Հունիսի 12-ին Երևանում խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների, ցուցարարների հետ ոստիկանների բախումների հետևանքով տուժել են նաև տեղում աշխատող լրագրողներ, օպերատորներ և լուսանկարիչներ։
Վնասվել է ու կորել են ոմանց տեխնիկական միջոցները։
NEWS.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը ոտքի կոտրվածք է ստացել։ Կայքը գրում է, որ նա Առաջին համալսարանական հիվանդանոցում է և, հավանաբար, կվիրահատվի։
«Առաջին լուսաձայնային նռնակի պայթելուց հետո սկսեցինք փախչել դեպի Սիրահարների այգի, որտեղ ևս մեկ լուսաձայնային նռնակ նետեցին փախչող մարդկանց ուղղությամբ։ Այդ ժամանակ ես ստացա վնասվածքներ։ Առաջին օգնությունն ինձ ցուցաբերեցին քաղաքացիները։ Շտապօգնությունը չէր կարողանում մոտենալ այդ տարածքին։ Ինձ գրկած տեղափոխեցին վրան։ Այնտեղ բժիշկ կար, որն իմ վերքը մշակեց, վիրակապեց։ Ավելի ուշ մոտեցավ շտապօգնության մեքենան ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմել է Վազգեն Եթումյանը։
Նույն վայրում բախումների ժամանակ վնասվել է նաև ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը։ Նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Կայքը հայտնում է, որ օպերատորի ինքնազգացողությունը նորմալ է։ Շարքից դուրս է եկել ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակման տեխնիկան։
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը, AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։
Վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: