2011.04.01,

Նյուսրում

«Շանթ հեռուստաընկերության լրագրողն էթիկայի խախտում է թույլ տվել»

2010 թվականի նոյեմբերի 10-ին «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը գնացել էր Սեւան, որտեղ դրանից երկու օր առաջ որդին իր ծնողներին դաժանորեն սպանելուց հետո, հարեւանների խոսքերով, բնակարանից փախչելիս ասել էր. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»: 

Այս դեպքը «Շանթ» հեռուստաընկերության համար ինֆորմացիոն առիթ է դարձել ՝ տեղի կրոնական կազմակերպություններից մեկի գործունեությունը լուսաբանելու համար: Իրենց նկարահանումն իրականացնելու նպատակով «Շանթի» լրագրող Արփի Սուքիասյանը եւ օպերատոր Էդուարդ Պետրոսյանը տեղացիներից տեղեկացել են «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի մասին: Առանց թույլտվության մտել են կրոնական կազմակերպության հովվի՝ Վլադիմիր Բաղդասարյանի մասնավոր սեփականություն հանդիսացող շենք, (նախկինում եղել է կինոթատրոնի շենք), որը ծառայում է որպես բնակարան եւ կրոնական կազմակերպության անդամների հավաքատեղի, եւ ներսում գտնվող անձանց պահանջներին հակառակ՝ բարձրացել շենքի երկրորդ հարկ ու կատարել նկարահանումները: 

Նույն օրը «Հորիզոնի» երեկոյան թողարկման ժամանակ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ցուցադրել, որում ներկայացված է եղել, թե հովիվը նկարահանող խմբի նկատմամբ բռնություն է կիրառել՝ ապտակելով օպերատորին:

Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը, «Շանթի» ներկայացված ռեպորտաժն ընդունելով որպես կատարված հանցագործության մասին հաղորդում, քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 164՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով:

Վլադիմիր Բաղդասարյանն ասում է, որ բռնություն չի կիրառել եւ չի խոչընդոտել լրագրողների գործունեւությանը:

«Ես գտնվել եմ իմ սեփականությունը հանդիսացող շենքում: Այդ մարդիկ մի քանի նախազգուշացումներից հետո ապօրինի ներխուժել են ներս: Անգամ չեն էլ ներկայացել: Մոտեցել, քաղաքավարի խնդրել եմ դուրս գալ, տեսախցիկի օբյեկտիվը  ձեռքով մի կողմ եմ տարել եւ կրկին բացատրելուց հետո ձեռքից բռնել դուրս եմ հանել»,- ասում է նա:

Իր խոսքերով՝ ինքը բանավեճի ընթացքում գնացել է, որպեսզի ոստիկանություն զանգի, երբ վերադարձել է, նկարահանող խումբն արդեն գնացած է եղել, իսկ երեկոյան հեռուստատեսությամբ հայտարարել են, որ ինքը հարձակվել է «Շանթի» նկարահանող խմբի վրա:

«Շանթի» լրագրողն ու օպերատորը խուսափում են մեկնաբանել դեպքը: Լրագրող Արփի Սուքիասյանն ասում է՝ «Թողնենք դատավարությանը», գործով տուժող՝ օպերատոր Էդուարդ Պետրոսյանը կցկտուր պատասխաններ է տալիս. ասում է, որ քաշքշուկ է եղել, հովիվն իրեն ապտակել է, ինչը, իր խոսքերով, կարելի է լսել նաեւ ռեպորտաժում:

«Ռեպորտաժում ձայն է լսվում, ու իրենց ներկայացուցիչը մեկնաբանում է՝ սա մեր օպերատորին հասցված հարվածի ձայնն է: Եթե այդ տեսագրությունը կա, եթե իրենք այդքան պրոֆեսիոնալ են եւ մինչեւ վերջ նկարել են, ուրեմն պետք է ցույց տան, որ ես չեմ ապտակել»,- ասում է Վլադիմիր Բաղդասարյանը: 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ այս դեպքում լրագրողի կողմից էթիկայի խախտում է թույլ տրվել: Նրա խոսքերով՝ լրագրողական էթիկայի առաջին եւ կարեւորագույն պահանջներից մեկը ներկայանալն է:

«Էթիկան պահանջում է պատշաճ կերպով ներկայանալ, որպեսզի զրուցակիցը հասկանա, թե ում հետ գործ ունի եւ ինչ պետք է խոսի, դրանով մարդն ավելի պատասխանատու է մոտենում իր խոսքերին, իր ասածին»,- ասում է նա:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս կոնֆլիկտը ծագել է փոխադարձ անհանդուրժողականության պատճառով. մի կողմից լրատվամիջոցի ներկայացուցիչներն իրենց բավական քաղաքակիրթ, էթիկայի նորմերին համապատասխան չեն պահել, մյուս կողմից՝ կրոնական կազմակերպության ղեկավարն այնքան էլ բարեհամբույր չի եղել:

Անկախ իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ այս դեպքում լրագրողի մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել, ավելին՝ մարդու կամքին հակառակ նրա բնակարան մուտք գործելը հանցագործություն է: 

«Համաձայն՝ Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում եւ քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ ապօրինաբար եւ բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից»:  Այսինքն՝ անգամ ապտակը տվյալ դեպքում իրավաչափ է»,- ասում է նա:

Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանն ասում է, որ օրենքի բազմաթիվ խախտումներ կան թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում:

«Բաղդասարյանի դեմ քրեական գործը պետք է հարուցեին հանցագործության մասին հաղորդում ստանալուց 10 օրվա ընթացքում: Հաղորդումը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 10-ին, քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 24-ին՝ ամիս ու կես հետո», -ասում է Ռեւազյանը:

Առաջին նախնական դատական նիստին մեղադրյալ կողմը դատավորին եւ դատախազին ինքնաբացարկ եւ բացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացրեց՝ կանխակալ վերաբերմունք ունենալու համար, որոնք, սակայն, մերժվեցին: Դատավորը մեղադրյալ կողմին գործի նյութերին ծանոթանալու համար 20 օր ժամկետ տվեց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով ապրիլի 21-ին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *