Գիտությունների ազգային ակադեմիան հունվարի 8-ին հաղորդագրություն տարածեց, որ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հայտնաբերել են Ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ։ Ըստ տեղեկատվության՝ հետազոտվել են սինթեզած երկու նոր միացություններ, որոնք ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ֆերմենտների ակտիվությունները:
Հայաստանյան մեդիայում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ հայտնաբերվել են Ալցհայմերի հիվանդությունը կանխարգելող միջոցներ։ Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթը ևս բուռն արձագանքեց. խոսվում էր Ալցհայմերի հիվանդությունից վերջնականապես ազատվելու մասին։
Քանի որ տարածված հաղորդագրությունը խրթին ձևակերպումներ ունի և ոչ մասնագետի համար դժվար է եզրակացություններ անել այդ տեղեկություններից, «Ստուգված է»-ն ուսումնասիրել է թեման և խոսել ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն և գիտահետազոտական խմբի ղեկավար Ալվարդ Անտոնյանի հետ՝ առավել հանրամատչելի դարձնելու տարածված հաղորդագրությունը։
Հետազոտությունը կատարվել է կենդանիների, և ոչ՝ մարդկանց վրա
Ավելի ճիշտ կլինի ասել՝ կենդանիներից առանձնացված բջիջների վրա։ Կենդանիների ուղեղներից առանձնացվել են բջիջները, բջիջների վրա նայել են միացությունների ազդեցությունները։ Այս մասին «Ստուգված է»-ի հետ զրույցում ասաց գիտահետազոտական խմբի ղեկավար Ալվարդ Անտոնյանը։
«Հետազոտությունը կատարվել է կենդանիներից առանձնացված բջիջների վրա։ Սրանք կոչվում են ինվիտրո, այսինքն՝ օրգանիզմից դուրս հետազոտություններ։ Այսինքն, բջիջների վրա ստեղծվել են մոդելներ և նայել ազդեցությունները։ Հաջորդ փուլը կենդանիների վրա մոդելներ ստեղծելն է և դրանց վրա հետազոտություններ անելը։ Այդ միացությունները կենսաքիմիայի միացությունները չեն, դրանք սինթեզվել են օրգանական և դեղագործական գիտահետազոտական կենտրոնում։ Եթե մենք առաջարկենք դրանք փորձարկել մարդկանց վրա, դա արդեն կախված է բժիշկների, Առողջապահության նախարարության թույլտվությունից… Չգիտեմ արդեն՝ ի՞նչ էտապներ են դրանք»,- պատմեց Անտոնյանը և ավելացրեց, որ միացությունները սինթեզվել են Օրգանական և դեղագործական գիտահետազոտական կենտրոնում։
Խմբի ղեկավարի խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ դա հիմք կհանդիսանա էլ ավելի լավ միացություններ սինթեզելու, սակայն դեղամիջոց դառնալու համար դեռևս շատ էտապներ է պետք հաղթահարել։
«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ միացությունները և՛ կանխարգելում են հիվանդությունը, և՛ բուժում»,- ասաց նա։
Այսպիսով, առնետների կամ մկների վրա կատարված հետազոտությունները կարող են ցույց չտալ նույն արդյունքը, ինչ մարդկանց վրա։ Ավելին, մարդկանց կամ մարդկանց բջիջների վրա հետազոտությունների իրականացումն ու արդյունքների գնահատումը կարող են երկար տարիներ տևել։ Հետևաբար վաղ է խոսել Ալցհայմերի հիվանդությունից վերջնականապես ազատվելու մասին։
Որտեղ են տպվել հետազոտության արդյունքները
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արդյունքները ընդունված են տպագրության «Նեյրոքիմիա միջազգային գիտական հանդեսում»։ Խոսքը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ-ի կողմից հիմնադրված Neurochemistry հանդեսի մասին է։ Այն հիմնադրվել է 1982-ին։ Անտոնյանի խոսքով՝ նախկինում կոչվում էր «Neurochemical journal» և գործում էր Հայաստանում։
Կարևոր է, որ «Neurochemistry» գիտական հանդեսն ունի բավականին ցածր ազդեցության գործակից (impact factor)` 0,286: Ազդեցության գործակիցը (ԱԳ) գիտական և հասարակագիտական պարբերականների մեջբերումների միջին չափման ցուցանիշն է։ Հաճախ օգտագործվում է որևէ պարբերականի հարաբերական կարևորությունը գնահատելու համար. ավելի բարձր ազդեցության գործակցով պարբերականները ավելի ցածր ԱԳ-ով պարբերականներից ավելի կարևոր են համարվում։ Թե ինչպես հաշվել ազդեցության գործակիցը՝ կարդալ այստեղ։
Գիտահետազոտական խմբի ղեկավար Ալվարդ Անտոնյանին հարցրինք նաև հանդեսի ազդեցության ցածր գործակցի մասին։
«Հանդեսն ունի ազդեցության գործակից։ Հիմա գործակիցն այդքան է։ Այն համարվում է միջազգային գիտական շտեմարանների հանդես։ Եթե մենք պետք է դրամաշնորհային մրցույթների մասնակցենք, եթե աշխատանքը այդ շտեմարանում է գտնվում, մենք հանգիստ դա կարող ենք օգտագործել։ Մեզ համար շատ հաճելի կլիներ, եթե այդ ամսագիրն ունենար ավելի բարձր ազդեցության գործակից, բայց, այնուամենայնիվ, այն ունի ազդեցության գործակից։ Կան միջազգային հանդեսներ, որոնք առհասարակ չունեն»,- ասաց Անտոնյանը։
Հարցին, թե արդյոք բացահայտումն ուղարկվե՞լ է այլ հանդեսների, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը կոնկրետ պատասխան չտվեց։
«Մենք անվճար պետք է տպագրենք, քանի որ չունենք հնարավորություն վճարելու տպագրության համար, հիմա շատ ամսագրեր դարձել են open access և դրանք վճարովի ծառայություններով են։ Մենք փորձում ենք այն ամսագրերում տպագրվել, որ քիչ թե շատ ունեն հնարավորություն անվճար տպագրելու։ Եթե անվճար տպագրության ընդունվում է, մեզ համար դա շատ լավ է»։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: