2024.06.20,

Նյուսրում

Ինչու սահմանել կիբեռհանցագործության ցանկ

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Կառավարությունն առաջարկել է սահմանել կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։  

ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, առաջարկը հիմնավորել է Հայաստանում կիբեռհանցավորության մեծ աճով։ Նա նշել է, որ կա խնդիր ինդենտիֆիկացնելու, թե որոնք են կիբեռհանցագործությունները։  

«Քրեական օրենսգրքում ունենք համակարգչային համակարգի և համակարգչային ցանցի դեմ ուղղված հանցագործությունների դեմ առանձին գլուխ։ Ենթադրվում է, որ այն պետք է ամբողջովին ներառեր բոլոր կիբերհանցագործությունները, սակայն, շփոթ կա հանրության շրջանում, որ ինչը կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ բոլորը կիբերհանցագործություններ են։ Շփոթը պետք է ցրել։  

Կիբեռհանցագործությունն ունի հստակ օբյեկտ, համացանցի կիրառմամբ ոչ բոլոր հանցագործություններն են, որ պետք է դիտարկել որպես կիբերհանցագործություն։ Եթե այդպես դիտարկենք ցանկացած հանցագործության նախապատրաստում կարող է կազմակերպվել համացանցում ու այս տրամաբանությամբ ստիպված կլինենք ամբողջ քրեական օրենսգիրքը դիտարկել որպես կիբերհանցագործություն»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը։ 

ARMOURIX ընկերության որոնողական համակարգերի օպտիմիզացիայի մասնագետ Մարտին Միսակյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ կիբերհանցագործությունների ցանկի սահմանման առաջարկով հանդես գալն ունի երեք պատճառ․  

Առաջինը՝ օրենքների ճշգրտությունը և առանձնահատկությունն են։ 

Ըստ նրա՝ հատուկ ցանկի ստեղծումը կօգնի խուսափել սահմանման մեջ թյուրիմացություններից․ «Հանցագործությունների հստակ սահմանված կատեգորիաները թույլ կտան իրավապահ մարմիններին արդյունավետորեն պայքարելու խախտումների դեմ, իսկ քաղաքացիներին հասկանալու՝ ո՞ր գործողություններն են անօրինական»։ 

Երկրորդ պատճառը՝ նոր սպառնալիքներին հարմարվելն է։ Մարտին Մինասյանն ասում է, որ կիբերտարածությունը շատ արագ զարգանում է, հանցագործները գտնում են նորանոր ուղիներ՝ օրենքը խախտելու համար։ «Հանցագործությունների համակարգումը թույլ կտա ավելի արագ օրենսդրությունը հարմարեցնել նոր սպառնալիքներին, ինչը կբարձրացնի դրա արդյունավետությունը»,- նշում է նա։ 

Երրորդը՝ միջազգային հեշտացված համագործակցությունն է՝ կիբեռհանցագործությունների միասնական ցուցակը հեշտացնում է փոխգործակցությունը այլ երկրների հետ արտահանձնման և անդրազգային հանցագործությունների հետաքննության հարցերում։ 

Ներկայացնելով ցանկը ՆԳՆ փոխնախարարը հայտնել է, որ խոսքը տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հետևյալ հանցատեսակների մասին է՝ 

-հեղինակային և հարակից իրավունքների խախտում,  

-արտոնագրային իրավունքի խախտում, 

-համակարգչային հափշտակություն,  

-մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռքբերելը,  

-ատելություն, թշնամանք, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելը կամ դրանց քարոզին ուղված հրապարակային խոսքը, այդ նպատակով նյութեր ստեղծելը կամ տարածելը,  

-բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը, 

-համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը և այլն։  

Ինչպե՞ս են այդ դեպքում պատժվել կիբերհանցագործները, եթե նման ցանկ օրենքով նախատեսված չի եղել։  

Մարտին Մինասյանը պատասխանում է, որ պատժիչ գործողությունները հիմնված են եղել քրեական և վարչական օրենսգրքերի ընդհանուր դրույթների վրա։ Սա կարող է ներառել հոդվածներ խարդախության, համակարգչային տեղեկատվությանն անօրինական մուտք ունենալու, հեղինակային իրավունքի խախտման և այլ իրավախախտումներով։ Միաժանակ նա չի թաքցնում, որ հստակ համակարգվածության բացակայությունը իրավական բացեր է ստեղծել և դժվարացրել պատժի գործընթացը։  

Ըստ Մարտին Մինասյանի, որպեսզի այս օրենքը չմնա թղթի վրա ու արդյունավետ գործի, հարկավոր է ուսուցանել իրավապահ մարմիններին՝ աշխատակիցներին ուղարկել մասնագիտական վերապատրաստումների, ձեռքբերել տեխնիկական սարքավորումներ՝ Ժամանակակից տեխնոլոգիաները և գործիքները հնարավորություն են տալիս արագ և ճշգրիտ բացահայտել կիբերհանցագործություններ։  

Որպեսզի հանրությունն էլ չդառնա կիբերհանցագործությունների զոհ, մասնագետը խորհուրդ է տալիս՝  

-աշխատել մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու ուղությամբ,  

-մշտապես ապահովել ծրագրային թարմացումները, որպեսզի չդառնալ խոցելի, 

-կոդավորել գաղտնի տեղեկատվությունը և այն հնարավորինս անհասանելի դարձնել հարձակվողներին,  

-կիրառել երկփուլային նույնականացում, օգտագործելով լրացուցիչ հաստատման մեթոդներ, ինչպիսիք են SMS-ով ստացվող կոդերը, այդպիսով նվազեցնելով չարտոնված մուտքի վտանգը,  

-բարդ և եզակի գաղտնաբառերի կիրառում յուրաքանչյուր հաշվի համար, 

– զգուշավորություն պահել կասկածելի նամակներից ու հավելվածներից, 

– օգտագործել հակավիրուսային ծրագրեր։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ինչու սահմանել կիբեռհանցագործության ցանկ”
  1. Areg Vardanyan says:

    Հայաստանում պակաս կա միայն ethical hacker֊ների եւ այդ իսկ պատճառով է այս ամենը հասել բարձր ցուցանիշների , Հայաստանում պետք է բացվեն ethical hacking֊ի դասավանդման պրոցես , քանի որ Հայստանում IT աշխարհը գնալով զարգանում է ,network ում պետք է լինի մեղմ միջավայր , որպեսզի մարդիկ իրենց գործը ավելի արդյունավետ համարեն , կցանկանայի նաեւ ասել , որ պետք է ՀՀ ում ստեղծել իրական ծրագրավորման վիզուալիզացիայի պատկերացման միջավայր եւ լրացնել cybersecurity մասնագետների տեղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *