2013.09.19,

Քննադատ

Հայաստանի հեռուստատեսային սերիալների ուղերձները. «Այո՛ ընտանեկան բռնությանը», «Խփի՛ր նույնասեռականներին»

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի հեռուստատեսային եթերում առաջատար դիրքերում սերիալներն են: Դրանք հիմնականում դիտում են ընտանիքներով՝ մեծից փոքր: Իրավիճակները, որ բեմադրվում են սերիալներում, հերոսների երկխոսությունները կարող են տեղափոխվել կյանք: Որոշ դեպքերում էլ դրանք կյանքից վերցված պատմություններ են:

Սերիալները պատկերում են Հայաստանի ժամանակակից, կենցաղային կյանքը: Ամեն երեկո հեռուստացույցի միջոցով ընտանիք մտնող սերիալի հերոսը նաեւ իրական կյանքում հասարակական այս կամ այն կարեւոր հարցի մասին է կարծիք ձեւավորում:

Քննարկենք երկու տարբեր հեռուստատեսային ալիքներով երկու տարբեր սերիալների դրվագները:

Առաջին դրվագ. «Հարազատ թշնամի», սերիա 116, «Արմենիա» հեռուստաընկերություն (19:50-ից 21:20-ի դրվագը):

Մայրը զանգում է աղջկան եւ հարցնում՝ արդյո՞ք ամուսինը նրան երեկ ծեծել է: Աղջիկն ասում է, որ ո’չ, ամուսինն իրեն չի ծեծել: Ու սկսվում է երկխոսությունը:

– Հըլը թող փորձեր: Ոստիկանություն կդիմեինք, կբողոքեինք:
– Մամ, էդ դու քանի՞ անգամ ես ոստիկանությունում պապայի դեմ բողոքել:
– Իյա… Բայց ես ինչու՞ պետք է իմ ամուսնու դեմ բողոքեի: Ինչի իմ ջանուլը ե՞րբ ա իմ վրա ձեռ բարձրացրել, որ..
– Մամա, մենակ մի քանի անգամ իմ ու Միշի առաջ ա դա արել:
– Դե… հա բալա ջան, բայց դե դա նորմալ ա: Գիտե՞ս ինչ, հետո մի բան էլ ասեմ քեզ, էլի: Էդ ո՞ր մի սիրող ամուսինը իրա կնոջ վրա ձեռք չի բարձրացնում: Ու ավելին ասեմ՝ ո՞ր մի սիրող կինը կգնա ու կբողոքի իր ամուսնու դեմ:
– Բա էդ ինչի՞ ոստիկանություն չես դիմել:
– Իյաաա… Գժվա՞ր, այ աղջի: Մեր հայ ազգը տենց աննորմալ բաներ չունի: Ու դա լավ ա, որ չունի: Իյաաա… Ո՞վ ա տեսել, այ մարդ, կինը ամուսնու դեմ բողոքի, երեխեն՝ ծնողի, ծնողը՝ երեխու… Վաաայ… Էն ա ասա՝ գնանք մեռնենք, էլի:
– Դե ես էլ էդ եմ ասում: Եթե թեկուզ Սպոն ձեռք բարձրացրած լիներ, ես երբեք ոչ մի տեղում չէի բողոքի, պա՞րզ ա:

Հասկանալի են, չէ՞, այս դրվագի ուղերձները.
ա. Նորմալ է, երբ ամուսինը կնոջը ծեծում է
բ. Սիրող ամուսինը կնոջը պետք է ծեծի, կամ եթե ծեծում է, ուրմն սիրում է
գ. Ամուսնու ծեծից հետո ոստիկանություն դիմելը հայ ազգի համար աննորմալություն է
դ. Ընտանեկան վեճերի ամենաճիշտ լուծումը ծեծն է:

Սերիալը լրացուցիչ անգամ ամրապնդում է կարծրատիպերը, որ կան Հայաստանում ընտանեկան բռնության մասին: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս են արձագանքելու (եթե արձագանքեն) այս դրվագին ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք, ի դեպ, նույնպես առաջարկում են ընտանիքում բռնության ենթարկված կանանց նախ՝ իրենց դիմել, հետո նոր ոստիկանություն: Հետաքրքիր է իմանալ նաեւ սերիալով հնչեցվող «Ոստիկանություն դիմելը նորմալ չէ»  ուղերձն ինչպե՞ս է որակավորում ոստիկանությունը:

Երկրորդ դրվագ. «Քաղաքում», 13.09.2013, «Շանթ» հեռուստաընկերություն (32:15-ից 36:08-ի դրվագը):

Ոսկեզօծ կահույքով ու դատարկ սեղանով սենյակում նստած են երեք ընկեր: Նրանց է միանում չորրորդն ու հայտնում լուրը՝ «համասեռամոլների մասին օրենքի հարցը պիտի դրվի քննարկման»: Ու ընկերներն սկսում են.

– Ապե, ուզում ես ասել Հելմանը ու Հելմանի նմանը կարան իրար հետ ամուսնանան ու իրանց ասեն մի բարձի ծերանա՞ք…
– Տենց ա դուրս գալիս, էլի:
– Արա ո՞նց, ախպեր: Խոսքի, ասենք, երեխուս հետ քայլում եմ, մեկ էլ իրար հետ գրկախառնված միասեռամոլների ենք տենում, հա՞… Երեխես ասում ա՝ պապ, էս խի ա սենց, ես իրան բացատրում եմ, որ դրանք օրինական ամուսիննե՞ր են… հա՞, ախպեր…
– Արա, ապե, կամ, ասենք, տունս մի հատ դռել ա պետք ըլնում, երեխուս պտի ղրկեմ, ասեմ՝ գնա Վաչիկ ծյոծյայենց տնից բե՞ր…
– Չեմ ջոգում արա, Վրաստանի չափ էլ չկա՞նք, ախպեր արա… Մերժին էդ օրենքը, արա:
– Կամ Ռուսաստանի, ախպեր արա… Ուզում ա հարյուր տարի էլ անցնի, էդ երկրում ով նախագահ ըլնի, էդ օրենքը վսյո, չի ընդունվում:
– Վաախ, արաա: Արա, լավ, չեմ ջոգում, ուրիշ հարց չկա քննարկելու, էդ պիտի քննարկե՞ն, ախպեր արա..
– Լավ, էդ սաղ հեչ, ախպեր, բա Աստված ի՞նչ կասի: Չի ասի՞՝ այ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, մոռացա՞ք էդ Սոդոմ-Գոմորի պատմությունը:
– Արա, ես ինձ հազիվ եմ զսպում, որ քշերը չգնամ էդ գոմայգի.. էդ դրանց էդ.. մաղեմ դրանց, ախպեր արա… Ինչ-որ քննարկման մասի՞ն ա հարցը գնում արա..
– Վախ, հորս արեւ, արա…
– Արա, չկա էլ է նենց բան, որ յանի էդի հիվանդություն, յանի ինքը ի՞նչ մեղք ունի, որ գնացել համասեռամոլ ա դառել: Սուտ ա, արա, չհավատաք ով տենց բան կասի: Իրանք իրանց ընտրությամբ գնում համասեռամոլ են դառնում, արա…

Սերիալի այս դրվագում էլ նույնասեռականության խնդրի շուրջ են կարծրատիպերը ամրապնդվում: Հասարակությունն առանց այդ էլ ծայրահեղ անհանդուրժող է նույնասեռականների հանդեպ, ու սերիալն օտագործվում է այդ անհանդուրժողականությունը խորացնելու համար:

Սերիալի ընթացքում հեռուստացույցից ուղերձներ են հնչում, որոնք, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեն (օրինակ՝ Հայաստանում չկա նույնասեռականների ամուսնությունը թույլատրող օրինագիծ), կոպիտ ասած՝ թշնամանք են քարոզում նույնասեռական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ:

Աշխարհում ընդունված է, որ հեռուստատեսային նովելները հասարակությանը սոցիալական տարբեր ուղերձներ հղեն. սոցիալական բարեփոխումները ներկայացնեն, իրավական գիտակցությունը բարձրացնեն:

Հիշում եմ՝ տարիներ առաջ ցուցադրվող բրազիլական տարբեր սերիալներում կային նույնասեռական սեռական կողմնորոշում ունեցող դրական ճակատագիր ունեցող կերպարներ: Կամ կանայք, ովքեր աշխատավայրում սեռական բռնության ենթարկվելուց հետո դիմում էին ոստիկանություն, որն էլ պատժի էր եթնարկում անձի ազատությունը ստորադասողներին:

Ու մի քիչ էլ թեմայի արդիականության մասին: «Շանթ»-ի սերիալի հերոսն ասում է՝ «ուրիշ թեմա չկա՞, որ էդ են քննարկում»: Ստացվում է՝ հասարակության համար կարեւոր ուրիշ թեմա չկա, որ հեռուստատեսային սերիալներում ընտանիքում կնոջը ծեծելու կամ նույնասեռականների թեման են քննարկում:

Ու վերջում. այս երկու դրվագները կարծես հայ իսկական տղամարդու հավաքական մի կերպար են կերտում, որը ուրույն ու շատ աղքատիկ բառապաշար ունի, սովոր է պարբերաբար ծեծել կնոջը (սիրելով, իհարկե), ծաղրել նույնասեռականներին ու խոսել Աստծո անունից:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *