Հայաստանի հանրապետության անկախության 22-ամյակը կցկտուր ստացվեց: Իհարկե, ծածանվող դրոշներ, փայլփլուն հրավառություն, իսկ եթերում փոփ-երգեր ու փոփ-ճառեր էին, սակայն հանրային ու մեդիա դաշտում զանգվածային միջոցառումների ոգուն հակադրվող դադար էր:
Կարծես անկախ ու ինքնիշխան հանրապետություն լինելու փաստի հետ մեկտեղ վերանայման ենթարկվեց ազատ ու անկախ մեդիա ունենալու պնդումը:
Սեպտեմբերի 21-ը առիթ էր մտորել այս տարիների ընթացքում մեր ստեղծած, խմբագրված ու յուրացված միֆերի ու պատկերացումների մասին, որոնք էլ ի վերջո, ձեւավորեցին այսօրվա՝ բավականին նեղ հեռանկարներով ու հուսահատ իրականությունը:
Մեդիան, այն դաշտն է, որտեղ լավագույնս երեւում են մեր պատկերացումները մեր իսկ կյանքի մասին: Չէ՞ որ ցանկացած երկրի հիմնական արտադրանքը ապագայի մասին պատկերացումների միֆականացումն է (հեռուստահաղորդումների, հոդվածների, պլակատների, գովազդային ցուցապաստառների ու հոլովակների, անգամ սոցցանցերի գրառումների տեսքով), որը շարունակվում է տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում:
Պարզ ասած՝ մեդիայի ուղերձներն ու պատկերաշարերը կամա թե ակամա ցույց են տալիս թե ինչ ենք երազում ու ինչից ենք փախչում:
Եվ տխուրն այն է, որ այսօր շատ բարդ է իրար հակասող այդ երկու շարժումների (ձգտման ու փախուստի) սահմանները գծել, քանի որ դրանք անճանաչելիորեն լղոզվել են:
Փախչում էինք Սովետից ու ուզում էինք անկախ Հայաստան, իսկ հիմա մեզ փորձում են համոզել (առավելապես՝ պաշտոնապես կամ ոչ պաշտոնական գոյություն ունեցող մեդիահոլդինգների միջոցով), որ անկախությունից (կամ ինչպես վերջերս ասաց նախկին պատգամավորներից մեկը՝ «անկախության որոշ ատրիբուտներից») կարելի է նաեւ հրաժարվել: Նույնիսկ ձգտել այդ հրաժարմանը:
Հետ նայելով տեսնում ես, որ 20 տարի առաջ երազածն ու հռչակածը դանդաղորեն անհետանում է, իսկ անկախացման էյֆորիան ու ազատության անհռելի չափաբաժինն այս երկու տասնամյակի ընթացքում կաթիլ առ կաթիլ հօդս է ցնդել:
Իհարկե, հիմա ի տարբերություն 1990-ականների ավելի շատ են տարբեր մեդիա (մուլտիմեդիա) միավորումները, լրագրողներն էլ բնակչության զգալի տոկոսն են կազմում (բոլորն էլ մի քիչ լրագրող են), ինֆորմացիայի տարածումն էլ հեշտ ու արագ է դարձել (փառք ինտերնետին):
Սակայն հանրային ու մեդիա դաշտում հստակորեն աշխատող մի նոր էլեմենտ է ավելացել, որը պայմանականորեն կարելի է անվանել «խցանված խողովակի էֆեկտ»:
Ասենք, մի սուր ու իրապես հանրային նշանակություն ունեցող բան է կատարվում, լրատվամիջոցները գրում են այդ մասին, իրազեկում, վերլուծում, շատ դեպքերում՝ ահազանգում, կուրծք ծեծում, հանրությունն էլ ակցիաներ է կազմակերպում, բողոքում: Եվ ի՞նչ: Ոչինչ: Հանգուցալուծմանը բերող ինֆորմացիոն խողովակը խցանված է: Երբեմն ժամանակավոր, երբեմն՝ անժամկետ:
Դրա վառ ապացույցներից է, օրինակ, Ծածկած շուկայի աղավաղումը, որն ամիսներ շարունակ տեղի էր ունենում բոլորի աչքի առջեւ, լուսաբանվում ու հուշարձանը քանդելու դեմ ուղղված պայքարի ալիք առաջացնում: Սակայն շուկայի շենքը բարեհաջող «մոդեռնացվեց»՝ խեղաթյուրելով իր նախնական տեսքն ու նպատակը:
Եվ երբ արդեն պարզ դարձավ, որ պետության պաշտպանության տակ գտնվող օբյեկտի սեփականատեր-պատգամավորը ավարտին հասցրեց հուշարձանի քանդումը՝ հրաժարվելով օրենքի պահանջից, ինֆորմացիոն խողովակը կարծես սկսեց գործել:
Այսինքն՝ ինֆորմացիան արձագանք ստացավ պատկան մարմիններից ու նորից վերադարձավ մեդիա դաշտ:
Հ1-ի լուրերի թողարկումներում, օրինակ, ասվեց, որ այժմ խստանալու է հուշարձանների պահպանման գործը, ու թեեւ, ավաղ, Ծածկած շուկան այլեւս չի կարելի փրկել, սակայն հետագայում նման դեպքերը կանխվելու են:
Դա նման է անկախությանը ձգտելու ու միաժամանակ՝ անկախությունից փախչելու ուղերձին: Այդպես լինո՞ւմ է: Պարզեցինք, որ այո: Շենք առ շենք, ռեպորտաժ առ ռեպորտաժ…
Քանդելով ու մանիպուլյացիայի ենթարկելով փաստերն ու դրանց շարադրումը, եկանք հասանք այն կետին, երբ ինֆորմացիան ազատ տարածվում է, բայց հաճախ իր հոսքի ընթացքում աներթեւեկելի խցանումների է հանդիպում:
Եվ այդպես ստեղծվեց նոր միֆ. ազատ ու անկախ մեդիան կա, բայց այն ինքն իր ստեղծած մի վիրտուալ աշխարհում է սպառվում ու հազվադեպ է իրական (օրենսդրական կամ իրավական) դաշտի վրա ազդում:
Օրինակները շատ են, կարելի է հիշել օֆշորային սկանդալում ներգրավված պաշտոնյայի ու հոգեւորականի մասին հրապարակումները, որոնք շարունակում են «խցանված» մնալ: Թերեւս՝ անժամկետ:
Նույն միֆը սկսեց աշխատել նաեւ այլ տիրույթներում՝ հայաստանցիներին ներկայացնելով ապագայի մոդելներ, որոնք ցանկացած իրավիճակում ունակ են խցանվել, աղտովել, արգելակել: Դրանք նեղ, այժմեական հարցեր լուծելու են ուղղված, ավելի լայն, ապագայի մասին պատկերացումները դրանց շարքում տեղ չունեն:
Եվ ստացվեց, որ Հայաստանն իր անկախության 22-րդ տարում ապագայի մասին պատկերացումները իմիջիայլոց հիշատակվող դարձրեց:
Արդյունքում սկսեց իշխեց հանձնվողական տրամադրությունը: Եթե գլոբալ իմաստով երազանք չունես, փախչելու իմաստ էլ չկա…
Եթե նկատել եք, վերջերս քաղաքում շատացել են «Վաճառվում է…» գրությունները, որոնք փակցվում են խանութների, կրպարկների, վարսավիրանոցների, ցանկապատված ամայի տարածքների, կիսասարք կամ մանրամասն ձեւավորված շենքերի վրա:
Այդ հայտարարությունների տակ հեռախոսահամարներ են ու որպես կանոն մի ավելացում՝ «Վաճառվում է կամ տրվում է վարձով»: Ինչը վկայում է այն մասին, որ վաճառողներն իրենք էլ չեն կողմնորոշվել թե ինչ են ուզում ապագայում:
Ապագան լղոզված է թերեւս այն պատճառով, որ ոչ մի ինֆորմացիոն խողովակ լավ չի աշխատում:
Եվ ինֆորմացիա պեղող ու հանրայնացնող լրագրողներներն էլ լավ չեն պատկերացնում ինչի համար են աշխատում, եթե ինֆորմացիայի զգալի հատվածը խցանման նյութ է դառնալու:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: