարցազրույցի թեմայի հետ»,- ասում է Քնար Մանուկյանը։
Նույն օրը Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր, որ միջադեպի ժամանակ գործածել է «պարսիկ» բառը։ Պատգամավորը ՖԲ գրառման մեջ նշել էր․
«Ես անչափ կարևորում եմ լրագրողի աշխատանքը, բայց ավելի քստմնելի, զզվելի, սրիկայական պահվածք, քան Քնար Մանուկյանինն էր «Ժողովուրդ» թերթի տաղավարում, չեմ հանդիպել։
Մի կողմ թողնելով սեփական օջախում հյուրընկալության էլեմենտար կանոնների պահպանումը (գիտակցաբար աղավաղված, կեղծված փաստերով հարցադրումներ) պետք է նշեմ, որ նենգաբար, ստորաբար, լրագրողական էթիկայի խախտումով չի հրապարակում հարցազրույցի վերջնամասը՝ հատուկ խոստանալով, որ ամբողջականությունը չի խախտի։
Քնար Մանուկյանի հետ միջադեպի ժամանակ ասում եմ հետևյալը. «Էդ պարսկուհու գեղեցկությունդ չլիներ, շատ ավելի խիստ կարտահայտվեի»։ Սա էլ է աղավաղում»,- նշված էր գրառման մեջ։
Սակայն լրագրողը պնդում է, որ դեպքին ներկա են եղել News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանն ու ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Վահագն Ալեքսանյանը փորձում էր հանդարտացնել, հանգստացնել իր գործընկերոջը։ Հետո իմ լրագրող գործընկերներին էլ էր ասել, որ դեպքին ներկա է եղել, բայց չի կարող կրկնել այդ բառերը»,- ասում է լրագրողը։
Դեպքի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ նշելով, որ պատգամավորի պահվածքը պետք է քննվի խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովում, որի ստեղծումն ու գործունեությունն անհասկանալի պատճառներով չի իրականանում։
Լրագրողական կազմակերպությունները պատգամավորից պահանջել էին հրապարակավ ներողություն խնդրել լրագրողից, իսկ խմբակցությունից՝ գնահատական տալ իրենց թիմակցի պահվածքին։
Փորձագիտական կարծիք
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հնչեցրած վիրավորական ու խտրական արտահայտություններին, նշում է, որ խտրականությունը մեր խոսույթում շատ տարածված է և թիրախում առավել հաճախ կանայք են՝ մասնավորապես կին լրագրողները։ Նրանք առաջին հերթին ենթարկվում են հոգեբանական բռնության։
«Ազգային հիմքով խտրականությունը ևս շատ տարածված է, տարբեր ազգերի անուններ տալով, փորձ է արվում անվանարկել մարդուն։ Ավելի հաճախ հիշատակվում են արևելյան ազգերը, սակայն ակնհայտ է, որ անվանարկման համար երբեք չեն կիրառվում եվրոպական ազգերի անունները։ Այս կերպ խտրականություն է դրվում նաև ազգերի միջև։
Հովիկ Աղազարյանը ևս փորձել է լռեցնել կամ սպառնալ լրագրողին՝ օգտագործելով արևելյան ժողովուրդներից մեկի անվանումը, որն ըստ հայաստանյան պատկերացումների ազգերի հիերարխիայում ավելի ստորադաս դիրք է զբաղեցնում։
Պետք է հստակ տարանջատել, որ պաշտոնատար անձինք չեն կարող հանրային երկխոսության մեջ, հանրային տարածքներում օգտագործել խտրական բառապաշար։ Սա ամրագրված է պաշտոնատար անձանց էթիկական վարքականոններով։ Պետք է հաշվի առնել, որ նրանց խոսույթն անմիջականորեն ազդում է հասարակության մտածելակերպի վրա, ամրապնդում է հասարակությունում առկա խտրական նորմերը։ Խնդրի լուծման միակ ճանապարհը խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովի գործարկումն է, այլապես որևէ այլ զսպման մեխանիզմ չի աշխատում և այս անվերահսկելի իրավիճակը հնարավորություն է տալիս, որ պատգամավորներն ԱԺ-ում իրենց դրսևորեն այնպես, ինչպես շարքային քաղաքացին է իրեն դրսևորում փողոցում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: