Արհեստական բանականություն և նեյրոցանցեր արտահայտությունները 2023-ի ընթացքում ամենահաճախ որոնված ու ամենահաճախ կիրառված արտահայտություններից են։ Անցնող տարվա ընթացքում շատ ոլորտներում արհեստական բանականությունը (AI կամ ԱԲ) լուրջ փոփոխություններ առաջացրեց։
ԱԲ գործիքները բավականին ակտիվորեն կիրառվեցին նաև մեդիայի ոլորտում։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, բլոգերները դիմեցին AI-ին իրենց աշխատանքն ավտոմատացնելու, դիվերսիֆիկացնելու և ժամանակ խնայելու համար։
Հայկական մեդիադաշտը նախ սկսեց օգտվել մուլտիմեդիայի ոլորտում աշխատող AI գործիքներից։ Առաջիկա տարվա ընթացքում հեղափոխական այս տեխնոլոգիայի կիրառության ծավալներն ավելի կմեծանան, քանի որ ԱԲ մի քանի գործիքներ սկսել են բարելավվել հայերենի հետ աշխատելու իրենց կարողությունները։
Ինչպե՞ս ԱԲ -ն կփոխի հայկական մեդիադաշտը 2024-ին։
Երևանի մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը կանխատեսում է, որ առաջիկա տարվա ընթացքում հայկական մեդիայում էականորեն աճելու է AI-ի օգտագործմամբ բովանդակության ստեղծման ծավալը։ Քանի որ արդեն ChatGPT-ի վերջին` վճարովի տարբերակում հայերենի հետ աշխատելու որակը բարելավվել է, մուլտիմեդիա բովանդակությունից բացի, կավելանա նաև AI-ի մասնակցությամբ ստեղծված տեքստային կոնտենտի չափաբաժինը։ Արհեստական ինտելեկտի միջոցով կգեներացվեն նյութերի կառուցվածքն ու թեմաները։ Սակայն լրագրողների աշխատանքը հեշտացնելուց ու ավտոմատիզացնելուց բացի, այն կարող է կրճատել կրեատիվ, ունիկալ կոնտենտի ծավալը։
«Պետք է խուսափել լրագրող AI փակ ցիկլի առաջացումից։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ․ AI-ն ուսումնասիրում է համացանցը, համացանցից սովորում է կոնտենտ, հետո լրագրողը դիմում է AI-ին և ստանում է այն ինֆորմացիան, որն արդեն իսկ կար համացանցում։ Եթե նա AI-ի միջոցով ստացված ինֆորմացիային նոր բան չի ավելացնում, նոր կոնտենտ չի ստեղծում՝ ստացվում է, որ վերահրապարակում է համացանցում արդեն իսկ եղած բովանդակությունը։ Եթե լրագրողներն ու խմբագրությունները իրենց հույսը դնեն միայն AI-ի վրա, ապա կարող է կրեատիվ ճգնաժամ առաջանալ, քանի որ մենք անընդհատ կարող ենք տեսնել հին կոնտենտի վերահրապարակումը»,- ասում է մեդիափորձագետը։
Ստացվում է, որ AI-ը մի կողմից հեշտացնելու է մեդիայի աշխատանքը, մյուս կողմից նվազեցնելու է մարդու ստեղծագործական բաղադրիչի առկայությունը։ Պապյանի կարծիքով այս ամենը կարող է հանգեցնել մեդիաոլորտում աշխատատեղերի կրճատման։ AI կարող է էժանացնել օրինակ հետարտադրական փուլը և խմբագրությունը 2 մոնտաժողի փոխարեն կարող է ունենալ մեկ աշխատակցի կարիք։
Օգնական, բայց ոչ լրագրողին փոխարինող․ այսպես է բնութագրում AI գործիքներն ու ծրագրերը «Սիվիլնեթ» կայքի խմբագիր Կարեն Հարությունյանը ։ Դրանց կիրառումը լրագրողի, կոնտենտ ստեղծողի աշխատանքի արագությունն ու որակը մի քանի անգամ բարձրացնում է, բայց պետք է խելամտորեն կիրառել այս գործիքները և զգույշ լինել։
«AI-ը հրաշալի օգնական է, վայրկյանների ընթացքում կատարում է հսկայածավալ աշխատանք, բայց չի կարող անել այն աշխատանքը, որը հենց լրագրողն է իրականացնում։ Պետք է ուշադիր լինել, որ լրագրությունը չդառնա արհեստական բանականությունից կախյալ ոլորտ և ստեղծագործելու ու գրելու հմտությունները անկում չապրեն»,- ասում է Հարությունյանը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հույս ունի, որ AI-ը Հայաստանում կնպաստի փաստերի ստուգման ու տվյալների լրագրության զարգացմանը։ Տվյալների ծավալուն շտեմարանները AI-ի միջոցով վերլուծելուց բացի, լրագրողները կօգտվեն նաև վիզուալներ ու ինֆոգրաֆիկաներ սարքելու հնարավորությունից։ Իսկ փաստերի ստուգման դեպքում, եթե նախկինում, առանց արհեստական բանականության աջակցության մեկ նյութ ստուգելու համար փաստեր ստուգողներն օգտագործում էին օրինակ 50 գործիք, ապա այսօր որոշ դեպքերում այդ բոլոր գործողությունները հնարավոր կլինի իրականացնել մեկ հարթակում։
«Աշխատանքը հեշտացնելուց ու արագացնելուց բացի, AI-ը նոր խնդիր է առաջացնելու փաստեր ստուգողների համար։ Դիփֆեյքերն ավելի կատարելագործվելու են և փաստեր ստուգողները պետք է կարողանան զանազանել AI- ով ստեղծված նյութերը իրական նյութերից»,- ասում է Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով հայկական լրատվական դաշտն իներտ է։ Եվ շատ քիչ լրատվամիջոցներ կան, որոնք համաշխարհային լրագրության չափորոշիչներին համապատասխան աշխատանք են կատարում ու արագորեն տեղայնացնում են թրենդները։ Լրատվական դաշտի մեծ հատվածը զբաղված է ներքաղաքական պայքարի տեղեկատվական ապահովմամբ։ Այս հատվածի համար AI-ը դառնալու է բավականին արդյունավետ գործիք հերթական կեղծիքն ավելի լավ գեներացնելու համար։
Բայց եկեք հաշվի առնենք մեկ փաստ , որ եթե Հայաստանում ԱԲ֊ի օգտագործումը մեծանա նաեւ կլինեն շատ խնդիրներ եւ հետագայում սկսեն շատ ծավալով աշխատել , դրանից կարող են նաեւ առաջանալ պատերազմներ ԱԲ ռոբոտների պատճառով։ Իսկ դրա միակ ճիշտ լուծումը լավ ծրագրավորողներն են , սակայն չկան ծրագրեր որոնց մեջ չլինեն ծրագրային խնդիրներ , այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ այդքան շատ տեղ չտալ ԱԲ֊ին , որովհետեւ հետագայում կսկսեն մարդկանց չիպավորել , կարող ենք ստեղծել ծրագրեր որոնք մեջ կլինի ԱԲ , բայց չպետքե դա լինի մեր առօրյա կյանքում։
հաղորդագրության մեջ հնարավոր է լինեն տառասխալներ , խնդրում եմ կոպտորեն չմոտենալ։