2024.04.11,

Ստուգված է

Պնդումը, թե պատմության դասագիրքը արժեցել է 30 մլն, մոլորեցնող է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, խոսելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին, ասաց, որ այն արժեցել է 30 մլն դրամ։

«Չհիմնավորված համառության, ամենաթողության, գիտական հանրության ու Հայ առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաև 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։ Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, 100-ից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավել գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանակռությունից հանել դասագիրքը, որը գրվել է, ուշադրություն, ոչ հայոց պատմության մասնագետի կողմից և խմբագրվել նրա կնոջ կողմից։ Եթե չեմ սխալվում՝ այդ խոտանը, պատմության դասագրքի մասին է խոսքը, 30 մլն դրամ է արժեցել»,- ասաց նա։

«Ստուգված է»-ն ստուգել է այս պնդումն ու պարզել, որ պատգամավորը կիսատ է ներկայացրել տեղեկությունը։

Նշենք, որ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող է ճանաչվել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը*, որը պատվիրակել է պատմաբան, ԵՊՀ համաշխարհային պատմության դոցենտ Սմբատ Հովհաննիսյանին  գրել «Հայոց պատմություն 7» դասագիրքը։ Գրքի խմբագիրը՝ Մարիամ Կարապետյանը, իսկապես հեղինակի կինն է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է ինքը՝ Սմբատ Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարարությունը 2023-ի օգոստոսին դրամաշնորհի տեսքով 29 մլն 750 հազարի դրամ է տրամադրել «Մասնակցային դպրոց»-ին։ Այս գումարը 5 դասագրքերի ստեղծման համար էր, որոնց թվում էր նաև «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մյուս չորս գրքերն են՝ «Ես և շրջակա աշխարհը» (2-րդ դասարան), «Մաթեմատիկա» (5-րդ դասարան), «Հանրահաշիվ» (7-րդ դասարան), «Հասարակագիտություն» (7-րդ դասարան)։ Յուրաքանչյուր գրքի արժեքը՝ 5 մլն 950 հազար դրամ։ Այս գումարի մեջ ներառված է դասագրքերի, դրանց մեթոդական ուղեցույցի պատրաստումը։

Այսպիսով, Լիլիթ Գալստանի պնդումը, թե պատմության դասագիրքն արժեցել է 30 մլն դրամ, մոլորեցնող է, քանի որ արժեքի մեջ ներառված է 5 դասագրքերի ստեղծումը, որոնց թվում է նաև «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։

Ավելացնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս 33 մլն դրամ ծախսել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի տպագրության համար։ Հայտարարված մրցույթում հաղթել է «Տիգրան մեծ» հրատարակչությունը։ Տպաքանակի թիվը՝ 40864 օրինակ։ Այս մասին մեզ հայտնեցին Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամից։

* Հոդվածում 12.09․2024-ին կատարվել է փոփոխություն։ Նախնական տարբերակում նշել էինք, որ Սմբատ Հովհաննիսյանը «Մասնակցային դպրոցի» տնօրենն է, մինչդեռ դպրոցի տնօրենը Վահրամ Սողոմոնյանն է։ Ներողություն ենք խնդրում ընթերցողից թույլ տված սխալի համար։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *