2024.09.26,

Խաչմերուկ

Կարևորը՝ մյուռոնը օրհնվի, ու Տաճարը վերաբացվի

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Սեպտեմբերի 23-ին Հանրային ռադիոյի էջում՝ armradio.am, կարդացի Մայր Աթոռի հաղորդագրությունը՝ Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման  արարողությունների մասին․ ներկայացվում էր ժամանակացույցը, ու զգուշացվում՝ «մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր տաճար՝ հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ՝ սրբազան արարողություններին հետևելու համար»։ «Շրջափակը», ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի,  «շրջապարիսպն է՝ չորս կողմը կառուցված պատը, պատնեշը, պարիսպը»։ Այսինքն, հավատացյալները կարողանալու են մտնել միայն Մայր աթոռի ցանկապատված տարածք։  

Մեկը մյուսի հետևից հարցեր առաջացան․ եթե սուրբ արարողություններին «շրջափակից» հետևելու են հավատացյալները, ուրեմն, հրավիրատոմսերով բաց խորան և Մայր տաճար մտնողները հավատացյալներ չե՞ն լինելու։ Եթե մուտքը Մայր տաճար լինելու է հրավիրատոմսերով, ուրեմն, տաճարի դռների մոտ դրանց առկայությունը ստուգող հսկիչնե՞ր են կանգնելու՝ ինչպես էլիտար տոնական միջոցառումների, հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Իսկ էկրաններով արարողություններին հետևելու հորդորը հիշեցրեց Տ․ Ավինյանի երդմնակալության արարողությանը պաշտոնական հեռարձակմամբ հետևելու քաղաքապետարանի առաջարկը, որի դեմ ընդվզեցին լրագրողները։ Բայց Մյուռոնօրհնեքը կամ Մայր տաճարի վերաօծումը ոչ էլիտար հանդիսավոր համերգ է, ոչ էլ քաղաքապետի երդմնակալության արարողություն։

Որքան էլ դրանց շուրջ քաղաքական կրքերը եռան, դրանք սկզբից մինչև վերջ հոգևոր, սրբազան արարողություններ են․ հնարավոր չէ՞ գտնել դրանց կազմակերպման մեկ այլ՝ աշխարհիկ–քաղաքականից  տարբերվող մի եղանակ, որը, ինչպես նշվում է Մայր Աթոռի հաղորդագության մեջ, «բարեպաշտ հավատացյալներին» Տաճարից դուրս չի թողնի։ Սրբատեղին՝ մատուռը, վանքը, եկեղեցին, տաճարը միշտ հավատացյալի կարիք ունի, ոչ տոնական կիրակիներին շարքային հավատացյալներն են լցնում տաճարները, ուրեմն, ինչո՞ւ Տաճարի վերաօծման սրբազան արարողությանը նրանք պիտի դրսում մնան։ Նրանք մնում են դրսում՝ ներսի տեղը ո՞ւմ թողնելով։ 

Հարցերը շատ էին, ու թյուրըմբռնում չունենալու համար որոշեցի մի հատ էլ կարդալ հաղորդագրությունը․ Հանրային ռադիոյի էջում այն արդեն չկար, ավելի ճիշտ՝ կար խմբագրված տարբերակը՝ առանց հրավիրատոմսին վերաբերող հատվածի։ Ընդամենը նշված էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու սրբազան արարողություններին:

Հայտարարության նախնական՝ երկրորդ խմբագրում չանցած տարբերակը չկար նաև Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում, բայց համացանցում այն պահպանված է 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է արարողությունների մասին տարածված առաջին հաղորդագրությունից հանվել հրավիրատոմսերի մասին հատվածը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը մեր հարցին ի պատասխան ասաց՝ 

«Այդպես ենք նպատակահարմար գտել»։ Նաև հաստատեց, որ Մայր տաճարի վերաօծման արարողությանը ներկա են լինելու միայն հրավիրատոմսով հյուրերը՝ 300 մարդ․ սովորական հավատացյալները Տաճար կարող են մտնել արարողության ավարտից հետո։ 

Եկեղեցու տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ Մայր Աթոռը հրավիրատոմսեր է ուղարկել և՛ Կառավարությանը, և՛ Ազգային ժողովին, բայց հայտնի չէ, թե նրանցից ովքեր ու քանիսը կընդունեն հրավերը։ 

Իշխանությունից առայժմ միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հայտարարել, որ անպայման կմասնակցեր Մայր Աթոռի արարողություններին, բայց «այդ օրերին  պաշտոնական այցով լինելու է Կանադայում»։ Մինչև սեպտեմբերի 28-29-ը, սակայն, պարզվեց, որ ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակության այցը Կանադա հետաձգվում է, ուրեմն, հարցը նորից առաջ է գալիս՝ կլինի՞ ԱԺ նախագահը Մայր Աթոռում առաջիկա շաբաթ-կիրակի օրերին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ից Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի աշխատանքներին և լինելու է այնտեղ մինչև ամսի 27-ը․ ունի՞ նա որոշում մասնակցելու Մայր Աթոռի արարողություններին, և ցանկության դեպքում՝ կհասցնի՞ մասնակցել․ պարզ չէ։ Բայց եթե գա ու մասնակցի, ամենայն հավանականությամբ, նույն տարածքում կհայտնվի ընդդիմության առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, որը իր հրապարակային ելույթներում վարչապետին «Նեռ» է անվանում։  

Իսկ արարողության ընթացքում որտե՞ղ է լինելու Բագրատ Սրբազանը՝ հոգևոր դասի՞, թե՞ հրավիրյալ ընդդիմադիրների շարքերում։ 

Ովքեր կմասնակցեն Մայր Աթոռի արարողություններին, ովքեր չեն մասնակցի և ինչու՝ սրանք Մյուռոնօրհնեքի ու Տաճարի վերաօծմանը վերաբերող ամենակարևորը հարցերը չեն, բայց ամենաշատն են քննարկվում, որովհետև երկրում մի կարևոր խնդիր կա՝ հոգևոր ու քաղաքական իշխանությունները հաշտ չեն։ Հրավիրատոմսերի թեման Սուրբ Մյուռոնօրհնեքի խորհրդի և Մայր տաճարի վերաօծման հետ բովանդակային ոչ մի կապ չունի, այսօր դա քաղաքական հարց է, որ կպավ այս հոգևոր կարևոր իրադարձություններին, հենց  հայտնի դարձավ դրանց անցկացման օրը։  

Սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռում օրհնվելու է Սուրբ Մյուռոնը և վերաօծվելու-վերբացվելու է Մայր տաճարը։ Սուրբ Մյուռոնը վերջին անգամ օրհնվել է 2015 թվականին։  Մայր տաճարը փակ է 2017-ի դեկտեմբերից։  

2018-ից մեր երկրում իշխանություն է փոխվել, ու փոխվել է նաև հոգևոր ու քաղաքական իշխանությունների հարաբերությունների որակը․ չկա եկեղեցի-իշխանություն նախկին համագործակցությունը, քաղաքական իշխանությունը չի մասնակցում տոնական պատարագներին, եկեղեցին պահանջում է իշխանության հրաժարականը, պետբյուջեից ֆինանսավորվող Հանրայինը հրաժարվում է եթեր հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը՝ ավանդաբար հեռարձակած ժամին, կառավարությունը խոսում է եկեղեցին հարկելու անհրաժեշտության մասին, բարձրաստիճան հոգևորականը առաջնորդում է ընդդիմադիր շարժումը, փակվում է Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։  

Սա եկեղեցի-իշխանության դիմակայության ոչ ամբողջական շղթան է, ու այս պահին հստակ չէ՝ Մյուռոնօրհնեքի և Տաճարի վերաօծման արարողություններով այդ շղթան կեզրափակվի, թե՞ կավելանա դիմակայության ևս մեկ օղակ։ Եկեղեցին քայլն արել է, իշխանության պատասխանը դժվար է պատկերացնել։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *