2024.07.17,

Նյուսրում

Թուրքական ռադիոկայանը դատարանում է՝ եթերում հնչած Հայոց ցեղասպանություն բառերի համար

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց «ցեղասպանություն» տերմինը։ 

Acik Radyo-ին նախ հինգ օրով զրկել են հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում», ապա երբ ռադիոկայանը չի կատարել տվյալ որոշումը և շարունակել է եթեր հեռարձակվել, խորհուրդը որոշել է առհասարակ չեղարկել ռադիոկայանի լիցենզիան։ Դատարանը չի բավարարել վերջին որոշումն ու հետաձգել է ռադիոկայանի՝ լիցենզիայից զրկելու որոշումը։   

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասում է, որ տեղի ունեցածը միանշանակ հարված է խոսքի ազատությանը, միաժամանակ նա հույս չի հայտնում, որ որոշումը կչեղարկվի։  

Դիտարկմանը, թե ինչո՞ւ RTÜK-ը նման որոշում կայացրեց, երբ Թուրքիայում առաջին անգամ չէր, որ հնչում էր Հայոց ցեղասպանություն եզրույթը կամ դատապարտվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացնեկու հանգամանքը, Բագրատ Էստուկյանն ասաց, որ բարձրագույն խորհուրդը պարտավոր է հսկել հաղորդումներում հնչած մտքերը, պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ու ցույց տալու համար, որ աշխատում է՝ պատժամիջոցներ սահմանել։   

«Ըստ էության, սա փոքր հիշեցում էր թուրքական մյուս լրատվամիջոցներին, վախեցնելու փորձ էր։ Մամուլի մեծամասնությունը Թուրքիայում իշխանամետ է և նրանք խուսափում են ոչ իշխանահաճո հրապարակումներից»,- նշեց Էստուկյանը։  

Խմբագիրն ասաց, որ խոսքի ազատության մակարդակը երկրում իջել է հատկապես 2016 թվականին տեղի ունեցած հեղափոխության փորձից հետո։  

«Խոսքի ազատությունը վիժելի է, 15-16 տարեկան պատանիներ բանտում են հայտնվում՝ նախագահին անարգելու մեղադրանքով։ Լրատվամիջոցներն էլ, բնականաբար, աշխատում են զսպված։ Հայալեզու լրատվամիջոցներն էլ որոշ զգուշություն պահում են, խուսափում են պետական սկզբունքների հետ հակասական բովանդակության հոդվածներից։ Միայն մենք ենք, որ մի քիչ ավելի համարձակ ենք որպես ընդդիմադիր լրատվամիջոց, բայց սահմանափակ համարձակությամբ։ Կան թեմաներ, որոնց մասին չենք խոսում կամ խոսում ենք փափուկ։ Օրինակ Կիպրոսի հարցում, նախագահի հանդեպ հնչած քննադատությունների հարցում փափուկ ենք, զգույշ ենք»,- մանրամասնեց Բագրատ Էստուկյանը։ 

Խոսելով այն մասին, թե արդյոք թուրքական մամուլը անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, օրինակ Մարգարա անցակետի հնարավոր բացման սպասումներին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, Բագրատ Էստուկյանը բացասական պատասխան տվեց։  

Խմբագիրը շեշտեց, որ այս հարցերն առհասարակ չեն քննարկվում մամուլում, երբեմն դրանց մասին գրում է իշխանական մամուլը, երբ այդ մասին խոսում է որևէ իշխանական պաշտոնյա, երբ տեղի է ունենում որևէ պրատակոլային հանդիպում կամ հայտարարություն։  

«Քանի որ մամուլը չի խոսում, այս հարցերը օրակարգ չի բերում, մարդիկ էլ չեն խոսում։ Երկիրը բավական ծանրաբեռնված ներքին քաղաքական օրակարգ ունի, մասնավորապես տնտեսական ճգնաժամի հարցերով է ծանրաբեռնված։ Այս մասին կարդալը բնակչությանը բնականաբար ավելի հետաքրքիր է։ Հասարակությունը քննարկում է այն, ինչ քննարկում է մամուլը»,- ընդգծեց Էստուկյանը։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *