Հիմա միայն շատ ծույլ մարդիկ օրը մի քանի անգամ չեն խոսում մեդիագրագիտությունից, թվային անվտանգությունից։ Թեման ոչ միայն մոդայիկ է, այլ ինքնին շատ ակտուալ, օրհասական, կարևոր։ Ավելին, այն օր օրի դառնում է ավելի ու ավելի կարևոր՝ ինչպես ագրեսիվ տեղեկատվական միջավայրի պատճառով, այնպես էլ գնալով աճող թվայնացման մակարդակների։
Ու, բնականաբար, աճում է քննարկումների քանակը, թե ինչպես անենք, որ մեդիագրագետ հասարակություն ունենանք։ Սակայն, ներկա իրավիճակում խնդիրը գրեթե անլուծելի է մի քանի պատճառով։
Պատճառ Ա. Վտանգները քանակով և որակով աճում են էքսպոնենցիալ, մինչդեռ մենք լավագույն դեպքում գծային զարգացում ենք ապահովում մեդիագրագիտության տիրույթում։ Իրականում, դա էլ չի հաջողվում
Պատճառ Բ. Մոտակա տարիներին կյանքի տարբեր ոլորտների թվայնացումը, մեդիա ոլորտի վերափոխումները լինելու են էլ ավելի մասշտաբային, մինչդեռ հասարակությունը դժվարությամբ է հասցնում մարսել եղած իրավիճակը
Պատճառ Գ և ամենակարևոր. Մեդիագրագիտության մասին հնարավոր է խոսել, առավելևս այն զարգացնել միայն ունենալով հիմք։ Իսկ հիմքը ընդհանուր գրագիտությունն է։ Եթե մարդիկ, օրինակ, տառաճանաչ չեն, դժվար է խոսել լուրջ գիրք նվիրելու օրվա մասին այդ մարդկանց շրջանակներում։ Եթե մարդիկ դպրոցում տոկոս հաշվել չեն սովորել այնպես, որ առանց քրտնելու կարողանան տարեկան եկամուտները տարբեր ներդրումների դեպքում արագ դուրս բերել, հնարավոր չէ խոսել մարդկանց կեղծ ներդրումային հանցավոր ցանցերից հեռու պահելու մասին։ Եթե մարդիկ մինիմալ տվյալներ չունեն ֆիզիոլոգիայից և մարդու մարմնի կառուցվածքից, դժվար է իրենց հեռու պահել կեղծ առողջական ոլորտի տեղեկատվական հոսքերից, որոնք կարող են մարդկանց վնաս տալ։ Եթե մարդ աշխարհագրությունից բան չի սովորել, իրեն հեշտ կարելի է աշխարհաքաղաքական աբսուրդ վերլուծությունների զոհ դարձնել։ Եվ այլն, և այլն, և այլն…
Իսկ ինչպե՞ս է իրավիճակը մեր կրթության ոլորրտում։ Ես չեմ խորանա բովանդակային, թեստերի արդյունքների մեջ։ Դա երկար, բավականին սուբյեկտիվ վերլուծություն է։ Պարզապես դիտարկենք հասարակ ցուցանիշ, որը թույլ է տալիս հասկանալ մեր պետության մոտեցումը կրթությանը՝ զուտ համեմատելով այլ կենսական ոլորտների վերաբերյալ բյուջետային ծախսերի հետ։
Կրթության ծախսերը կառավարության ընդհանուր ծախսերում 10 տոկոսից ցածր են կազմում, իսկ ընդհանուր աշխարհում 178 երկրից Հայաստանը 146-րդ տեղում է գտնվում։ (USAID տվյալներն են) Այսինքն, մենք որպես պետություն կրթության հանդեպ ունենք շատ ցածր պահանջներ (իհարկե, նշենք, որ վերջին տարիներին նկատվել է փոքր աճ, բայց դա շատ բան չի փոխել դեռ)։
Կրթության վրա ծախսերը որպես ՀՆԱ–ի տոկոս նույնպես տխուր պատկեր են ներկայացնում։
Հնարավո՞ր է նման մոտեցումների դեպքում ունենալ մեդիագրագետ հասարակություն։ Հարցս հռետորական է։ Բայց դե կգտնվեն մարդիկ, որ կասեն, որ հենց դա է հայսատանյան նորարար հրաշքը. Անգրագիտության հիմքի վրա կառուցում ենք մեդիագրագետ հասարակություն։ Անձրևի ժամանակ ասֆալտ փռել արդեն սովորել ենք, մնում է սրան էլ հասնենք։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: