Լրագրությունից, ինչպես բժշկությունից, հասկանում են բոլորը: Եվ դատելով նրանից, թե քանի հոգի են լրագրողին կողքից «մասթեր կլաս» ցույց տալիս՝ մեկ-մեկ քեզ զգում ես այն հին երգի ալեհեր ջութակահարի վիճակում, որին ղեկավարում էին 49 դիրիժորներ, իսկ ինքը նվագում էր մենակ:
Մեզ սովորեցնում են, թե ինչ նկարներ կարելի է դնել: Օրինակ՝ վերջերս ֆեյսբուքյան լրագրողական մասնագիտական խմբերի քննարկումներից հասկացա, որ եթե ըմբշամարտի ընթացքում մարզիկները հանկարծ ու հայտնվել են մի դիրքում, որը գրգռված ֆանտազիան նմանեցնում է սեռական դիրքերից մեկին, թեեւ մարզիկները հագնված են ու ակնհայտորեն «էդ բանով» չեն զբաղվում, լավ կլիներ այդ նկարները չհրապարակել:
Ջհանդամը, որ համացանցը լեցուն է այնպիսի նկարներով, որտեղ մրցամարտի ընթացքում մեկ ձեռքը հենց «ոչ այնտեղ» է հայտնվում, մեկ էլ մրցողների դիրքերն անգամ Կամասուտրայում նկարագրվածն են տալիս-անցնում:
Հասկացա, որ եթե «Երեւան ջուր» ընկերության ջրամատակարարման դադարեցման մասին ամենօրյա հաղորդագրությունները հրապարակելիս հոգնում ես հա այդ ընկերության լոգոն տեղադրել, «ջուր չկա» գրառումներ, կամ էլ ջուր կրող մարդկանց լուսանկարներ, ու մեկ-մեկ էլ ջուր խմող կենդանիների նկարներով ես ուղեկցում նյութը, թութակի, շան կամ կատվի նկար կարող ես դնել, բայց եթե հանկարծ ցայտաղբյուրից ջուր խմող ոչխարի նկար ես դրել, վիրավորանքների հեղեղ կստանաս՝ ոչխարն ինքներդ եք, սպառողներին ոչխարի տե՞ղ եք դրել… Կարծես թե մինչ այդ շան տեղ էինք դրել: Կամ եթե ջուր խմող կատվի նկար էինք դրել, ուրեմն՝ շան տեղ էլ չէինք դրել:
Հասկացա, որ թեեւ ասուլիսին մասնակցող լրագրողները մամուլի ակումբում հյուրընկալվածներին ներկայացնում են այնպես, ինչպես եւ նրանք ներկայացվել են հաղորդագրության մեջ, բայց դա սխալ է՝ պետք է նրանցից պահանջել բարձրագույն կրթության որեւէ վկայական, դիպլոմի պատճեն, նույնիսկ գերադասելի է՝ երկու երաշխավորող անձանց վկայություն: Թե չէ կհայտնվես այնպիսի մի անհեթեթ պատմության մեջ, ինչպիսին Էլյա Հովհաննիսյանին աստղագետ ներկայացնելն էր:
Մեզ սովորեցնում են, թե մարդկանց ինչ քանակի մասնակցությամբ գործողությունները կարելի է լուսաբանել: Եվ ինչպես Երեւանի քաղաքապետարանից էին նեղսրտել, որ իրենց շենքի դիմաց հիմնականում երեք հոգու մասնակցությամբ ցույցերը գրեթե ամեն օր լուսաբանում ենք, ՀԱԿ-ի որոշ երիտասարդներ էլ վրդովվել էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաքի մասին ենք գրել, որին 7 հոգի են միացել:
Ձեռքերդ քոր են գալիս գրելու, թե ամեն ուրբաթ, երբ հավաքվում եք դատախազության դիմաց եւ մենք դա կանոնավոր լուսաբանում ենք, մի հատ շուռ եկեք ու հաշվեք, թե քանի հոգի եք: Կամ էլ հարցնել՝ չե՞ք խղճում Վարդգես Գասպարիին, որի միայնակ ցույցերը՝ ձեր դրած սանդղակով, ընդհանրապես երբեք չպիտի լուսաբանվեն:
Սակայն հասկանալի է՝ մանավանդ քաղաքական գործիչները լրատվամիջոցներին քննադատում են ոչ այն պատճառով, թե գիշերները չեն քնում մտահոգությունից, որ լրագրողները որակյալ ու էթիկական առումով անխոցելի նյութեր գրեն, այլ ուղղակի նման ձեւով՝ ծախվածության մեջ եւ այլ մահացու մեղքերի մեջ մեղադրելով, թաքուն հույսեր են փայփայում, թե կստիպեն խուսափել իրենց ոչ հաճո թեմաները լուսաբանելուց կամ էլ կհարկադրեն խնդիրներին անդրադառնալ միայն իրենց հաճո տեսանկյունից:
Բայց դե մեկ մեկ, իրոք, նյարդերդ չեն դիմանում: Երբ, ասենք, լրագրողական էթիկայի դասեր է տալիս անձը, որը խմբագրել է Հայաստանի մամուլի պատմության մեջ ամենագարշելի թերթը եւ որը հայտնի դարձավ՝ իշխանության ընդդիմախոսների մերկ կոլաժներ ու նրանց հասցեին բարեկրթության բոլոր սահմաններն անցնող որակումներ հրապարակելով:
Տարակուսում ես, երբ «մասթեր կլաս» ցուցադրում եւ լրագրողներին դասախոսական տոնով դասեր են տալիս ինչ–որ աղջիկներ ու տղաներ, որոնց առնչությամբ ծագող առաջին հարցերն են՝ բալիկ ջան, դու ո՞վ ես, կյանքում գոնե մի հոդված գրե՞լ ես:
Նյարդերդ չեն դիմանում, որ անգամ սկզբունքային ու առաջադեմ համարվող անձնավորությունը թույլ է տալիս մեկ մեղադրել, թե «օլիմպիական լռություն» ես պահպանել ու մի ասուլիս չես լուսաբանել, բայց երբ հենց ինքն էլ քիչ անց պարզում է, որ լուսաբանել ես, փոխանակ անհարկի մեղադրանքներով լեցուն գրառումը ու դրան հաջորդած վիրավորական մեկնաբանությունները ջնջի, սկսում է այս անգամ ուղղակի դժգոհել լուսաբանման որակից:
Մտածում ես՝ եթե այսպես է վարվում մասնագիտության մեջ «փաստ» բաղկացուցիչն ունեցող մարդը, էլ մյուսներից ի՞նչ պահանջես:
Ի՞նչ պահանջես երիտասարդ ակտիվիստից, որն անգամ առանց ուշադրություն դարձնելու, թե որտեղ են փակվել չակերտները, այսինքն՝ որտեղ է ավարտվել ուրիշի ուղղակի խոսքը, լրատվամիջոցից է հաշիվ ուզում հնչեցված քննադատության համար ու սպառնում բոյկոտով:
Ու մեկ-մեկ մտածում ես՝ մենք իշխանություններին ենք քննադատում՝ ԶԼՄ–ների մի մասը վերահսկողության տակ պահելու, իսկ մյուս մասի նկատմամբ նման ձգտում ունենալու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ վերոհիշյալ գանգատավորներից յուրաքանչյուրը եթե գոնե մի պուճուր իշխանություն ունենար, ինչպես այն կգործադրեր:
Մտածում ես՝ սրանց բախտն ուղղակի չի բերել՝ մի քիչ ուշ են ծնվել ու կորցրել են հնարավորությունը Գլավլիտում աշխատելու, որ թելադրեին՝ ինչ վերնագիր դնել կամ չդնել, ինչ ու ինչպես լուսաբանել կամ չլուսաբանել:
… Այս ամենից կարող է տպավորություն առաջանալ, թե անհանդուրժող ենք քննադատության նկատմամբ ու չենք ուզում ընդունել քննադատական դիտարկումները: Քավ լիցի՝ պատրաստ ենք քննարկել անբարեխղճության, մեդիա ոչ բավարար գրագիտության մասին վկայող ցանկացած փաստ: Բայց կնախընտրեինք, որ դա արվեր ոչ թշնամաբար՝ գոնե հանդարտ տոնով:
Ու զգուշացնում ենք՝ անտեղի քննադատությունը, անհարկի միջամտությունները քո մասնագիտական գործունեությանը վտանգավոր են նաեւ այն առումով, որ կարող է «ջրի հետ երեխային էլ թափես» ու սովորես բանի տեղ չդնել որեւէ քննադատություն՝ անգամ հարկի:
Ու խնդրում ենք մեր քննադատներին՝ մի վերածվեք նորօրյա գլավլիտի: Առանց այդ էլ ներքին ու արտաքին գրաքննության պակաս չկա, ու հեչ պետք չէ, որ հիմա էլ գրաքննության մի նոր ամբիոն ձեւավորվի՝ հանձին մասնավորապես Ֆեյսբուքի:
Աննա Իսրայելյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: