2024.05.27,

Նյուսրում

Տեղական մեդիան առաջին ձեռքից լուսաբանեց Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ավերածությունները   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանյան լրատվամիջոցների գլխավոր թեման երեկ Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումների հետևանքով առաջացած ավերածություններն էին։  

Չդադարող հորդառատ անձրևների հետևանքով՝ մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերի գետերը վարարել էին ու հեղեղել շրջակա բնակավայրերը։  

Զոհեր, անհետ կորածներ, փլուզված ճանապարհներ ու կամուրջներ, ավերված ու շրջափակման մեջ հայտնված բնակավայրեր․ սա այն է, ինչի մասին երկվանից պատմում է հայկական մեդիան։  

Իրադարձությունների ողբերգական զարգացումների առաջին իսկ ժամերից սկսած, փրկարար ծառայողների հետ միասին դեպքի վայրում էին Լոռու ու Տավուշի մարզերի տեղական լրատվամիջոցների լրագրողները։ 

Media.am-ը զրուցել է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության և Տավուշի մարզի «Տավուշ մեդիայի» լրագրողների հետ։ Նրանք պատմել են, թե ինչպես են աշխատել արտակարգ իրավիճակում։ 

Լուսինե Փարսադանյան, «Անկյուն +3» հեռուստաընկերության լրագրող 

Մայիսի 25-ին չդադարող վարար անձրև էր։ Մենք՝ ալավերդցիներս, մտավախություն ունեինք, որ կարող է վարարում լինել։ Դեբետն ամեն տարի գարնանը վարարում է, բայց չէինք պատկերացնում, որ վարարումն այս աստիճան կարող է լինել։  

Կիրակի գիշերը՝ 11-ի սահմանում, գետի հարակից վայրերում տեսել էին, որ ջրերը սկսել են ներթափանցել շենք շինություններից ներս և մարդկանց սկսել էին տարհանել։ 

Քանի որ գիշերը աշխատելու հնարավորություն չունեինք, մեր թիմը սկսել է իր աշխատանքները վաղ առավոտից՝ դեռ 8-ը չեղած։ Փորձել ենք հնարավոր բոլոր միջոցներով՝ հեռախոսներով, տեսախցիկներով նկարահանել ու հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքագրել։ Քանի որ կային փլուզված ճանապարհներ ու կամուրջներ, չէինք կարողանում քաղաքից դուրս գալ։ Բնակավայրեր կային, որոնց հետ կապը լրիվ կտրվել էր։ Օրինակ՝ Հաղպատ, Ախթալա, Քոբայր, Այրում բնակավայրերը շրջափակման մեջ էին ու կղզիացած էին։   

Լուսինե Փարսադանյանը Ժամը լրատվականի ուղիղ միացման ժամանակ

Եղել ենք բավականին վտանգավոր տեղերում։ Նկարահանումների գնալու ընթացքում ստիպված էինք անցնել ճեղքված ու ճաքած ճանապարհներով, որոնք ցանկացած պահի կարող էին փլուզվել։ Գիտակցելով բոլոր վտանգները՝ փորձել ենք գնալ, հասնել վարարումից տուժած բնակավայրեր, ներկայացնել իրավիճակն ու զրուցել բնակիչների հետ։  

Նմանատիպ իրավիճակներում առաջնային է դառնում լրագրողական էթիկական սկզբունքները պահպանելու կարևորությունը։ Մեր նկարահանումների ընթացքում փորձել ենք հնարավորինս պահպանել այդ կանոնները, փորձել ենք տրամադրել միայն ճշտված ինֆորմացիա ու ավելորդ խուճապ չտարածել բնակիչների շրջանում։ 

Արտակարգ իրավիճակներում աշխատելը նաև բավական բարդ է հուզական իմաստով։ Մարդիկ շատ լարված ու հուզական վիճակում էին։ Հեռվից անգամ հասկանալի էր, թե որ բնակիչն է պատրաստ խոսել, ներկայացնել իրավիճակը, որը՝ ոչ։  

Մեր աշխատանքը շատ բարդացնում էր կապի բացակայությունը կամ շատ թույլ լինելը, նույնիսկ թիմի անդամներով շատ դժվար էինք միմյանց հետ կապ հաստատում։ Այդ պատճառով էլ չէինք կարողանում ուղիղ միացումներ իրականացնել, բայց ամբողջ օրվա ընթացքում աշխատել ենք արտակարգ ռեժիմով։ Աղետից տուժած բնակավայրերի մասին տեսանյութեր ենք պատրաստել։ Մեր պաշտոնական կայք էջի ու ֆեյսբուքյան էջի միջոցով անընդհատ թարմացվող լրահոս ենք ներկայացրել։  

Համագործակցել ենք նաև երևանյան խմբագրությունների հետ։ Երեկ մոտ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների լուսանկարներ ու տեսագրություններ ենք տրամադրել։ Նմանատիպ դեպքերը ևս մեկ անգամ շեշտադրում են կայացած մարզային լրատվամիջոցներ ունենալու անհրաժեշտությունը, արժևորում մարզային մեդիաների դերն ու նշանակությունը։ 

Էռնեստ Խանումյան, «Տավուշ մեդիայի» լրագրող 

«Տավուշ մեդիան» արտակարգ ռեժիմով սկսել է աշխատել կիրակի առավոտից։ Մենք երեկ առավոտյան 10։30 հատվածում արդեն Հաղարծին գյուղում էինք, որտեղ ճանապարհը փլուզվել էր, գետն ամբողջությամբ քշել տարել էր 3 տուն, բազմաթիվ տներում վարարած գետի ջրերի ներթափանցումներ էին եղել։   

Կիրակի ամբողջ օրը Հաղարծին գյուղում ենք եղել, փորձել ենք կառավարման մարմինների աշխատանքին հետևել, բնակիչների հետ զրուցել, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, հավաքագրել ու ներկայացրել ենք նրանց կարիքները։ 

Ուղիղ միացումներ ենք ունեցել ինչպես Հաղարծին գյուղից, այնպես էլ փլուզված ճանապարահատվածների մոտակա վայրերից։ Մեր արտակարգ թողարկումների ընթացքում ներկայացրել ենք ավերված բնակավայրերի մասին պատմող ռեպորտաժներ, տարբեր հարցազրույցներ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։  

Մեր նկարահանող խմբերը տեղում աշխատող փրկարարների ու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ փորձում էին հասկանալ, որքանով է մեծ հավանականությունը, որ ճանապարհի այլ հատվածներ էլ կարող են փլուզվել։  

էռնեստ Խանումյան, Տավուշի մարզ՝ գյուղ Հաղարծին

Օպերատիվությունից բացի, երեկ մեր ուշադրության կենտրոնում էր նաև հավաստի, ճշտված ինֆորմացիա փոխանցելը։ Արտակարգ իրավիճակների ժամանակ մի քանի անգամ ավելանում են ինֆորմացիոն հոսքերը։ Եվ կարիք է առաջանում ավելի զգոն և ուշադիր լինել՝ չճշտված տեղեկություն չտարածելու համար։  

Երեկ օրինակ մենք բախվեցինք այդ խնդրին։ Անընդհատ տեղեկություն էինք ստանում, որ 3 տուն չի փլուզվել 1 տուն է փլուզվել, հետո էլ ասում էին, որ 7 տուն է փլուզվել ու մենք խնդիր ունեինք հասկանալու ու ճշտելու այդ ինֆորմացիաները։  

Մարդիկ տագնապային հոգեվիճակում էին, շատերը խուսափում էին խոսել, դա ավելի էր բարդացնում մեր աշխատանքը։ Եվ խնդիր կար օպերատիվ լուսաբանելով կատարվող ողբերգական իրողությունները՝ հավելյալ խուճապ չառաջացնել, մարդկանց ավելորդ չահաբեկել։ 

Հենց այդ խնդիրներ լուծելու համար էլ մենք սերտորեն համագործակցել ենք ինչպես Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ, այնպես էլ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ։ 

Բացի թարմացվող լրահոսից, թե՛ մեր Ֆեյսբուքյան էջում, թե՛ «Տավուշ մեդիայի» եթերում ամբողջ օրվա ընթացքում ներկայացրել ենք անվտանգության կանոնների մասին պատմող հոլովակներ։ Պատմել ենք անվտանգության վարքականոնների մասին, թե ինչ է պետք անել ջրհեղեղների ժամանակ կամ դրանցից հետո։  

Այսօր էլ մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով։ Նորից գնացել էինք Հաղարծին։ Պետք է ասեմ, որ իրավիճակն այսօր համեմատաբար ավելի կայուն էր։ Ճանապարհը միակողմանի բաց էր։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *