Հայաստանում չեղարկվեց Արսեն Մարգարյան անուն-ազգանունով մի բլոգերի՝ Երևան այցը։ Նա պետք է ռուս բիզնեսմեն, տնտեսագետ և վերլուծաբան Դմիտրի Պոտապենկոյի հետ այստեղ համատեղ ելույթ ունենար։ Հանդիպումը պիտի կայանար սեպտեմբերի 7-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում, որի մասնակցությունն արժեր նվազագույնը 25000 դրամ։
Սեպտեմբերի 2-ին կազմակերպող կողմը տեղեկացրեց, որ բարձրացված հանրային մեծ աղմուկի ճնշման ներքո հանդիպումը չեղարկվել է։
Աղմուկի պատճառը բլոգերի կողմից նախկինում արտահայտած մտքերն են։ Արսեն Մարգարյանն, օրինակ, ասել է, որ Հայաստանը մտնելու է Ադրբեջանի կազմ, որ Հայաստանը վասալ է, «Վոլգոգրադի նահանգն է»։ Նա հայտնի իր սեքսիստական արտահայտություններով, կանանց վերաբերյալ ծաղրական մոտեցմամբ։
Եթերներից մեկի ժամանակ նա ասել է՝ «Անկեղծ ասեմ, ընկեր մայոր, մի նեղացիր, ես 18-19 տարեկանում 12-13 տարեկան աղջիկների հետ եմ քնել, նրանց հետ, ովքեր ուզում էին իմ հետ ք**ել», մեկ այլ առիթով էլ նշել է, որ «Կանանց հարյուր տոկոսը զրոյական դիմադրություն է ցույց տալիս, եթե զգում է, որ բռնաբարողը գնում է մինչև վերջ: Ընդհանրապես, սա օգտակար փորձ է. բռնաբարել՝ հասկանալու համար, թե ինչպես է աշխատում մարդու հոգեբանությունը»:
Աղմուկը վերածվեց ստորագրահավաքի հետևյալ հիմնավորմամբ․«Այս տեսակետները ոչ միայն վիրավորական են, այլև վտանգավոր։ Դրանք նպաստում են ատելության ու խտրականության տարածմանը և խաթարում սոցիալական կայունությունը: Մենք կարծում ենք, որ մեր երկրում նման գաղափարների համար հարթակ ապահովելն անընդունելի է»։
Միջոցառումը չեղարկվեց, աղմուկն ունեցավ իր արդյունքը։
Մեկ օրում Արսեն Մարգարյանի մասին իմ տեսանյութը մեկ միլիոն դիտում հավաքեց, աղմուկն ավելի մեծ էր, քան սպասվող իրադարձության մասշտաբը, դրա համար էլ այն չեղարկվեց։
Կար նաև գիտակցում, որ մարդը ունի ոչ միանշանակ համբավ, բազմիցս մեղադրվել է ինֆոցիգան լինելու մեջ, արել է դատապարտելի հայտարարություններ, հետո փորձել դրանք շատ անմիտ կերպով արդարացնել․։
Դժվար է պատկերացնել, որ կազմակերպիչները տեղյակ չեն եղել այս ամենի մասին։
Որքան էլ Արսեն Մարգարյանը հայտարարի, որ նման մտքերի հեղինակ չէ, որ կատակել է, համացանցն ունի մի նրբություն՝ ամեն ինչ հիշում է, ամեն ինչ տեղադրված է, ամեն ինչ կա։ Հարցազրույցներում և տարբեր փոդքասթներում գուցե նա փորձում է քիչ թե շատ զուսպ խոսել, բայց այլ են ուղիղ եթերները, տելեգրամյան փակ ալիքը։ Մեկ նշում է, որ կոնտեքստից են կտրված, մեկ ասում է հեգնանքով եմ ասել, մեկ կատակ եմ արել․․․ Տեսանյութերը կան, մարդն ուղղակի չի կարող հերքել, որ նման բան իսկապես ասել է։ Գուցե ուղղակի մտածել են՝ կարելի է փորձել․ ստացվի՝ լավ, չստացվի՝ ոչինչ։
Չեմ հասկանում, թե ինչ եզրեր կան միջոցառման չեղարկման և խոսքի ազատության սահմանափակման մեջ։ Կարծիքները, թե խոսքի ազատությունը ենթադրում է, որ նման մարդիկ ևս կարող են արտահայտել իրենց միտքը, աղերս չունի խոսքի ազատության հետ։
Խոսքի ազատությունն ու բռնության, ատելության կոչերը խիստ տարբեր են և մեկը մյուսի հետ կապ չունի, այնպես ինչպես խոսել մի բանից, որը քրեորեն պատժելի է, օրինակ՝ անչափահասի հետ սեռական կապի մասին, որն ուղիղ տեքստով ասվում է։ Կանանց նսեմացնելը և նսեմացնելու կոչ անելը խոսքի ազատություն չէ․ եթե ինչ-որ մարդկանց մոտ կանանց հետ որևէ բան չի ստացվում, կամ ինչ-որ մեկին, ինչ-որ կին նեղացրել է՝ դա չի նշանակում, որ պետք է նզովել ու ատել աշխարհի բոլոր կանանց, բռնության կոչ անել, ցածրացնել կանանց դերը սոցիումում ու դրա հաշվին բավարարել սեփական էգոն, կանանց փոխարեն որոշել՝ նրանք ինչ կարող են, ինչ՝ ոչ։
Հայաստանին «վասալ» ասե՞լն է խոսքի ազատություն։
Եթե սրանք որևէ մեկի կողմից, որևէ կերպ տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, ապա ես էլ օգտվում եմ խոսքի ազատության իմ իրավունքից, փորձում լսելի դարձրնել նաև իմ տեսակետն ու իմ ձայնը, հարցի հանդեպ իմ վերաբերմունքը։ Իհարկե ի տարբերություն այն մյուս կողմի առանց որևէ մեկին վրավորելու կամ պիտակավորելու ու նվաստացնելու։
Ինչպես մեր բոլոր մյուս ազատությունները, խոսքի ազատությունը ևս ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը, արժանապատվությունն ու իրավունքը։
Սա կլինի լավ նախադեպ, որ հանրային միջոցառումներ կազմակերպող ընկերությունները մի քանի անգամ մտածեն, թե ում են հրավիրում, ինչ արժեքներ կրող մարդկանց են հարթակ տալիս։
Զառա Ղազարյան
լրագրող, բլոգեր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: