Վերջերս OpenAI ընկերությունը (որը ստեղծել է ChatGPT ԱԲ մոդելը) հրապարակեց “Influence and cyber operations: an update” զեկույցը, որտեղ ներկայացրեց դեպքեր, երբ ԱԲ-ն օգտագործվել է զանազան հիբրիդային գործողությունների, ազդեցության օպերացիաների իրականացման համար։
Այս փաստաթուղթը ներկայացնում է հիմնական ուղղությունները, որտեղ պետությունը կամ մասնավոր կառույցները կարող են չարաշահել ԱԲ գործիքները՝ միջամտելու ընտրությունների, կիբեռհարձակողական գործընթացների և հանրային կարծիքի վրա ազդեցության գործողությունների վրա: Ենթադրաբար, դերակատարների մեջ են, օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ կապակցված խմբավորումները։
Մեկ այլ խումբ, որը զեկույցում ներկայացված է որպես A2Z, աշխատել է Միացյալ Նահանգներից, հիմնականում Ֆեյսբուքում և X-ում։ Խմբավորումը սոցիալական մեդիայում գրառումներ էր տարածում տարբեր լեզուներով՝ ներառյալ անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, հայերեն և այլ։ Ցանցը հիմնականում զբաղված է եղել Ադրբեջանը գովաբանելով։ Սակայն, ներկա են եղել նաև այլ թեմաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք ԱՄՆ-ում գործող վարձկանների հետ, որոնք աշխատել են Ադրբեջանի իշխանությունների պատվերով։ Ա2Z-ն ԱԲ-ն օգտագործում էր նկարներ ստեղծելու, կեղծ օգտատերերի կենսագրություններ կազմելու, հաղորդագրություններ վերլուծելու և բազմալեզու պատասխաններ գեներացնելու համար՝ կառավարելով շուրջ 150 կեղծ հաշիվներ։
Ընդհանուր առմամբ, եթե ավելի լայն դիտարկենք թեման, ապա արհեստական բանականությունը մեծապես օգտագործվում է ազդեցության գործողություններում՝ ապահովելով լայնածավալ, արագ և հաճախ անտեսանելի միջամտություններ հասարակական կարծիքի ձևավորման և տեղեկատվության տարածման գործընթացներին: Ահա որոշ հիմնական մեթոդներ, որոնցով ԱԲ-ն կիրառվում է ազդեցության գործողություններում։
1. Բովանդակության ավտոմատացված գեներացում: ԱԲ մոդելները կարող են ստեղծել մեծ ծավալի տեքստային և վիզուալ բովանդակություն՝ առանց մարդկային ակտիվ մասնակցության։ Մոդելներն օգտագործվում են լուրեր, սոցիալական մեդիայի հաղորդագրություններ և մեկնաբանություններ գրելու համար, որոնք արտաքին տեսքով նման են իրական օգտագործողների բովանդակությանը։
Այս մեթոդը թույլ է տալիս միաժամանակ վարել բազում կեղծ հաշիվներ, որոնք, ինչպես իրական օգտատերերը, տարածում են կոնկրետ քաղաքական և հասարակական տեսակետներ։ Ավելին, հաշվի առնելով, որ լեզվական մոդելները արդեն շատ լավ են աշխատում ոչ միայն անգլերենով, հնարավոր է գեներացնել բազմալեզու որակյալ բովանդակություն՝ նույնիսկ առանց լեզվին տիրապետելու։
2. Սոցիալական մեդիայի վերլուծություն և թիրախավորում: ԱԲ գործիքներն օգտագործվում են սոցիալական մեդիայի վերլուծության և կանխատեսման համար՝ հայտնաբերելով հատուկ շահագրգիռ, թիրախային խմբեր և ուսումնասիրելով նրանց հետաքրքրությունները։
Այս գործիքների միջոցով հավաքվում և վերլուծվում են օգտատերերի վարքագծային տվյալները՝ հասկանալու, թե ինչպես կարելի է նպատակաուղղված բովանդակություն տարածել։ Այս կերպ ազդեցության գործողությունների օպերատորները կարող են պարզել, թե ինչ տեսակ բովանդակությունը կարող է ավելի լավ ազդում կոնկրետ խմբերի վրա։ Փաստացի, սա մարքեթինգային գործիքակազմ է, որը օգտագործվում է նաև չարամիտ խմբերի կողմից։
3. Կեղծ օգտատերերի ցանցային ակտիվություն: ԱԲ-ն օգտագործվում է կեղծ անձնավորությունների, օգտատերերի ստեղծման, ինչպես նաև դրանց միջոցով տեղեկատվական դաշտում ակտիվ ներգրավվածություն ապահովելու համար։
Այս կեղծ օգտատերերի համար արագ լուսանկարներ ձևավորելու, կենսագրություն հորինելու, նախնական գրառումների բազա ստեղծելու համար ԱԲ-ն անգնահատելի գործիք է։ ԱԲ-ի միջոցով իրականին մոտ, համոզիչ օգտատերերի զանգվածային ստեղծումը և դրանց կիրառումը միանգամից մի քանի սոցիալական ցանցում դառնում է շատ հեշտ, արագ և էժան։
4. Հարցազրույցների, մեկնաբանությունների և արձագանքների ստեղծում: ԱԲ կարող է օգտագործվել նաև սոցիալական մեդիայի ցանցերում մարդկանց խոսակցություններին պատասխանելու կամ քննարկումներ նախաձեռնելու համար։ Օրինակ, ԱԲ-ն կարող է վերլուծել հանրային քննարկումներն ու համապատասխան կերպով պատասխաններ գեներացնել, որոնք ամրապնդում են նպատակային տեսակետը։
Այս մեթոդը օգնում է կեղծ պրոֆիլներին ներգրավվել իրական օգտատերերի հետ համոզիչ խոսակցություններում։ Խորացված մեկնաբանությունների, հոդվածների գեներացման միջոցով հնարավոր է ձևավորել ոչ միայն հասարակ կեղծ օգտատերերի, այլ նաև կեղծ փորձագիտական համայնք, որն արդեն կձևավորի անհրաժեշտ նարատիվներ, կարծիքներ։
5. Կեղծ տեղեկատվության տարածում: ԱԲ գործիքները կարող են ստեղծել կեղծ լուրեր և դավադրությունների տեսություններ՝ օգտագործելով իրական նորությունների ոճը։ Այս մեթոդը կիրառվում է հորինված փաստեր և իրադարձություններ տարածելու համար, որոնք ուղղված են հանրային կարծիքը որոշակի հարցերի շուրջ մոլորեցնելու նպատակով։
ԱԲ-ի միջոցով կարելի է հեշտությամբ գեներացնել կեղծ լուսանկարներ, որոնք «ապացուցում են» կեղծ լուրերը։ Ավելին, արդեն նաև կեղծ տեսանյութերի ստեղծումն է հեշտացել ԱԲ-ի միջոցով։
Հարկ է նշել, որ տվյալ մեթոդները իրարից մեխանիկորեն առանձնացված են և հիմնականում համալիր են կիրառվում։
Այս բոլոր մեթոդները թույլ են տալիս ազդեցության գործողություններին հասնել լայնածավալ հասարակական ներգրավվածության՝ առանց խոշոր ֆինանսական միջոցների։ Եվ այս գործիքակազմը գնալով ավելի ու ավելի կատարելագործվում է։
ԱԲ-ի օգտագործումը կեղծ տեղեկատվության տարածման գործում ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ՝ կեղծ գործողությունները հայտնաբերելու և չեզոքացնելու համար։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: