Հանրային հեռուստատեսությունը կրկին կիսատ է ներկայացրել Freedom House-ի զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը։
Հոկտեմբերի 17-ին «Առաջին ալիքի» «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Ազատությունը համացանցում․ «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցին։
Չորս րոպե տևողությամբ ռեպորտաժի ընթացքում որևէ խոսք չի եղել մտահոգությունների մասին, որոնք արձանագրել է միջազգային կազմակերպությունը՝ կապված երկրում առկա տեղեկատվական դաշտի բևեռացման, քաղաքական ճնշումների ու ապատեղեկատվության տարածվածության մասին։ Փոխարենը հեղինակը խոսել է ազատ համացանցի բարելավված ցուցանիշից՝ նշելով, որ նախորդ տարվա 72-ի փոխարեն այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր և ընդգրկվել ազատ համացանց ունեցող երկրների շարքում։
Ռեպորտաժում խոսում են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը կարևորում է գրանցված առաջընթացը, և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Վերջինս էլ ներկայացնում է ձևավորված ռեյտինգի վրա ազդեցություն ունեցած գործոնները։
Ռեպորտաժը չի անդրադառնում զեկույցի այն հատվածին, որտեղ մատնանշվում են խնդիրները։
«Ստուգված է»-ն կրկին ներկայացնում է «Freedom House» զեկույցի այն կետերը, որոնց մասին «Առաջին ալիքը» լռել է: Նախկինում մենք բազմիցս անդրադարձել ենք այն դեպքերին, երբ Հանրային հեռուստատեսությունը ընտրողաբար է ներկայացրել միջազգային կազմակերպությունների զեկույցները և շրջանցել իշխանության հասցեին հնչող քննադատությունը (1 2 3 4):
Ինչ խնդիրների մասին է խոսել «Freedom House»-ը
Ինտերնետի ազատության ցուցանիշի և դրական այլ տեղաշարժերի կողքին զեկույցում նաև ասվում է, որ առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ:
«Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ»,- գրել են զեկույցի հեղինակները՝ հատուկ ընդգծելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հայկական ժամանակ»-ում աշխատելու հանգամանքը։
Զեկույցն անդրադարձել է նաև ապատեղեկատվությանը, որը տարածել են իշխանական ֆեյսբուքյան էջերը՝ թիրախավորելով ընդդիմադիր «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին։
Նշվում է, որ անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար:
«Իմնեմնիմիի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դրվագը ևս ներառված է զեկույցում։ Նշվում է, որ նրանք դատապարտվել են երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:
Հիշատակվում են նաև իրավապատպաններ Ավետիք Իշխանյանին, Սաշիկ Սուլթանյանին և բլոգեր Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն առկա խնդիրների ցանկում նաև անդրադարձել է դեպքերին, երբ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության համար ենթարկվում են ահաբեկման կամ ֆիզիկական բռնության։ Զեկույցում նշվում է, որ թեև թավշյա հեղափոխությունից հետո նման հարձակումները որոշակիորեն նվազել են, բայց երևույթը դեռևս առկա է։ Հղում անելով «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին»՝ նշվում է, որ 2023 թվականին արձանագրվել են լրագրողների նկատմամբ 6 ֆիզիկական, ևս 60 այլ բռնության դեպքեր։
Խնդիրների շարքում է նաև առցանց ատելության խոսքը ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ, որը հիմնականում ուղղորդվում է ծայրահեղ աջ կազմակերպությունների և քաղաքական շարժումների կողմից:
«Ստուգված է»-ն 2024-ի ապրիլին գրել էր, որ «Լուրերը», խոսելով «Freedom House»-ի «Nations in Transit 2024» զեկույցի մասին, չի անդրադարձել Հայաստանի կառավարության նկատմամբ հնչած քննադատությանը, ինչին ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մեկնաբանել էր, որ «Մեկ տողով լուրերում» անհնար է անդրադառնալ «Freedom House»-ի զեկույցի ամբողջ բովանդակությանը։ Այս անգամ «Առաջին ալիքը» զեկույցի ներկայացմանը տրամադրել էր 4 րոպե, սակայն հեղինակների մտահոգություններին և հնչեցված քննադատությանը անդրադարձ կրկին չէր եղել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: