2024.07.24,

Քննադատ

Աջերն ընդդեմ ձախերի, կանայք ընդդեմ տղամարդկանց. կա՞ նման հակամարտություն հայկական սոցիալական մեդիա հարթակներում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մի կես տարի առաջ հրապարակվել էր հետաքրքիր սոցիոլոգիական հետազոտություն, որն իրականացվել էր մի քանի տասնյակ երկներում։ Ըստ դրա վերջին տասը տարում 18-24 տարեկան կանանց շրջանում ակտիվ զարգանում է լիբերալիզմը, տարածվում են ֆեմինիստական գաղափարները։ Իհարկե, երկրից երկիր դրանք կարող են տարբերվել, սակայն տենդենցը ակնհայտ կա։  

Մյուս կողմից, տասը տարվա ընթացքում նույն տարիքի՝ երիտասարդ տղամարդիկ, դարձել են ավելի պահպանողական։ Նրանք առաջ են անցել նախկինում պահպանողականների դրոշակիր համարվող 55-65 տարեկաններից։ Այսինքն, եթե գոյություն ուներ տարածված ընկալում, որ ամեն նոր սերունդ գոնե մի քիչ ավելի լիբերալ է, ապա հիմա երիտասարդ տղամարդկանց մոտ դիտարկվում է պահպանողականության ամրապնդում։  

Հայաստանում իհարկե բարդ է այսքան միանշանակ դատել, թե ինչպիսին է իրավիճակը։ Օրինակ, այն պատճառով, որ հրապարակային սոցիոլոգիան մեր երկրում շատ սակավ է և հաճախ ուղղված է միայն քաղաքական ներկա իրավիճակը ներկայացնելուն։ Բացի դրանից, պատերազմը, ներքաղաքական «գրեթե-պատերազմը» շատ ուժեղ ազդում են հանրային կարծիքների վրա՝ առաջին պլան բերելով պահպանողականությունը որպես արտաքին ագրեսորի դեմ պայքարի միասնականության դրսևորում։ Պահպանողականությունը, հայրենասիրությունը, ազգային արժեքները Հայաստանում աղաքական պայքարի հիմնական միջոցներից են։ Ինչը շատ անորոշ է դարձնում իրական պատկերը, քանի որ շատ հաճախ իրական կարծիքները չեն արտահայտվում՝ հանրային ճնշման վտանգի տակ։  

Ներհայաստանյան տրամադրութունների վրա ազդում են նաև արտաքին քաղաքական գործոնները։ Օրինակ, Ռուսաստան-Արևմուտք ներկա հակամարտության քարոզչական նարատիվներում ակնհայտ երևում է նույն բևեռացումը։ Ըստ հիմնական կողմերի քարոզչական թեզերի, Արևմուտքը զինում է Ուկրաինական բանակը հանուն լիբերալ արժեքների հաղթանակի։ Իսկ Ռուսաստանը իր ողջ քարոզչական մեքենան ամբողջ աշխարհում աշխատացնում է, որպեսզի ներկայացնի ՌԴ-ն և անձամբ Պուտինին որպես ազգային, ընտանեկան արժեքների միակ անկոտրուն պահապան։ Նույնսիկ ամերիկյան ներքաղաքական պայքարը Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի միջև նույն Հայաստանում (և ոչ միայն), ընկալվում է որպես նույն երկու բևեռների պայքար։ 

Եթե դիտարկենք հայաստանյան սոցիալական ցանցերը, որքան դա իհարկե հնարավոր է, ապա պարզ է, որ գերակշռող բովանդակությունը երկու մասի է բաժանվում՝ քաղաքականությունը և ընդհանրապես ապագաղափարախոսական զվարճանքը, կենսական դրսևորումները և զանազան գովազդ։ Եթե դուրս հանենք այս երկու բովանդակային հատվածները, ապա կնկատենք, որ իսկապես հիմնական ու թեժ պայքարը այսօր մղվում է լիբերալիզմի և պահպանողականության միջև։ Ընդ որում, գնալով, ավելի է բևեռականացվում և տարածվում բոլոր ոլորտների վրա։  

Ես դեռ հիշում եմ տարիները, մի քսան տարի առաջ, երբ հայկական ֆորումներում հիմնական պատերազմները վարվում էին «կարմիր խնձորի» թեմաների շուրջ, թե մինչև ամուսնություն սեռական կյանք կա, թե ոչ։ Եվ ում համար կա։ Հիմա գրեթե կամայական թեմա վերածվում է պատերազմների նրա շուրջ, թե չափից շատ «զարգացածներն» են կործանում երկիրը, թե «խավարամիտները»։  

Վատն այն է, որ այս թեմայի շուրջ ագրեսիան գնալով աճում է։ Բևեռները դառնում են անզիջող և ազդում սոցիալական ցանցերում գրեթե կամայական թեմայի քննարկման վրա, ինչն էլ բերում է հանրային կարծիքի, ավելի շուտ, հանրային կարծիքի մասին ընկալումների ձևավորման։  

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում քաղաքականությունը կորցրել է գրեթե բոլոր հատկանիշները բացի պոպուլիզմից, դա նաև նշանակում է, որ այս ամենը կտրուկ ազդեցություն է ունենում նաև քաղաքական պայքարի վրա։ Ու նաև, թվում է թե հեռավոր, բայց արդեն բավականին մոտ ընտրությունների վրա։  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *