2024.07.02,

Ստուգված է

Ռուբեն Գրիգորյանի սխալ պնդումները՝ Վարդենուտում օտարվող հողերի մասին

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Արագածոտնի մարզում լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիր կառուցել ծրագրող «ՌԻԴ» ընկերության հիմնադիր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը հունիսի 27-ի հարցազրույցում խոսել է Վարդենուտ գյուղի բնակիչների բողոքի ակցիաներից և նրանց պահանջը համարել հարստանալ փորձելու միջոց։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2023-ի մարտի 2-ին հավանություն տվեց «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արագած» ծրագրին, որով նախատեսվում է լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիր ստեղծել Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերում։ Վարդենուտ գյուղի բնակիչները, սակայն, ամիսներ շարունակ դժգոհում են իրենց հողերի փոխհատուցման չափից՝ մեկ քառակուսի մետրի համար սահմանված 340 դրամը համարելով չնչին գումար։ Գյուղացիներն այդ հարցով ստորագրահավաք էին արել և իրենց պահանջները ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 1 քառակուսի մետրի համար պահանջելով 2000 դրամ։

Հարցազրույցում Ռուբեն Գրիգորյանը ասել է, որ Վարդենուտի օտարված հողերի կադաստրային արժեքը մինչև 90 դրամ է՝ «Պիտի ասեմ, որ հիմա էլ՝ այս օրերին, հողերի կադաստրային գինը մինչև 90 դրամ է»,- ասել է նա։

Ամիսներ առաջ media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, անդրադարձել էր այս թեմային։ Մենք պարզել էինք, որ հողերի կադաստրային արժեքը ավելի բարձր է, քան օտարման համար սահմանված գինը։ Պատահականության սկզբունքով ընտրել էինք օտարվող 274 հողերից երեքը և ստուգել դրանց կադաստրային գինը։ Պարզել էինք, որ արժեքներն են 461, 722 և 500 դրամ՝ քառակուսի մետրի համար, այն դեպքում, որ հողերն օտարվում են 340 դրամով։ Կարևոր է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքը, որպես կանոն, մի քանի անգամ ավելի էժան է շուկայական արժեքից։

Երեք հողամասերը՝ կադաստրի քարտեզում

Այսպիսով՝ պնդումը, թե օտարվող հողերի կադաստրային արժեքը մինչև 90 դրամ է, սխալ է։

Հաջորդիվ Ռուբեն Գրիգորյանը նշում է, թե 8-10 հոգի թույլ չեն տալիս, որ մարդիկ պայմանագրեր կնքեն՝ նկատի ունենալով բողոքող գյուղացիների փոքր թիվը։

«Մի խումբ մարդիկ՝ մոտ 8, 9, 10 հոգի, պահում են սպառնալիքի տակ ամբողջ գյուղը և չեն թողնում, որ մարդիկ գան և պայմանագրեր կնքեն»,- ասում է գործարարը։

«Ստուգված է»-ի՝ Վարդենուտ այցի ժամանակ (մարտի 1, 2024թ․) գործարքի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնում մոտ երեք տասնյակ մարդ։

Վարդենուտի բնակիչների բողոքի ակցիան, 2024թ․, մարտի 1

«Ազատություն» ռադիոկայանի՝ հունիսի 24-ի ռեպորտաժում կարելի է նկատել, որ բողոքող մարդկանց թիվն էլ ավելի է մեծացել․

«ՌԻԴ» ընկերության ղեկավարը նաև ասում է, որ նոր գին սահմանելու համար անհրաժեշտ է արտոնված գնահատողի գնահատական, մինչդեռ գյուղացիների ներկայացրած գնահատումը խորհրդատվական բնույթ ունի, Կադաստրի կոմիտեն դրանք որպես հիմք չի ընդունում։

Այս պնդումն իրական է․ երկու գյուղացիներ մեզ էին ներկայացրել իրենց հողի շուկայական արժեքի նախնական գնահատման թղթերը: Մի դեպքում գնահատումն իրականացրել էր «Ֆինլոու»-ն՝ հողի քառակուսի մետրի արժեքը գնահատելով 2600 դրամ, մյուս դեպքում գնահատումն արել էր M&G GROUP-ը՝ քառակուսի մետրի արժեք սահմանելով 1500 դրամ։ Երկու փաստաթղթերում էլ նշվում էր, որ դրանք խորհրդատվական բնույթի են։ Ընկերություններից ևս մեզ փոխանցել էին, որ դրանք իրավական ուժ չունեն։

Կարևոր է, սակայն, որ երկու ընկերություններն էլ հրաժարվել են հետագա համագործակցությունից։ Մասնավորապես՝ վարդենուտցիներից Հրանտ Գյուրջյանի խոսքով՝ ինքը դիմել է նաև իրավական ուժ ունեցող գնահատման ակտի համար, սակայն «Ֆինլոուն» հրաժարվել է հետագա համագործակցությունից։

Նույնն է եղել նաև M&G GROUP-ի պարագայում։ Ընկերությունից, որպես պատճառաբանություն, մեզ ասել էին, որ հրաժարվելն իրենց «մոտեցումն է եղել»։

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարդենուտցիները բողոքել էին, որ «ՌԻԴ»-ի իրականացրած գնահատումը արժանահավատ չէ․ «Մենք բողոքարկել ենք, բայց դրա հետ միասին այնպես են արել, որ ուրիշ գնահատողները խուսափեն գալ, գերակա շահի տակ եղածը՝ դատական գործեր կբացվի, գնահատողմները էդ 30-40 հազարի համար չեն ուզում քաշքշուկի մեջ ընկնեն», – ասել էր բնակիչներից մեկը:

Մանրամասներ Ռուբեն Գրիգորյանի և նրա բիզնեսների մասին

Հայաստանյան մեդիայում Ռուբեն Գրիգորյանի անունը սկսեց շրջանառվել 2017 թվականին՝ Երևանի ավագանու ընտրությունների շրջանում. ռուսաստանահայ գործարարը հայտարարել էր, որ պատրաստ է ֆինանսավորել Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությանը։ Գրիգորյանը նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության քննադատներից էր։

Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ընկերությունը գործում է ռուսական «Ռուցոգ-ինվեստ» շինարարական հոլդինգի կազմում։ «Ռուցոգ-ինվեստը» Ռուսաստանում գործող խոշոր կառուցապատող հոլդինգ է, որը կառուցում, վաճառում ու վարձակալության է տալիս բազմաֆունկցիոնալ առևտրային օբյեկտներ ու բարձրակարգ բնակելի համալիրներ։ Ռուսական SPARK համակարգից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը մասնակցել է 10 արբիտրաժային գործերի, որոնցից 4-ում եղել է պատասխանող։

«Ռուցոգ-ինվեստը» Կրեմլի մոտակայքում կառուցել է «Նիկոլսկայա պլազա» առևտրի խոշոր կենտրոնը (որը վաճառելու որոշում կայացրեց 2023 թվականին), հինգաստղանի «St. Regis Moscow» հյուրանոցային համալիրը, Մոսկվայի հայկական թանգարանը, «Օլիմպիկ պլազա» բազմաֆունկցիոնալ երկու կենտրոնները և այլն։

«Արագածը» Գրիգորյանի «Ռուցոգ-ինվեստի» կողմից Հայաստանում իրականացվող միակ ծրագիրը չէ։ 2023-ի մարտին հայտնի դարձավ, որ «Ռիդ»-ը մտադիր է բարեկարգել մանկական երկաթուղին և այնտեղ կառուցել ճոպանուղի։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել էր 150 մլն դոլար։ Այս տարվա ապրիլին, սակայն, ընկերությունը  հաղորդեց արդիականացման նախագծից հրաժարվելու մասին։ Նրանց հիմնավորմամբ՝ չէր հաջողվել ստանալ քաղաքապետարանի հավանությունը։

«Ռուցոգ-ինվեստը» նաև ներկայացրել էր Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծ, ապա մեղադրել Երևանի քաղաքային իշխանություններին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չձեռնարկելու համար։ «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հակոբ Կարապետյանն այդ հայտարարությունը տարօրինակ էր անվանել՝ ընդգծելով, որ Կոնդի վերակառուցման ռազմավարությունը գտնվում է քննարկումների փուլում, և այդ գործընթացը դեռ չի հասել ներդրողների ներգրավման փուլին:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ փոխանցեց, որ այժմ ընտրված ծրագրեր չկան, հայեցակարգն ուղարկվել է Քաղաքաշինության կոմիտե՝ հաստատման, որից հետո միայն կսկսի հողերի օտարման գործընթացը, ապա մրցույթ կհայտարարվի։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *