2024.02.23,

Նյուսրում

Արցախյան տների պատմությունն ու ողբերգությունը․ ցուցահանդես Երևանում 

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Այսօր ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախն իմ տունն է» խորագրով ֆոտո ցուցահանդեսի բացումը։  

Ցուցահանդեսին ներկայացված էին ոչ միայն պրոֆեսիանալ լուսանկարներ, այլև արցախաբնակների կողմից արված նկարներ։  

Թվով 20 ֆոտոշարքերը պատմում էին Արցախի տների ու նրանց շուրջ հյուսված պատմությունների մասին։  

Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը media.am-ին ասաց, որ դեռևս հոկտեմբերին ռուս լրագրողներ Ալեքսանդրա Լիվերգրանտը և Յան Շենկմանը իրեն առաջարկեցին ստեղծել ֆոտոպատմություններ, որոնք լավագույնս կպատմեին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության մասին:  

«Մենք խնդրեցինք արցախահայությանը ուղարկել մեզ իրենց տների լուսանկարները: Ինչից հետո լրագրողները նրանց հետ հանդիպեցին, հարցազրույցներ անցկացրին, դրանք մշակեցինք և ստեղծեցինք մեծ ֆոտոպատմություններ։ Տները, շատ մեծ գաղափարախոսություն ունեն, նրանք պատմում են մեծ պատմություն: Հարկերի քանակը, ով որ սենյակում է բնակվել, ինչ ատրիբուտներ կային տանը․․․ Այս ամենը ավելի քան մարդկային կենցաղի, մշակույթի և մտածելակերպի մասին է»,- պատմեց Գրիգորյանը: 

Նա նշեց, որ ֆոտոպատմությունների բոլոր հերոսներին մեկ հարց են տվել՝ տները լքելուց հետո ի՞նչ են արել տան բանալին: Հարցին արցախահայերը տարաբնույթ պատասխաններ են տվել:  

«Մենք այս ցուցահանդեսով ևս մեկ անգամ ուզում ենք պատմել, որ կատարվածի ողբերգությունը թվերի մեջ չէ: Կատարվածը մարդկային ողբերգություն է»,- շեշտեց Մարկ Գրիգորյանը: 

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Սևակ Մովսեսյանն, օրինակ, տրամադրելով իր տան լուսանկարները, ասել է, որ աղյուսե տունը պապն էր սարքել՝ իր հոր և հորեղբոր համար։

«Մեր տունն ինձ համար ամեն ինչ էր: 2020 թվականի պատերազմից հետո սիրեցի լռությունը, իսկ մեր այգում շատ հանգիստ էր, միայն ծառեր էին ու թռչուններ: 2020-ի պատերազմի ժամանակ ծառայեցի մինչև նոյեմբեր, երբ մեզ խփեց մի բայրաքթար: Շատ լուրջ վնասվածքներ ստացա՝ ձեռքս, երկու ոտքերս, մեջքս, թոքերս, աղիքներս վնասվեցին: Եթե չլիներ մեր հարևանը, ով ինձ անմիջապես տեղափոխեց հիվանդանոց, ես ողջ չէի մնա»,- պատմել է Սևակ Մովսեսյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի վերջ: 

Տիգրանուհի Մարտիրոսյան 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *