Ժամանակակից աշխարհում լրատվամիջոցները ոչ այնքան աշխարհի վերջին նորություններն են հայտնում, որքան ընդհանուր տրամադրվածություն, արժեքա-իմաստային կողմնորոշում են փոխանցում: Հենց մեդիայի միջոցով է կարգավորվում սոցիալական ու քաղաքական վարքը, հաղորդվում կյանքի բարոյական ու հոգեբանական երանգը, փոփոխվում կամ ամրապնդվում են ընկալման կարծրատիպերն ու արձագանքները։
Դե իսկ քաղաքական ոլորտում, լրատվամիջոցները, բավականին մեծ դեր ունեն ուղեղների կառավարման և հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Արդյունքում, տեղեկատվական գործընթացներում հաճախ կիրառվում են հատուկ մանիպուլյատիվ տեխնելոգիաներ։
Ի՞նչ է մանիպուլիացիան։
Մանիպուլյացիան, նույն ինքը մտավոր ազդեցությունն է, որն իրականացվում է գաղտնի, ի վնաս այն անձանց, ում վրա այն ուղղված է։ Իրականություն են ներմուծվում որոշակի գաղափարներ, որոնք մենք համարում ենք իրական՝ անկախ դրանց իրականում ճշմարտացի կամ կեղծ լինելու հանգամանքից:
Կարևոր է ֆիքսել, որ ի տարբերություն միջանձնային հարաբերությունների՝ քաղաքական մանիպուլյացիաները դիմազրկված են և ենթադրում են ազդեցություն մարդկային լայն զանգվածների: Փոքրամասնության կամքը (երբեմն` նաև միայն մեկ անձի) թաքնված ձևով պարտադրվում է մեծամասնությանը:
Ինչպես նշեցի, տեղեկատվական գործընթացներում հաճախ կիրառվում են հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ։
Օրինակ՝
- որոշակի կամ ընտրված փաստերի նկատմամբ ուշադրության գրավում,
- բովանդակությանն անհամապատասխան նյութի վերնագրում,
- արտահայտությունների վերագրում ինչ-որ մեկին, որոնք իրականում չեն հնչեցվել,
- ճշմարիտ, իրական տեղեկատվության հաղորդում ուշացումով, երբ այն կորցրել է իր արդիականությունը,
- ոչ հստակ մեջբերում, որը համատեքստից կտրված այլ իմաստ է ձեռք բերում, հաճախ իրական իմաստին հակասող։
Մանիպուլիացիան կատարվում է նաև ֆիլմերի, մուլտֆիլմերի և այլ տեսալսողական ֆորմատների միջոցով։ Սա կոչվում է փափուկ ուժի կիրառում, երբ մանիպուլատիվ ուղերձները արվում են թաքնված եղանակով։ ԱՄՆ-ը, օրինակ, փափուկ ուժի կողմնակից է, իսկ Ռուսաստանը՝ բիրտ ուժով է մանիպուլյացիա անում։ ՌԴ քարոզչությունն օրինակ ավելի կոշտ է, ուղիղ։
Գրականության մեջ ամենացայտուն օրինակներից մեկը Ստալին-Հիտլեր համեմատությունն է։ Իոսիֆ Ստալինը բիրտ ուժով փակեց եկեղեցիները, մեկ օրում կրոնական հեղաշրջում արեց, մարդկանց պարզապես արգելեց հավատալ՝ առանց նրանց բացատրելու, համոզելու կամ ժամանակ տալու։ Իսկ Ադոլֆ Հիտլերը, լինելով բռնապետ, իր ժողովրդին տալիս էր ընտրություն կատարելու պատրանք։ Գերմանիայում հենց նրա կառավարման տարիներին ակտիվորեն օգտագործվում էին քարոզչական պաստառները, վահանակները, սոցիալական գովազդը, կային քարոզիչներ, ովքեր շրջում էին փողոցներում ու ելույթներ ունենում։ Այս պարագայում էլ, թեև ամեն ինչ որոշված էր, բայց մարդկանց տրվում էր ժամանակ, անցումը արագ ու անսպասելի չէր, տարվում էր այսպես կոչված հանրային քննարկում։
Հայաստանում էլ բազմաթիվ քաղաքական մանիպուլիացներ են կիրառվել։ Վերջին լավագույն օրինակները 2018 թվականին են եղել՝ թավշյա հեղափոխության ժամանակ։ Այդ ժամանակ արդյունավետորեն կիրառվեց հակահերոսի միֆը։ Սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում ապրող մարդկանց համար, ովքեր իշխանության նկատմամբ ծայրահեղ անվստահություն ունեին, վստահելի դարձավ հերոս-փրկիչը։ Հերոս-փրկիչը հակահերոսի հակադրության մեջ դրսևորովում էր լավագույնս։ Հերոս-հակահերոս ծայրահեղությունների մատուցումը լավագույնս ազդեց հասարակության գիտակցության վրա։
Պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում մանիպուլյատորը, քանի որ, ընդհանուր առմամբ, բոլոր հասարակություններում էլ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ օգտագործվում են ու դա լիովին նորմալ քաղաքական երևույթ է այնքան ժամանակ, մինչև որ չի հետապնդում գոյաբանական վտանգներ ու հետևում չունի նպատակ բնաջնջելու ազգային գիտակցությունը, մշակույթը և առհասարակ ազգին վերածելու անհասկանալի հանրույթի։
Հատկապես ճգնաժամային իրավիճակում գտնվող հասարակությունների համար, ինչպիսին հայ հասարակությունն է այսօր, այդ տեխնոլոգիաների օգտագործումը կարող է ճակատագրական լինել, նախ, որովհետև բազմաթիվ հոգեբանական ու ֆիզիկական զրկանքներից հետո մարդիկ կարծես պարալիզացված են ու այս պարագաում շատ ավելի խոցելի են մանիպուլյացիաների նկատմամբ, կորցրել են զգոնությունը, ունեն բազմաթիվ կարիքներ, հիասթափված են։
Դե իսկ մանիպուլյատորի համար հիասթափության շատ կարևոր արդյունքը գիտակցության նեղացումն է. ստացվում է որ մարդկանց գրեթե ողջ ուշադրությունը կենտրոնացած է չբավարարված, երբեմն շատ կենցաղային մակարդակի կարիքի վրա, արդյունքում իրականության ընկալումը կտրուկ խեղաթյուրված է ու մարդիկ ունակ չեն անգամ հասարակ անվտանգային խնդիրները տարբերակելու։
Բոլոր մարդիկ, անկախ կրթության մակարդակից, ունեն հույզեր, տարրական բնազդներ ու էմոցիաներ։ Պատկերացրեք, որ մանիպուլյացիայի նպատակը հենց այս ամենի վրա ուղղորդված ազդեցությունն է։ Եվ այս տեսանկյունից, այո, ինչ-որ տեղ բոլորիս հնարավոր է մանիպուլացնել ճիշտ ու մանրակրկիտ մշակված տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։
Բայց միանշանակ է, որ հասարակական գիտակցության բարձր մակարդակը կնվազեցնի մանիպուլացվելու հավանականությունը, միակ բանը, որ կարող ենք օգտագործել մեր ռացիոնալ գիտելիքն է և դրա նկատմամբ վստահությունը, եթե հաստատակամ ենք մեր գիտելիքում, ապա ինֆորմացիային իմպուլսիվ արձագանքը, էմոցիաների ու հույզերի կառավարումը միանգամայն կստացվեն։
Հասկանալու համար, որ քեզ մանիպուլացնում են, առաջին հերթին պետք է լինել մեդիագրագետ, ֆիլտրել ինֆորմացիայի մեծ հոսքի մեջ այն, ինչ ունի հավանականություն հավաստի լինելու։ Ինֆորմացիան արդեն կարդալուց կամ լսելուց հետո փնտրել աղբյուրը, եթե այդ մասին չունեք նախնական հստակ գիտելիք կամ տեղեկատվություն։
Քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հայտարարություններին երբեք չվերաբերվել որպես միանշանակ ճշմարտություն կամ միանշանակ սուտ։ Հիշել, որ ցանկացած հայտարարություն կարող է և մեծ հավանականությամբ նպատակ է հետապնդում։ Երբ արդեն ռացիոնալ գիտելիքի հիման վրա վերլուծեք տվյալ ինֆորմացիան, ինքներդ կտրամաբանեք, թե որտեղ էին ձեզ ուզում մոլորեցնել։
Անի Հակոբյան
քաղաքագետ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: