2024.09.12,

Նյուսրում

Երկու դատական հայց՝  Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով  

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մեկ ամսից ավելի է ինչ հայտնի է Հանրային ռադիոյի  նոր տնօրենի անունը, սակայն աղմուկն այս թեմայի շուրջ այդպես էլ չի դադարում։ Հանրային ռադիոյի  տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող էր ճանաչել Արմեն Քոլոյանին։ Մրցույթի ութ մասնակիցներից երկուսը՝ լրագրող Լուսինե Պետրոսյանը և Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը որոշել են դատական ճանապարհով վիճարկել ու չեղարկել մրցույթի արդյունքները։  

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Լուսինե Պետրոսյանի հայցադիմումն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի։  

Վարչական դատարան դիմած Լուսինե Պետրոսյանն իր հայցադիմումում երկու պահանջ է ներկայացրել։ Առաջինը՝ մրցույթի արդյունքները և հաղթած մասնակցին տնօրեն նշանակելու մասին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը անվավեր ճանաչելու մասին պահանջը, վարչական դատարանը վարույթ է ընդունել։  

«Իմ գնահատմամբ խորհուրդն իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորել։ Իմ թեկնածությունը չեն դիտարկել, քանի որ ես ընդդիմադիր լրագրող եմ, բազմիցս քննադատել եմ իշխանության գործունեությունը, իսկ իրենց կարծիքով Հանրային ռադիոյի տնօրենը պետք է լինի իշխանության համար ընդունելի կերպար։ Այսինքն, խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրությունը։ Ես այդ հիմքով եմ վիճարկել արդյունքները և հենց այդ հիմքով  էլ այն վարույթ է ընդունվել»,- ասում է Լուսինե Պետրոսյանը։  

Դատարանը մերժել է Լուսինե Պետրոսյանի հայցադիմումի երկրորդ պահանջը՝ Հանրային հեռարձակողի խորհրդին պարտավորեցնել մրցույթի անցկացման կարգը մեկամսյա ժամկետում  լրամշակել, լրամշակված տարբերակն ուղարկել պետաիրավական փորձաքննության և հետո նորից  ընտրություն անցկացնել։  

Վարչական դատարան դիմած մասնակիցը պնդում է, որ մրցույթի անցկացման ձևը չի համապատասխանում 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ)  գործադիր մարմնի ընտրությունների համար կառավարության սահմանած կարգին։ Նրա գնահատմամբ տեղի ունեցածը ոչ թե հստակ չափորոշիչների վրա հիմնված մրցույթ է, այլ հայեցողական որոշման վրա հիմնված ընտրություն։ 

«Կառավարության որոշմամբ կարգավորված է 100 տոկոս պետական բաժնետոմս ունեցող ՓԲԸ-ների գործադիր տնօրենների մրցութային կարգով ընտրության հարցը և կա մրցույթի հաստատված օրինակելի ձև։ Նախ պետք է տեսական թեստավորման փուլ լինի, հետո հարցազրույցի փուլ, բացի այդ այստեղ ամենակարևորը հստակ չափորոշիչներով գնահատումն է, և այդ գնահատումը պետք է լինի այնքան հստակ ու չափելի, որ բողոքարկման ժամանակ, ցանկացած մեկը հասկանա, թե տվյալ գնահատականը ինչ հիմքով է նշանակվել։ Ես համոզված եմ, որ եթե մրցույթի անցկացման կարգը պետաիրավական փորձաքննության ենթարկվեր, բացասական գնահատականի կարժանանար»,-ասում է Լուսինեն։ 

Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի՝ Արմեն Քոլոյանը՝ Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրենը, ներգրավվել է որպես երրորդ անձ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այժմ շարունակում է իր բնականոն աշխատանքը։ 

«Ռադիոյի իրավաբաններն ասել են, որ գործը մտել է դատարան։ Լսել եմ նաև, որ դատարան դիմած տիկին Լուսինե Պետրոսյանը նշում է, որ իմ գործունեությունը մասամբ կամ ամբողջովին սառեցվել է կամ ես այժմ պետք է պաշտոնավարեմ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Ես այդ մասին որևէ ծանուցում, որևէ որոշում կամ վճիռ չեմ ստացել և շարունակում եմ սովորականի պես աշխատել»,-ասում է Արմեն Քոլոյանը։  

Իրավաբան Դավիթ Ասատրյանը պարզաբանում է, որ ըստ Վարչական դատավարության օրենսգրքի՝ հայցը վարույթ ընդունելուց հետո կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև ուժի մեջ կմտնի այդ գործը քննող դատական ակտը։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր նրբություն։    

«Եթե վարչական ակտը արդեն կատարվել է, օրինակ անձն արդեն իսկ նշանակված է տնօրեն, պաշտոնավարում է և դրանից հետո է հայցադիմումը վարույթ ընդունվում, ապա դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ արդեն կատարված վարչական ակտի վրա։ Իսկ եթե վարչական մարմինը գտնում է, որ որոշումը ենթակա է անհապաղ կատարման, ապա պետք է կոնկրետ նշի այդ մասին»,- ասում է իրավաբանը։  

Հանրային հեռարձակողի խորհրդը արդեն ստացել է դատարանի ծանուցումը և երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի գործին առնչվող բոլոր փաստաթղթերը։  

«Մենք ծանուցվել ենք, որ  մեր դեմ հայց է ներկայացվել և հիմա մեր իրավաբաններն այդ հայցի պատասխանի վրա են աշխատում։ Ծանուցման մեջ, որև բան նշված չէ որոշումը անհապաղ կատարելու մասին, որևէ բան նշված չէ գործող տնօրենի պաշտոնավարումը մասամբ կամ ամբողջությամբ կասեցնելու մասին»,- ասում է  Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։  

Լուսինե Պետրոսյանից բացի, մրցույթի արդյուքները դատարանում վիճարկել է պատրաստվում նաև Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, մրցույթում զրո ձայն ստացած Գարեգին Խումարյանը։ Նա իր փաստաբանական թիմի հետ որոշել է դիմել Քաղաքացիական դատարան։ Խումարյանը կարծում է, որ մրցույթի արդյունքները դատական կարգով չեղարկելուց բացի, պիտի նաև դադարեցվի Խորհրդի անդամների գործունեությունը, քանի որ նրանց դրսևորած վարքագիծը անհամարժեք է հանրային հեռարձակման բնույթին, և չկա երաշխիք, որ հետագայում այդ վարքագիծը չի կրկնվի։   

«Այս հարցը ոչ միայն Խորհրդի ընդունած իրավական ակտերի որակի մասին է, այլ նաև քաղաքացիական իրավունքների և ազատությունների։ Մեզանում, ցավոք, առայժմ բավարար չափով չկա այն գիտակցումը, որ տեղեկատվության իրավունքը հիմնարար իրավունքների տիրույթից է՝ ճիշտ ինչպես կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության և այլ բազային իրավունքները, ուստի այս խնդրի լուծման ճիշտ տեղը հենց Քաղաքացիական դատարանն է։ Սպասվող դատավարությունը լինելու է ռազմավարական՝ այն իմաստով, որ ազդելու է նաև կարգավորումների վրա, և սա այն դեպքն է, երբ հաղթանակից ոչ պակաս կարևոր է նաև, թե դատական որ հարթակում է այդ հաղթանակը գրանցվելու»,- ասում է Գարեգին Խումարյանը։  

Վերջնական մի քանի լրամշակումներից հետո, Խումարյանի փաստաբանական թիմը մի քանի օրից գործը կհանձնի դատարան։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *