Ինչպես իրական, այնպես էլ առցանց կյանքում և տիրույթում կան գրված և չգրված կանոններ։ Հաղորդակցվելիս շատ կարևոր է պահպանել այդ կանոնները, որոնք կոչվում են էթիկայի կանոններ, իսկ համացանցում՝ ցանցային էթիկա (network ethics, այստեղից էլ՝ նեթիկետ) կամ ցանցային վարվեցողության կանոններ։
Թվային լանդշաֆտը լի է մանիպուլյացիայի և խաբեության հնարավորություններով: Շատերը մշակում են իրենց անձնական թվային ինքնությունը, որը աղերս չունի իրենց իրական ինքնության հետ, որոշները կատարում են զգալի շտկումներ ու փոփոխություններ, որոնք կարող են էականորեն փոխել ինքնության ընկալումը մյուսների կողմից։ Այս իմաստով այս գործողությունները համարվում են ոչ էթիկական, քանի որ միտված են խաբեության, մանիպուլյացիայի և թվային տիրույթում գտնվող մյուս մարդկանց մոլորեցնելու։
Նեթիկետի խախտում կարող է համարվել անհանդուրժողականությունն ու ատելության խոսքը թվային միջավայրում՝ ուղղված անհատին, մարդկանց որոշակի խմբերին պայմանավորված սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ գործոններով, գրագողությունը, հեղինակային իրավունքների խախտումը, անհարգալից վարքագիծը։
Առավել ծանր օրինակների շարքում է նաև թվային ինքնության գողությունը կամ այսպես ասված կրկնօրինակումը՝ շահադիտական նպատակներով։ Այդ նպատակը կարող է հետապնդել ինչպես ֆինանսական և տնտեսական շահույթ, այնպես էլ կարող է ուղղված լինել թվային ինքնության սոցիալական ոչնչացմանն ու ստորացմանը։
Իհարկե այս պարագայում սա ոչ միայն նեթիկետի կոպիտ և անդառնալի խախտում է, այլև հանցագործության, կիբեռբուլինգի, դոքսինգի (անձի այնպիսի անձնական տեղեկությունների տարածում, ինչպիսիք են հասցեն, ահատական համարը, անձնագրի համարը, բանկային հաշվեհամարը, հեռախոսի համարը կամ սոցիալական ցանցի հաշվի հասցեն՝ այդ անձին կիբեռբուլինգի թիրախ դարձնելու նպատակով), քեթֆիշինգի (անձի անձնական տեղեկությունները ստանալու կամ տարածելու կամ անձի մասին կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով այլ անվամբ ներկայանալը) ակտ, որը հետապնդվում և պատժվում է գրեթե բոլոր երկրներում և որակվում է իբրև կիբեռհանցագործություն։
Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենսդրությունը և ակտերը, որոնք կարգավորում են կիբեռտիրույթում հասարակական գործունեությունը և սոցիալական փոխհարաբերությունները։ Դրանցից շատերն անդրադառնում են ինքնության գողությանը, կիբեբհանցագործություններին, անձնական տվյալների արտահոսքին, ատելության խոսքին և անհանդուրժողականությանը։ Կան նաև միջազգային հռչակագրեր և նորմեր, որոնց անդամակցել և վավերացրել են ՄԱԿ-ի անդամ պետությունները։
Չնայած էթիկետի վերաբերյալ զրույցները և վարվեցողության կանոնների քարոզը շարունակական բնույթ է կրում, այդուհանդերձ այն մնում է ակտուալ խնդիր հայաստանյան, և ոչ միայն, համատեքստում։ Այս ամենն ուղիղ առնչություն ունի անհատի կրթության և սոցիալական միջավայրի հետ։ Եթե մարդը հակված է պահպանել էթիկայի կանոններն իրական կյանքում, ապա ամենայն հավանականությամբ այն կպահպանի նաև առցանց միջավայրում։
Խնդիրը պայմանավորված է նաև մեդիայի արտադրության և սպառման գործընթացով։ Ամենօրյա ռեժիմով մարդիկ սպառում են մեդիա բովանդակություն լրատվամիջոցներից, առցանց հայտնի և անհայտ պարբերականներից, հանրային դեմքերի գրառումներից, սունկ կայքերից, դիտում են պաշտոնատար անձանց հարցազրույցներ, Ազգային ժողովի նիստեր, սարկաստիկ հաղորդաշարեր, ժամանցային հաղորդումներ, որոնցում վառ արտահայտված է վարվեցողության տարրական կանոնների խախտումները։ Հետևաբար՝ ինչ սպառում են, այն էլ կրկնօրինակում և վերարտադրում են։
Մյուս կողմից էլ, հանրային պարսավանքի և ճնշման բացակայությունը կամ ցածր մակարդակը պայմանավորում են պարարտ միջավայր նեթիկետի խախտման համար, երբեմն էլ այն խրախուսվում է՝ իբրև սուր արձագանք և քննադատություն։ Այս որակումներն ու գնահատական տալու բացակայությունը նպաստում են նեթիկետի կայուն խախտումներին։
Ցանցային վարվեցողության կանոնները սովորաբար խախտում են այն անհատները, որոնք հակված են դրանք խախտելու նաև անցանց՝ իրական կյանքում։ Սակայն այսքանով չենք սահմանափակվում։ Հարկէ նշել, որ էկրանից այս կող գտնվելն անհատին հաղորդում է հարմարավետություն, ապահովության զգացողություն։ Այս գոտում անհատը հաղորդակցվելիս ավելի ազատ է, անկաշկանդ, չի գնահատում հարաբերությունների և արտահայտման սահմանները։ Երբեմն այն շահարկում են՝ իբրև խոսքի ազատություն, մինչդեռ պետքէ գիտակցել, որ ազատության իրացումը չի կարող տեղի ունենալ դիմացինի արժանապատվության նսեմացման հաշվին։
Հարցի լուծումը մեկն է՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն։ Վարվեցողության կանոնները և առցանց վարքագիծը միջավայր է, որը ձևավորվում է մարդու անհատական որակների հիման վրա։ Անհատի որակների ձևավորումը և դրանց բարեփոխումը սոցիալականացման հարցեր են, որոնց պետք է ուշադրություն դարձնել ընտանիքից, հանրակրթական հաստատություններից։ Այլ կերպ հնարավոր չէ։
Ցանկացած մարմնի ստեղծում կբյուրոկրատացնի դաշտի կարգավորման գործընթացը։ հետո, պետք է հստակ չափանիշներ լինեն գնահատականներ տալու համար։ Չափանիշները մեկը չեն, երկուսը չեն։ Դրանք կյանքի ամենատարբեր ոլորտներին և իրավիճակներին պիտի անդրադառնան իսկ դա մեծ ծավալ է։ Նեթիկետի միջազգային ամենատարածված կանոնները տասնե են՝
- 1-ին կանոն․ Հիշե՛ք, որ դուք մարդու հետ եք խոսում:
- 2-րդ կանոն․ Հետևե՛ք վարվեցողության ճիշտ նույն կանոններին, ինչ իրական կյանքում:
- 3-րդ կանոն․ Հիշե՛ք, թե կիբեռտարածության որ մասում եք գտնվում: Նեթիկետը փոխվում է համակարգչից համակարգիչ:
- 4-րդ կանոն․ Հարգե՛ք դիմացինի ժամանակն ու հնարավորությունները:
- 5-րդ կանոն․ Պահե՛ք սեփական դեմքը, արժանապատվությունը:
- 6-րդ կանոն․ Եթե կարող եք, ապա օգնե՛ք ուրիշներին:
- 7-րդ կանոն․ Մի՛ մտեք կոնֆլիկտի մեջ:
- 8-րդ կանոն․ Հարգե՛ք դիմացինի անձնական հաղորդակցման իրավունքը:
- 9-րդ կանոն․ Ձեր հնարավորությունները մի՛ չարաշահեք:
- 10-րդ կանոն․ Սովորե՛ք ներել ուրիշների սխալները:
Թե ինչպես են անհատներն ու խմբերն ընկալում այս կանոնները և բացատրում, այլ հարց է։ Սակայն պետք է հիշել, որ անկախ ամեն ինչից, մենք սոցիալական էակներ ենք, որոն պետք է առաջնորդվեն և որոնց հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ միայն օրենքներով, այլև չգրված՝ հասարակական և մշակութային կարգերով ու մոտեցումներով։ Իզուր չէ, որ նեթիկետը՝ ցանցային վարվեցողության կանոնները համարվում են չգրված օրենք։
Դրանցով առաջնորդվելն անհատի բարեվարքության հարցն է և սեփական որոշումը։ Մենք միայն կարող ենք ընդունել կամ վանել մարդկանց մեր միջավայրից՝ ելնելով իր կողմից ցուցաբերած հաղորդակցությունից։ Ինքնակարգավորումը միակ ճանապարհն է քաղաքակիրթ աշխարհում բարքերի հաստատման իսկ դրա լուծումը կրթությունն է և փոխադարձ հարգանքի միջավայրի ստեղծումը պետական, մասնավոր և հասարակական միավորումների կողմից։
Ալեքսանդր Մարտիրոսյան,
մեդիափորձագետ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: