2013.10.03,

vox populi

Մեդիան ընդամենը դատարկ ֆոն է ստեղծում

Ցավոք սրտի, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ չորրորդ իշխանությունը կամ հասարակական շարժումներն ու կազմակերպությունը մեծ ազդեցություն ունեն ու կարողանում եմ փոխել իրավիճակը: Թվում է, որ լրագրողները ակտիվ են, իսկ լրատվամիջոցները բազմաթիվ են: Բայց դա ընդամենը ֆոն է:

Ասածս կարող է տհաճ հնչել կամ որեւէ մեկին դուր չգալ, բայց իրականությունն այն է, որ լրատվամիջոցները շարունակություն, երկրորդ սերիա չեն ունենում: Օրինակ՝ լրատվամիջոցներից մեկը, հիմնավորելով,  գրում է, որ, ասենք, Պողոս Պողոսյանը գող է: Բայց երբ տեսնում ենք, որ հաջորդ օրը այդ մարդը չի բանտարկվում, ուրեմն լրատվամիջոցի աշխատանքն էլ ընդամենը արժեք չունեցող ֆոն է, օդի աննպատակ տատանում, որը վայրկյաններ անց անհետանում է:

Բոլորս տեսնում ենք, թե լրագրողներն ինչպիսի թեմաներ են բարձրացրել, թալանի ու գողության ինչպիսի փաստեր են գտել… Բայց ոչ մեկս չի տեսնում, որ 10 առանձնատան ու հսկայական հողային տարածքների տեր մարդկանցից որեւէ մեկի հանդեպ դատական գործ հարուցվի: Եվ դա այն դեպքում, երբ այդ մարդիկ ընդամենը մի քանի տարի առաջ (մինչ պատգամավոր, նախարար, քաղաքապետ դառնալը) ոչինչ չունեին: Չի հնչում այն հարցը, թե, ախր, եղբայր, քեզ այսքան փող որտեղի՞ց:

Մեդիան գրում, փաստեր է հրապարակում, որ Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանը 4 մլրդ դոլարի ունեցվածք ունի, եւ հարց չի ծագում, թե իր նախագահության տարիների ընթացքում նա ինչպես է կարողացել կուտակել այդ գումարը: Եվ եթե այդ հարցը որեւէ մեկի մոտ չի ծագում, ուրեմն լրագրողի գրածը արժեք չունի եւ ընդամենը վատ ազդեցություն է ունենում հա՛մ ժողովրդի, հա՛մ էլ լայն իմաստով ժուռնալիստիկայի վրա:

Պատկերացրեք, թե այդ աղմկոտ, պաթոսով լի, ցնցող լուսանկարներով ու փաստերով արված լրագրողական հետաքննություններն ինչպես է ընկալում ամենօրյա հոգսերով ապրող, խղճուկ վիճակում հայտնված մարդը: Նա տեսնում է, որ իրականում այդ 4 մլրդ դոլարից ոչ մի կոպեկ հետ չի վերադարձվում, ու ոչ ոք չի պատժվում: Նույնիսկ ընդհակառակը՝ եւ՛ Քոչարյանը, եւ՛ մյուսները շատ լավ ապրում են:

Եվ շատերը կարող են ասել՝ լրագրողներ, մեր միտքն ինչու՞ եք պղտորում, մենք, ամեն ինչի վրա թքած, մեր նեղ աշխարհում մի կերպ ապրում ենք, իսկ դուք գալիս եք պղտորում եք մեր կյանքը:

Անհուսության այս վիճակը գնալով ավելի է խորանում: Իսկ ինչի՞ վրա պիտի հիմնվի երջանկության զգացումը, եթե մարդիկ սոված են ու հույս էլ չունեն:

Սովորաբար սոված մարդը, տեսնելով, որ իր ուտելիքը արգելափակվել է սահմանին, պատկերացնում է, որ շուտով (մի ժամ, երկու ժամ հետո) սահմանը կբացվի ու ինքը կկշտանա: Բայց եթե ոչ մեկից բացարձակապես սպասում չունես, ինչի՞ վրա պիտի կառուցես կշտանալու քո հույսը:

Իհարկե, Գյումրիում վերջերս ինչ-որ բաներ սկսեցին տեղից շարժվել, քաղաքը մշակույթի մայրաքաղաք դարձավ: Ես չեմ խոսում ասֆալտապատման կամ բարօրությանն ուղղված այլ մանր քայլերի մասին, նման փոքր որոշումներով չի ստացվի փոխել իրավիճակը:

Շատ կարեւոր է մեդիայի բարձրացրած հարցադրումների հետադարձ կապը, արդյունքը, որը տեսանելի կլինի ժողովրդին:

Արտուշ Մկրտչյան
Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանի տնօրեն

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *