2024.04.08,

Ստուգված է

Հայաստանը միակը չէ․ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ չեն ավարտել դեմարկացիան և դելիմիտացիան

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 1-ին անանուն պաշտոնյան ռուսաստանյան РБК-ին փոխանցել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտը համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում։ Այսպիսով կառույցից պատասխանել էին երկու տարի հնչող այն հարցին, թե որն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանում։

Հաջորդ օրը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցազրույցում ասաց, որ, ըստ ՀԱՊԿ-ի այդ հայտարարության, յուրաքանչյուր ոք կարող է վիճարկել ՀԱՊԿ անդամ երկրների սահմանները։

«Սա մոտավորապես նույնն է, թե ձեր սահմանը Ադրբեջանի հետ դելիմիտացված չէ, պարզապես այլ ձևակերպումներով», – ասաց Թորոսյանն ու հավելեց, թե արդյոք սա չպե՞տք է վերաբերի ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ևս։

ՀԱՊԿ-ի հայտարարությունը քննադատեց նաև իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ նրա՝ անվտանգային կազմակերպության գոյության տրամաբանության տեսանկյունից այդ հայտարարությունը նոնսենս է։ Վերջինս հարց հնչեցրեց նաև, թե արդյո՞ք Բելառուսը սահմանակից երկրների հետ սահմանագծված ու սահմանազատված սահմաններ ունի, կամ ինչ փուլում է այդ գործընթացը Տաջիկստանում, Ղրղզստանում կամ Ղազախստանում։

«Ստուգված է»-ն որոշեց պարզել, թե ՀԱՊԿ անդամ որ երկրների միջև դեռևս սահմանազատում (դելիմիտացիա) և սահմանագծում (դեմարկացիա) չի իրականացվել, անդամ որ պետություններն ունեն տարածքային վեճեր հարևան երկրների հետ։

Ռուսաստան

Ռուսաստանը դելիմիտացիան և դեմարկացիան չի ավարտել հարևան մի շարք երկրների հետ։

2022-ին ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը հայտարարել էր, որ Ուկրաինայի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և ԱՄՆ-ի հետ ՌԴ-ն չի ավարտել պետական ​​սահմանի միջազգային իրավական ճանաչումը։ Նաև Էստոնիայի, Վրաստանի և Ճապոնիայի հետ պետական ​​սահմանը ամրագրված չէ միջազգային պայմանագրերով։

Նրա խոսքով՝ 2014 թվականից Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի հետ սահմանային համագործակցությունը, իսկ Վրաստանի հետ պետական ​​սահմանի սահմանազատումն ավարտվել է 91%-ով, սակայն գործընթացը դադարեցվել է 2008 թվականի իրադարձություններից հետո։

Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն 2022 թվականի մարտի 21-ին հայտարարեց, որ, ի պատասխան ճապոնական պատժամիջոցների, իրենք հրաժարվում են խաղաղ պայմանագրի հետագա բանակցություններից: Ճապոնիան ավելի վաղ կողմ էր քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթներին։

Ռուսաստան-Էստոնիա սահմանի գծման գործընթացը ևս կանգ է առել։ 2015 թվականին Էստոնիայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանային համաձայնագրի վավերացման մասին օրենքը, սակայն Ռուսաստանը չվավերացրեց այն։ Հաջորդիվ Էստոնիայում հայտնվեցին վավերացումից հրաժարվելու մասին օրինագծեր։

Ղազախստան

Թեև Ղազախստանի և հարևանների միջև սահմանագծերը վաղուց որոշվել են և հաստատվել, սակայն դեմարկացիան դեռ շարունակվում է։ Ղազախստանն ամբողջությամբ ավարտել է դեմարկացիան սահմանակից հինգ երկրներից երեքի հետ՝ Ղրղզստանի, Թուրքմենստանի և Չինաստանի:

Թեև 2023-ին Ուզբեկստանի հետ  ստորագրվել է օրենք պետական ​​սահմանը սահմանազատելու պայմանագիրը վավերացնելու մասին, սակայն դեմարկացման աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ղազախական պաշտոնական տվյալներով՝ ղազախական կողմից սահմանին սահմանային հենասյուների տեղադրման դաշտային սահմանազատման աշխատանքները գրեթե ավարտվել են։ Ներկայումս կողմերն աշխատում են պետական ​​սահմանի դեմարկացման վերջնական փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ։

Հարևաններից մյուսի՝ Ռուսաստանի հետ ավարտված է սահմանների դելիմիտացիան, սակայն շարունակվում է դեմարկացիան։

Ղրղզստան

Ղրղզստանն ու Տաջիկստանը ևս վերջնական դելիմիտացիա չեն իրականացրել։ Երկրները նախատեսում էին ամբողջությամբ ավարտել այս գործընթացը մինչև 2024 թվականի գարուն։ Ներկայում սահմանի ընդհանուր երկարության գրեթե 1000 կմ-ից համաձայնեցված է մոտավորապես 90%-ը։

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ամենամեծ էսկալացիան տեղի է ունեցել 2022-ին, երբ երկու երկրների զինվորականները փոխհրաձգություն են կազմակերպել Բատկենի շրջանում։ Մեկ տարի անց՝ էսկալացիայի տարելիցին, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ջափարովը և Էմոմալի Ռահմոնը Դուշանբեում վերսկսեցին զրույցը սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին։ Այնուհետև կողմերը պայմանավորվեցին 682 կմ սահմանի շուրջ։ Հետագայում կողմերը ստորագրեցին, այսպես կոչված, թիվ 44 արձանագրությունը, որը կոչված է լուծելու ղրղզա-տաջիկական սահմանի բոլոր խնդիրները։

Ղրղզստանն ու Ուզբեկստանն իրենց անկախության պատմության մեջ առաջին անգամ հայտարարեցին սահմանի ընդհանուր հատվածի դելիմիտացիան ավարտելու մասին 2023-ի հունվարին։ Դեմարկացիան, սակայն, դեռևս շարունակվում է։

Տաջիկստան

Տաջիկստանը շարունակում է դեմարկացման աշխատանքները Ուզբեկստանի հետ։ Երկու երկրների համատեղ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային խումբը  վերջին անգամ հանդիպել է 2023-ի դեկտեմբերին։ Սահմանների դելիմիտացիան ավարտվել է 2019-ին։ Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև սահմանի որոշ հատվածների վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել 2018 թվականին։

Բելառուս

Բելառուսը չի ավարտել դեմարկացիան Ուկրաինայի հետ։ Սահմանի դեմարկացման աշխատանքները սկսվել են 2014 թվականին։ Չորս տարի անց՝ 2018-ին, հաստատվեց Բելառուսի և Ուկրաինայի միջև պետական ​​սահմանի սահմանագծման պլանը, որով նախատեսվում էր սահմանագծում իրականացնել մինչև 2026 թվականը։ Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը 2021-ին հայտարարեց, որ ավարտել է Բելառուսի հետ ցամաքային սահմանի դեմարկացիան։

Այսպիսով, ՀԱՊԿ անդամ շատ երկրներ իրենք էլ դեռևս չեն ավարտել դեմարկացման և դելիմիտացման աշխատանքները սահմանակից որոշ պետությունների հետ, ինչպես օրինակ Ռուսաստանն ու Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը և այլն։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *