2024.05.10,

Նյուսրում

Ազատության խմբագրական քաղաքականության «կարելիներն» ու «չի կարելիները»    

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Անաչառություն, անկողմնակալություն, լսարանի հետ ազնիվ լինելու պատասխանատվություն․ սրանք մի մասն են այն հիմնական սկզբունքների, որոնց շուրջ իր խմբագրական քաղաքականությունն է կառուցել Ազատություն ռադիոկայանը։ 

Թվապատում մեդիա կոնֆերանսի՝ խմբագրությունների ինքնակարգավորման խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը «Խմբագրական քաղաքականությունը թվային դարաշրջանում» ներկայացման ընթացքում պատմեց իրենց լրատվամիջոցի ներքին խոհանոցի ու որոշումների կայացման գործընթացի մասին։  

Անընդհատ փոփոխվող իրականության մեջ, լրատվամիջոցները շատ հաճախ ստիպված են լինում արագ ու էքստրեմալ որոշումներ կայացնել։ Եվ հենց նման իրավիճակներում է անհրաժեշտություն առաջանում ևս մեկ անգամ վերանայել, թե որտեղ է այն կարմիր գիծը, որը լրատվամիջոցը շրջանցել չի կարող։ 

Ազատությունում նման դեպքերի պակաս կարծես թե չկա։ Հեղինե Բունիաթյանը  պատմեց, որ նման մի դեպք տեղի է ունեցել ընդամենը օրեր առաջ ՝ Տավուշի Կիրանց գյուղում, երբ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն իրականացնելու պատճառաբանությամբ, թույլ չէր տալիս, որ Կիրանցի բնակիչներից բացի, որևէ մեկը՝ այդ թվում լրագրողները մտնեն գյուղ։ 

«Այդ ժամանակ մենք խմբագրությունում փորձում էինք հասկանալ, թե որքանով է իրավաչափ լրագրողներին արգելել գյուղ մտնել, կամ ի՞նչ լուծումներ կարող ենք գտնել տվյալ իրավիճակում, որ Տավուշում գտնվող մեր նկարահանող խումբը կարողանա աշխատել։ Այդ ընթացքում, Տավուշ գործուղված մեր օպերատորը՝ Գարիկ Ազիբեկյանն ասաց, որ ինքը գյուղ կհասնի։ Ես չգիտեմ թե ինչպես, ի՞նչ սարեր ու ձորեր շրջանցելով, բայց որոշ ժամանակ անց Գարիկը մեզ լուր տվեց, որ արդեն գյուղում է և փոխանցում է առաջին կադրերը Կիրանց գյուղից»,- պատմեց Ազատության հայաստանյան ծառայության ղեկավարը։  

Ազատության ինքնակարգավորումը պահանջում է, որ ցանկացած իրադարձություն, որը ցուցադրվում է ուղիղ եթերում, ուղեկցվի լրագրողի մեկնաբանությամբ։ Տվյալ պահին կատարվող իրադարձությունները մեկնաբանելուց բացի, լրագրողը պետք է ներկայացնի նաև երկրորդ, երրորդ կողմի կարծիքները։ Հեղինե Բունիաթյանն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է իրադարձությունը լսարանին ներկայացնել ընդհանուր կոնտեքստի մեջ, ոչ թե հատվածական։

«Երբ Գարիկը սկսեց փոխանցել կադրերը, մենք հասկացանք, որ տեղում ունենք միայն մեկ աչք՝ օպերատոր։ Այդ պահին կանգնած էինք ընտրության առաջ և չգիտեինք, թե ինչ անել։ Կամ պետք է եթեր չհեռարձակեինք Գարիկի փոխանցած կադրերը և սպասեինք, մինչև լրագրողին թույլ կտրվեր մտնել գյուղ, կամ պետք է, խախտելով մեր ինքնակարգավորման սկզբունքները, առանց մեկնաբանության ուղիղ եթեր հեռարձակեինք։ Վերջին տարբերակն էլ այն էր, որ խնդրեինք օպերատորին մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք հասկանում էինք, որ տվյալ իրավիճակում մեր առաքելությունն է լսելի դարձնել այն մարդկանց ձայնը, որոնց լռեցրել են, որոնց սահմանափակել են։ Ցույց տալ այն մարդկանց մտահոգությունները, որոնց ազատ տեղաշարժի սահմանադրությամբ ամրագրված իրավունքները այդ պահին ոտնահարվել են։ Եվ փաստացի, Ազատության 70-ամյա պատմության մեջ առաջին անգամ, օպերատորը դարձավ լրագրող»,- պատմեց Հեղինեն։  

Պահպանելով լսարանի նկատմամբ ազնիվ, բաց ու թափանցիկ լինելու սկզբունքը՝ Ազատությունում որոշեցին տեղեկացնել իրենց լսարանին ստեղծված իրավիճակի մասին ու բացատրել, որ փորձում են անել առավելագույնը։  

Անդրադառնալով խմբագրական քաղաքականության մյուս սկզբունքներին՝ Հեղինե Բունիաթյանը կարևորեց վստահելի լինելու հանգամանքը։ 

«Լինել արագ, թե՞ ճշգրիտ, այլ կերպ ասած, առաջինը հաղորդել լուրը, թե՞ վստահությունը պահպանելու համար փորձել երկրորդ անգամ ճշտել։ Մենք մի քանի անգամ ենք բախվել այս երևույթին և ընտրել ենք վստահելի լինելը։ Մենք պետք է ճիշտ ինֆորմացիա հաղորդենք։ Թվային դարաշրջանում, երբ մի տվյալ սխալ ես փոխանցում, դա վայրկյանների արագությամբ տարածվում է ողջ համացանցով և տեխնիկական պատճառով սխալդ ուղղելու ոչ մի հնարավորություն այլևս չես ունենում։ Դրա համար ամենակարևորն է նորից ճշտել, որպեսզի կարողանաս պահպանել վստահության մակարդակը»,- ասաց Ազատության ղեկավարը։  

Ազատությունում կարծում են, որ լրատվամիջոցն ու լրագրողը ոչ թե պետք է առաջնորդվեն իշխանության, ընդդիմության կամ այլ օղակների կողմից առաջարկվող օրակարգերով, այլ պետք է հենց խմբագրությունը օրակարգ բերի թեմաներ, որոնք կարող են ինչ-որ բան փոխել երկրում, կարող են որևէ խնդիր լուծել։  

«Այսօր հայկական մեդիադաշտում կարծիքների պակաս չկա, բայց կա փաստերի պակաս։ Համատարած այս աղմուկի, փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների արանքում, շատ հաճախ լրատվամիջոցները գնում են կարծիքի հետևից՝ ստվերելով փաստերը։ Ազատության համար փաստն առաջնային է»,-ասաց Հեղինե Բունիաթյանը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *