Լրատվամիջոցներն իրենց ամենօրյա աշխատանքում լրագրողական էթիկան ու որակյալ լրագրության ստանդարտները պահպանելու, վստահելի, թափանցիկ ու հաշվետվողական լինելու մասին, այսուհետև իրենց լսարանին կպատմեն ընդամենը մեկ նշանի միջոցով։
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին անդամակցած 82 լրատվամիջոցներն արդեն հնարավորություն ունեն իրենց կայքերում տեղադրել ԴՄ-ի լոգոն՝ որպես «Էթիկայի նշան»։
Կայքում «էթիկայի նշան»-ի առկայությունը կվկայի, որ տվյալ լրատվամիջոցը կամավոր կերպով միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր»-ը։
«էթիկայի նշան»-ը ընթերցողներին կտեղեկացնի նաև, որ լրատվամիջոցի հետ կապված խնդիրների ու բողոքների դեպքում, քաղաքացին կամ կազմակերպությունը կարող են բողոք-դիմում ներկայացնել Դիտորդ մարմնին և խնդրել ուսումնասիրել ու ներկայացնել մասնագիտական եզրակացություն։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանն ասում է, որ «Սպիտակ ցուցակ»-ը նախաձեռնության աշխատանքային անվանումն է, վերջնական տարբերակը դեռ քննարկվում է։ Սպիտակ ցուցակում ընդգրկվելու համար լրատվամիջոցը պետք է բավարարի 3 հիմնական չափորոշչի։
«Առաջինը որևէ տիպի ինքնակարգավորման մոդելի առկայությունն է, օրինակ՝ լրատվամիջոցն ունի մեդիա օբուդսմեն, կամ անդամակցում է Դիտորդ մարմնին կամ որևէ այլ ինքնակարգավորման մարմնի անդամ է։ Հաջորդ կարևոր պայմանը նույնականացումն է։ Լրատվամիջոցն իր ընթերցողին պետք է տեղեկացնի իր գործունեության հասցեի, խմբագրակազմի, անձնակազմի մասին։ 3-րդ չափորոշիչը լրատվամիջոցի ֆինանսական թափանցիկությունն է։ Լսարանը պետք է իմանա, թե ով է լրատվամիջոցի սեփականատերը, որտեղի՞ց է լրատվամիջոցը ֆինանսավորվում, ի՞նչ դոնորային կազմակերպությունների հետ է համագործակցում»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նա նշում է, որ «Սպիտակ ցուցակը» կարող է աշխատել նաև որպես խրախուսման մեխանիզմ, կարող է ունենալ բոնուսային համակարգ։ Այն կարող է վստահության ազդանշան դառնալ, ինչպես գովազդատուների, այնպես էլ դոնորային կազմակերպությունների համար։
«Սպիտակ ցուցակ» նախաձեռնությունը կօգնի նաև մեդիասպառողին։ Թույլ կտա տեղեկատվական այս քաոսից հեշտորեն ընտրել պրոֆեսիոնալ բարձր չափորոշիչների հետևող լրատվամիջոցների ու սպառել միայն որակյալ տեղեկատվություն։
«Լսարանի կողմից այսօր կա շատ հստակ պահանջ, որ լրատվամիջոցը արդար ու ազնիվ աշխատի։ Թե՛ «էթիկայի նշանը», թե՛ պայմանականորեն ասած «Սպիտակ ցուցակը» օգնելու են, որ լրատվամիջոցն իր լսարանի հետ նորմալ կապ ապահովի, ինչն այսօր շատ լուրջ խնդիր է»,- ասում է Արթուր Պապյանը։
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ, Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը պատմում է, որ ինքնակարգավորման համակարգերի, ինքնակարգավորման մեխանիզմների կայացման գործընթացը տարիներ շարունակ եղել է Մամուլի ակումբի գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Մեդիայի ինքնակարգավորման ինստիտուցիոնալ զարգացումը հատկապես կարևոր է այսօր, երբ մեդիայի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը շատ ցածր է, պետությունն էլ քննարկում է համակարգավորման մեխանիզմներ ներդնելու մոտեցումը։
«Երբ խոսում ենք էթիկայի մասին, երբ խոսում ենք ինքնակարգավորման մեխանիզմների ինստիտուցիոնալացման մասին, դա ենթադրում է, որ պետության միջամտության ահնրաժեշտությունը լրատվամիջոցների գործերում պետք է նվազի, օրինակ՝ դատական գործերը լրատվամիջոցների և լրագրողների դեմ պետք է նվազեն, օրենքների միջոցով դաշտը կարգավորելու պրակտիկան պետք է նվազի։ Լրատվական դաշտը պետության ձեռքում եղած կամ ստեղծվող լծակները պետք է փոխարինի այնպիսի մեխանիզմներով և գործիքակազմով, որոնք հենց ինքն է առաջարկում»,- ասում է Նավասարդյանը։
Նրա կարծիքով, այսօր, երբ տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ օրեցօր ընդլայնվում է տեղեկատվական դաշտը, այն չի կարող կառավարվել միայն պետական կարգավորման միջոցներով։ Լրատվամիջոցներն էլ պետք է պատասխանատու լինեն։ Այդ պատասխանատվությունն ու հաշվետվողականությունն էլ կօգնեն մեդիադաշտում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ բևեռացվածությունը, ատելության խոսքի աճող ծավալները և էթիկական այն բոլոր խնդիրները, որոնք հանգեցնում են վստահության պակասի։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: