2013.11.25,

Տեսակետ

«Համոզված լինենք, որ լսարանը ապուշ չէ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաալիքը 3 տարվա ընթացքում կարողացել է Հայաստանի մեդիա դաշտում գրավել իր ուրույն տեղը՝ առաջարկելով լսարանին ինֆորմացիայի մատուցման նոր, ավելի ռիթմիկ, բազմաոճ և բազմաժանր մոդելը:

«Սիվիլիթաս» հիմնադրամի (որի հիմքում էլ ձևավորվեց «Սիվիլնեթը») գործադիր տնօրեն Սալբի Ղազարեանը համոզված է, որ ինտերնետային հեռուստադաշտն անհամեմատ ավելի ազատ է փորձակումների ու էքսպերիմենտների համար, քան ավանդական մեդիան: Եվ քանի որ ամենից շատ էքսպերիմենտներին ունակ են երիտասարդները, հենց նրանք էլ կազմում են ալիքի «կորիզը»:

Սալբի Ղազարեանի կարծիքով՝ որքան շատ լինեն կրթված ու լայնախոհ լսարանին հասցեագրված մեդիա հարթակները, այնքան ավելի արագ կձևավորվի պահանջկոտ ու իր իրավունքները գիտակցող հասարակություն:

Հայաստանում ինտերնետային հեռուստաալիքներն այնքան շատ չեն, որքան սպասելի էր: Այս փուլում ի՞նչ դժվարություններ կան: Նաև՝ ինչպիսի՞ ապագա:

Կարծում եմ՝ Հայաստանի նոր մեդիայի մասին խոսելիս անհրաժեշտ է փոքր-ինչ անցյալ գնալ, այլապես խոսակցությունը տարօրինակ կստացվի: Մեր կոնտեքստը շատ է տարբերվում դրսի աշխարհից, որտեղ որոշ չափով արմատավորվել է վստահելի, ավանդական, թափանցիկ, պատասխանատու, համապարփակ, քիչ թե շատ օբյեկտիվ, քիչ թե շատ արդար մամուլը:

Մամուլը շատ երկրներում ոչ միայն անհատների տեղեկացմանը, այլև հասարակության կազմավորմանն է նպաստել:

Վստահ եմ՝ մամուլը և կրթության համակարգը ամենակարևոր ազդակներն են, որոնք, ի վերջո, հասարակություն են ձևավորում:

Երբ դա կա, պարզապես պետք է անցում կատարել դեպի ինտերնետ, առցանց մեդիա, տեղեկությունն արագ տրամադրելուն, քաղաքացիական լրագրությանը և նոր ոճով, նոր ռիթմով սկսել աշխատել եղած համատեքստի մեջ և համատեքստի հետ:

Մեզ մոտ այդ ամենը պակասում է: Պակասում էր Սովետի օրոք, պակասում է նաև Հայաստանի անկախության երկու տասնամյակներում: Իհարկե, անկախության առաջին մի քանի տարիներին Հայաստանում շատ հետաքրքիր, փայլուն մամուլ կար, որին Սփյուռքում մենք անգամ «նախանձում» էինք: Բայց այդ փայլը այնքան վաղուց է կորել, որ հիմա անգամ չի էլ հիշվում:

Այդ պատճառով երբ խոսում ենք մեդիայի խնդիրների, ապագայի, մարտահրավերների ու նոր պատուհանների մասին, անհրաժեշտություն է առաջանում տարբերակել Հայաստանի ու դրսի մեդիայի պատմությունը:

Ինտերնետային հեռուստատեսությունը և ընդհանրապես մեդիան այն հայելին է, որի մեջ մենք մեզ պիտի տեսնենք: Իսկ մեր մամուլն այլևս այդ հայելու դերը չի կատարում: Մենք կարող ենք ծիծաղել՝ հիշելով, որ, օրինակ, 1988 թ.-ի ցույցերը ներկայացնելու փոխարեն Սովետի հեռուստատեսությունը եթերում Մոցարտի «Ռեքվիեմն» էր հեռարձակում: Բայց հիմա էլ կարծես թե դրանից շատ տարբերվող բան չենք անում:

Համաձայնեք, որ մեր հեռուստատեսությունը երբեք չի արտացոլել մեր առօրյան: Այդ պատճառով էլ մենք ինտերնետից ենք ակնկալում այն բոլոր ածականներով բնութագրումները, որոնք նշեցի սկզբում (վստահելի, թափանցիկ, օբյեկտիվ և այլն):

Բայց հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է այդ ամենին հասնելու ռեսուրսը: Հեռարձակման աշտարակն ու թուղթը համակարգչի լարով ու մոնիտորով փոխարինելը դեռ չի նշանակում, որ հետևում կանգնած մարդը անհետացավ: Առանց այդ մարդու գործը առաջ չի գնա:

Դե ֆակտո մենք այսօր ունենք բազմաթիվ ինտերնետային լրատվամիջոցներ, որտեղ մեկը մյուսից արտատպում են տեղեկությունը (մի երկու բառ ավելացնելով կամ պակասեցնելով): Եվ իբրև թե այդպես ստեղծվում է նոր մամուլ:

Ինտերնետային հեռուստատեսությունն այդպես չի կարող աշխատել մի պարզ պատճառով. այն գործ ունի պատկերի հետ և պետք է ցուցադրելու բովանդակություն ունենա: Չի ստացվի 3-4 հոգով մի փոքր խուց-սենյակում նստել ու, ծխախոտի ծխի մեջ տեղեկությունը կտրելով-փակցնելով, նոր մեդիա տեսակ առաջարկել:

Ուզած-չուզած մի փոքր ավելի անկեղծ, ազնիվ, հարազատ հայելի ստեղծելու փորձ պիտի անել:

Ամեն մարդ ինքն իրեն է փնտրում հեռուստատեսությամբ, բայց մեր ավանդական հեռուստատեսությունը երբեք այդ հնարավորությունը չի տվել:

Թերևս, չէր էլ կարող, քանի որ տարիների ընթացքում հեռուստաալիքները ընտելացել էին պետական քարոզչության «գրպանում» գտնվելուն:

Այո, բայց ոչ ոք նրանց չի բռնել ու բառիս բուն իմաստով մտցրել գրպանը: Տարիների ընթացքում մանիպուլյացիայի այնքան նոր ու հետաքրքիր ձևերի ականատեսը եղանք, որ ուղղակի զարմանալ կարելի է: Այդ հեռուստատեսությունը ոչ մի կերպ իմ հայելին չէ:

2-3 տարի առաջ մենք հույս ունեինք, որ հեռուստատեսային տեխնիկայի մատչելիության և ընդհանրապես ողջ ոլորտի էժանացման շնորհիվ մի քանի նոր հեռուստատեսություն կստեղծվեր ժողովրդի մասին և ժողովրդի համար, բայց դա տեղի չունեցավ:

Էժանացումը անկախությա՞ն սկիզբ պիտի դներ: 

Պետք է լիներ և դեռ կարող է: Մի քանիսը (նաև մենք) փորձում ենք անել դա:

Ինտերնետային հեռուստատեսությանը մրցակիցը ավանդակա՞ն հեռուստատեսությունն է:

Եթե ինտերնետային հեռուստատեսության ձևաչափը, մատուցվող խոսքը, միտքը հեռուստատեսային ոճով լինի, ուրեմն, այո՛, մրցակիցը հեռուստատեսությունն է: Եվ այդ դեպքում՝ ինտերնետային հեռուստատեսության դիրքերը շահեկան չեն: Իսկ եթե ինքնին բովանդակությունն ու ոճն է տարբերվում, ուրեմն հեռուստատեսությունը մրցակից լինել չի կարող:

Իհարկե, վատ է, երբ մրցակիցներ չկան, քանի որ այդ դեպքում դու ինքդ ես քո շուկան ձևավորում, ինչը միայնակ անելը դժվար է: Պատկերացրեք՝ մի փողոցում հիանալի կոշիկներ վաճառող ընդամենը մեկ խանութ կա: Իսկ մեկ այլ վայրում կողք կողքի յոթ նմանատիպ խանութներ են: Շուկան փաստել է, որ երկրորդ դեպքում գործն ավելի լավ է առաջ գնում, քանի որ շահում է այն խանութն, ում ապրանքը մրցակցության մեջ է ավելի լավը համարվում:

Նկատելի է, որ «Սիվիլնեթ»-ի հենարանը երիտասարդ լրագրողներն են, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդային տարիների հուշն ու աշխատանքային փորձը չունեն: Դա սկզբունքայի՞ն մոտեցում է:

Միշտ էլ ավելի հեշտ է զրոյից սովորեցնել, քան արդեն իսկ եղածը փորձել քանդել: Իհարկե, որոշ լավ բաներ նախկին համակարգում կային, բայց հնարավոր չէ մարդուն ասել՝ այս բանը պահիր, իսկ մյուսը թափիր:

Եվ հետո էլ ավանդական (չեմ ուզում ասել՝ հին) մեդիայից նոր մեդիա գալով՝ լրագրողներն ուզած-չուզած իրենց հետ բերում են անցյալի փորձը, ոճը, ձևերը, ակնկալիքը: Օրինակ՝ գիտեն, որ հոդվածը պետք է երկար լինի, իսկ ձայնը կաթողիկոսական ելևէջներ պարունակի:

Սովետական մի հետաքրքիր ենթադրություն կա, թե յուրաքանչյուր մարդ ամեն օր ամեն բան կարդում է և տեղյակ է բոլոր նորություններին: Օրինակ՝ գրում են. «Հայտնի դեպքերից հետո…»: Բայց ներողություն, ընթերցողը կարող է չիմանալ այդ դեպքի մասին, քանի որ, ասենք, այդ օրը նա քնած էր: Կամ կարող են հոդվածում ավելացնել «նշեմ» բառը՝ հաշվի չառնելով, որ գրածն ամբողջությամբ նշում է:

Ասածս այն է, որ ամեն պարագայում պետք է հիշել կոնտեքստի մասին ու խուսափել շտամպերից ու պատրաստի բանաձևերից: Դա լսարանին հարգելու նշան է:

«Սիվիլնեթը» գերադասում է աշխատել կրթված, երեք լեզուներ իմացող երիտասարդների հետ: Իսկ փորձ ունենալ կամ չունենալը էական չէ, պարտադիր չէ նաև ժուռնալիստական կրթությունը:

Հեռուստատեսությունը և ընդհանրապես տարբեր մեդիա միավորումներն ուղղորդվում են վարկանիշներով: Ձեզ համար դիտողների/այցելուների քանակը չափող այդ գործիքը առաջնայի՞ն է:

Իհարկե, մենք հետևում ենք վարկանիշներին, բայց դա միակ չափանիշը չէ: Ռեյթինգները շատ հետաքրքրական եզրակացության են հանգեցնում, երբ հետազոտում ես, թե որ ժամին հատկապես ինչ հաղորդումներ են դիտում: Ակտիվությունը, շարժը, իհարկե, երեկոյան ժամերին են, իսկ ցերեկը պատկերն ավելի ստատիկ է:

Մեզ համար չափումները կարևոր են, քանի որ մեր լսարանը միայն Հայաստանը չէ: Թերևս, կմտածեք, որ մեզ շատ են դիտում Ամերիկայում, բայց դա այդպես չէ: Մեր լսարանի մեծ տոկոսը Ռուսաստանում է: Հետո նաև Եվրոպայում, Ամերիկայում: Անգամ Ջիբութիում ու Բելիզում դիտողներ ունենք, ինչը շատ զարմանալի էր:

Իհարկե, փորձում ենք դիտումների տատանումները վերլուծել, բայց քանի որ այդ չափման բանաձևերի մեջ շատ անհայտներ կան, դժվար է հստակ հասկանալ, թե որն է առաջնայինը:

Դիտելիությունը տարբեր գործոններից է կախված: Երբեմն հաջողը վերնագիրն էր կամ էլ տեսաշարի մոնտաժը: Հնարավոր է, որ նյութի ներկայացումն էր դիպուկ կամ կտրուկ: Լինում են դեպքեր, երբ դիտումների համեստ քանակ ունեցող նյութը որոշ ժամանակ անց է միայն սկսում հազարավոր մարդկանց հետաքրքրել: Փորձում ենք հասականալ նաև՝ որքանով ենք բոլորս կախյալ Ֆեյսբուքից:

Երբեմն, իրոք, տպավորություն է, որ Հայաստանում մեկ լրատվամիջոց կա, և այն Ֆեյսբուքն է:

Այո, և շատ ափսոս է, որ այդ ցանցում փնտրտուքը շատ բարդ է, համարյա՝ անհնար: Իհարկե, այդ ափսոսանքը զգում են լրատվամիջոցները, իսկ Ֆեյսբուքի համար դա հիանալի է:

Մեր հասարակությունը գերքաղաքականացված է: Կարելի՞ է ենթադրել, որ հեռուստատեսության հաջողությունը որոշ չափով նաև քաղաքականությունից դուրս (միգուցե՝ վեր) լինելով է պայմանավորված: «Սիվիլնեթը» փոքր պրոեկտներ է անում արվեստի, կյանքի մասին և կարծես հենց դրանով է գրավիչ դառնում լսարանի համար:

Մենք հասկանում ենք, որ ամենակարևորը վիզուալն է, և ամեն բան չէ, որ կարող է ռեպորտաժ համարվել: Ցանկալի է թույլ տալ, որ մարդիկ ազատ խոսեն, մտածեն, անմիջական ռեակցիա ցուցադրեն, անգամ ապրեն կադրում:

Եվ հետո պետք է համոզված լինել, որ լսարանը ապուշ չէ:

Շատ լավ հաղորդումներ կարելի է պատրաստել ընդամենը օգտագործելով վիճակագրական տվյալներն ու խուսափել մասնակից դարձնել այն 50 ակնհայտ խոսողներին-գործիչներին, որոնք անընդհատ երևում են հեռուստատեսությամբ:

Իհարկե, մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հյուր են գալիս, բայց ընդունենք նաև, որ միշտ նույն դեմքերից նույն պատգամները լսելուց այդ պատգամներն էլ կորցնում են իրենց ուժը, թուլանում են: Դիտողն էլ, նույն մարդուն տեսնելով, արդեն միանգամից կռահում է, թե նա ինչ է ասելու:

Ինչպե՞ս եք փորձում տեղեկատվական հավասարակշռությունը պահպանել, երբ բոլոր մեդիա միավորումների սեփականատերերը միմյանց ճանաչում են, միմյանցից որոշակի կախում ունեն:

Օրինակ` հրապարակված նյութը երբեք չենք հեռացնում, այդ որոշումը մեր պաշտպանությունն է:

Եթե դժգոհություններ են լինում, պատասխանում ենք, որ նյութերը չփոփոխելը մեր սկզբունքն է, քանի որ հակառակ դեպքում անգամ մեր հարևանների հորաքույրները կզանգահարեն ու ինչ-որ բան կուզեն փոխել:

Իսկ նրանց, ովքեր համաձայն չեն, ասում ենք՝ համեցե՛ք, մենք ամենայն սիրով կհաղորդենք նաև ձեր կարծիքը կամ էլ ձեր՝ ավելի ամբողջական տեսակետը:

Պարզ է, որ դիտմամբ բացթողում չենք անում: Մեր եթերը փակի տակ չէ որևե գործիչի համար: Այնպես չէ, որ մեր նյութերի հերոս ենք դարձնում միայն մեկ թևը, իսկ մյուսներին հեռացնում կամ թաքցնում ենք եթերից: Հավատացնում եմ՝ շատ ժամանակ ենք վատնում՝ փորձելով ներկայացնել այն կողմերին, որոնք (նախապես գիտենք) մեզ մերժելու են:

Մենք հարգում ենք մեր լսարանին ու վստահ ենք, որ լսարանն իր եզրակացությունը կանի: Գործիչներ կան, որոնք զարմացած հարցնում են՝ ինչու՞ եք մեզ հրավիրում «Սիվիլնեթ», եթե գիտեք մեր քաղաքական կողմնորոշումը: Ամեն դեպքում մենք մեր գործն ենք անում, իսկ մնացածը քաղաքական գործիչների որոշելիքն է:

Մեդիայի բարձրացրած սուր թեմաները հաճախ մանրանում, արժեզրկվում, «ջրիկանում» ու անհետանում են: Ինչու՞ է դա տեղի ունենում:

Մեր մեդիա դաշտում թեմաները շատ արագ են կորում: Օրինակ՝ բոլորը խոսեցին «Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասին, իսկ կարճ ժամանակ անց լռեցին:

Մինչդեռ այդ թեման ոչ միայն տրանսպորտի, այլև կենցաղի դյուրության, հասարակության կազմավորման խորքային հարցերին է վերաբերում: Բայց մամուլը խորքի մասին դադարեց խոսել, երևի, կսպասի մինչև հունվար, երբ ուղեվարձի թանկացման հարցը նորից կծագի, և միայն դրանից հետո կարձագանքի: 

Մոռանում ենք հարցի «կորիզը», գնում ենք մակերեսով՝ դրոշներով, ծաղիկներով…

Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվելու մեր մամուլի հետ մոտ ապագայում:

Հիմա մամուլը որոշակի ազատություն ունի, բայց ռեսուրս չունի: Չեմ ուզում ասել, որ ինտերնետը վերահսկելի չէ, բայց ամեն դեպքում այն ազատ է: Եվ այդ ազատությունը ճիշտ օգտագործելու համար պիտի բարձրացվի կրթության մակարդակը՝ լեզուների իմացությունը, աշխարհի տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը և այլն: Այդ դեպքում հնարավոր կլինի ավելի պատրաստված և՛ լսարան, և՛ մասնագետներ ունենալ:

Թերևս, դպրոցից պետք է սկսել: 

Անպայման, հենց դպրոցից: Եթե, օրինակ, գումար ունենայինք, երեխաների լուրերի ծրագիր կանեինք: Դա մեծ գործ է, որը պետք է անել՝ համեմատելով ու վերլուծելով մեր և դրսի փորձը, բացթողումներն ու հաջողությունները:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *