Լուսանկարը՝ Պարույր Մարկոսյանի
Վերջին ամիսներին միջազգային ու տեղական բոլոր լրատվամիջոցների առաջին էջերում, թոփ լուրերի շարքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումներն էին, ընթացող ռազմական գործողություններն ու դրանց ազդեցությունն աշխարհաքաղաքական փոփոխվող իրադրությունների համատեքստում։ «Արևելք» լրատվական կայքի հիմնադիր Սագօ Արեանի հետ զրուցել ենք ընթացող իսրայելա-պաղեստինյան պատերազմի լուսաբանման, միջազգային ու հայկական մեդիայի աշխատանքի վերաբերյալ։
Պարոն Արեան, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ փուլ է այժմ իսրայելա-պաղեստինյան պատերազմի ընթացքում։
Սա Գազայում տեղի ունեցող արդեն 5-րդ պատերազմն է։ Ես հետևել եմ նախորդ բոլոր 4 փուլերին, նախորդ 4 պատերազմներին: Կարդացել եմ թե՛ 1967-ի, թե՛ 1972-ի պատերազմների մասին, ապրել եմ 1982 թվականի Իսրայելի կողմից Բեյրութ ներխուժումը, իսկ ավելի ուշ ականատես եմ եղել 2006-ին Բեյրութի 33-օրյա պատերազմին։ Այն ինչ տեղի է ունենում այսօր բոլոր պատերազմներից ամենադաժանն ու ամենասարսափելին դարձավ։
Իսրայելը նախկինում ոչ մի անգամ բացահայտ կերպով չի հայտարարել, որ պատրաստ է գնալ մինչև վերջ, իսկ ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է ոչ միայն Գազան քանդել, այլ կյանքի որակն ու մակարդակն այնտեղ 50 տարով ետ տանել։ Հասցնել Գազան այն վիճակին, որ չլինեն բնակության տարրական պայմաններ, ո՛չ հոսանք, ո՛չ օրվա հացը ստեղծելու հնարավորություն, ո՛չ առողջապահական նվազագույն պայմաներ։ Եվ բոլոր այն մարդիկ, որ Գազա վերադառնալու հույս ունեն չեն կարողանալու վերադառնալ ու ապրել այնտեղ, հենց այդ տարրական կենսապայմանների բացակայության պատճառով։
Այս օրերի ընթացքում հազարավոր տոննաներով հրթիռներ են նետվել Իսրայելի կողմից։
Ամենասարսափելին այն է, որ Արևմուտքը «քարտ-բլանշ» է տվել Իսրայելին՝ շարունակելու այս ամենը։ Պիտի ասեմ, որ այն Գազան, որը գոյություն ուներ մինչև հոկտեմբերի 7-ը, այսօր գոյություն չունի։ Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ 2 կողմերը անհամաչափ ուժային վիճակում են գտնվում։ Ճիշտ է, դեռևս ՀԱՄԱՍ-ի ջոկատներ կան, որ ապրում են նկուղներում, և կարողանում են դեռ հարվածներ հասցնել իսրայելական քաղաքաներին, բայց դա չի փոխում ուժային բալանսը։ Թեպետ, շատ վերլուծաբաններ փորձում են խեղաթյուրել պատկերը և ասում են, թե ՀԱՄԱՍ-ը հաղթեց։
Ինչո՞ւ, ո՞րն էր այդ նարատիվն առաջ բերելու պատճառը։
Ինչո՞ւ են ասում, որ ՀԱՄԱՍ-ը հաղթեց, որովհետև իսրայելա-արաբական հակամարտության ողջ ընթացքում չի եղել այնպիսի դեպք, որ ՀԱՄԱՍ-ը կարողանա Գազայից դուրս գալ, գերիներ վերցնել, «նախնադարյան» միջոցներով հայտնվել իսրայելական ռազմական կայանների ներսում, սա աննախադեպ էր։ Սակայն ամբողջ աշխարհն է հետևում ու տեսնում, թե ի՞նչ է այժմ այնտեղ կատարվում։
Ամենավտանգավորն այն է, որ մինչև այս պահը ՀԱՄԱՍ-ը չի գիտակցում, որ իրեն լքել են Դիմադրության ճակատ անունով հայտնի ուժերը։ Իրեն լքել է Իրանը, իրեն լքել է Լիբանանի «Հըզբոլլահ»-ը։ Ես շատ լավ հիշում եմ, որ պատերազմի 15-րդ օրն էր, ՀԱՄԱՍ-ի պատասխանատուներից մեկը շատ կարևոր հայտարարություն արեց, ասաց, որ Իրանը լքել է իրենց։ Հետագայում Իրանը հայտարարեց, որ երբեք ՀԱՄԱՍ-ին չի օժանդակել և չի հովանավորել։
Ճիշտ է, թե՛ Իրանից, թե՛ աշխարհի տարբեր ծայրերից շատ ու շատ հայտարարություններ ու զորակցություններ են հնչում, բայց դա ոչինչ չի փոխում ընդհանուր իրավիճակում։ Այսօր ՀԱՄԱՍ-ը պատերազմում է միայնակ և կարծում եմ արդեն գիտակցում է, որ մեծ սխալ է գործել՝ այդ անակնկալ հարձակումն իրականացնելով։ Քաղաքական առումով էլ առաջիկայում ՀԱՄԱՍ-ը խաղից դուրս է մղվելու։ Սա արկածախնդրություն էր, սա պաղեստինցի ժողովրդի համար ինքնասպանություն էր։ Սա Իսրայելի համար շատ լավ առիթ էր, հակահարված տալու, որովհետև ՀԱՄԱՍ-ը սկսել էր վտանգ ներկայացնել Իսրայելի ներքին խաղաղության և կայունության համար։ Այս պատերազմը նաև ներքին խնդիրները ցրելու լավագույն տարբերակ էր Իսրայելի համար։
Ինչպե՞ս է կատարվողը լուսաբանում համաշխարհային մեդիան, որքանով է լուսաբանումը հաչափ ու անկողմնակալ։
Պատերազմի 2-րդ օրը կարծում եմ Իսրայելը հաղթեց մեդիայում, որովհետև այնպիսի կադրեր ցուցադրվեցին, որ նույնիսկ Պաղեստինի համակիրներն ու պաշտպանները հայտնվեցին անհարմար դրության մեջ։ Տեսան ՀԱՄԱՍ-ի տգեղ դեմքը։ Տեսան, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը անզեն քաղաքացիների վրա կրակում, թե ինչպես է գերեվարում երեխաներին, տարեցներին։ Ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեպքեր էլ եղան։
Արաբական մամուլն էլ փորձեց ներկայացնել արաբական աշխարհի ցավը։ Հիշում եք նույնիսկ միջազգային կայանների լրագրողներ զոհվեցին, բայց իմ կարծիքով Արևմուտքի քաղաքական կենտրոններում, մտքի կայաններում գերիշխող է ՀԱՄԱՍ-ի դեմ ժխտողական քաղաքականությունը՝ ի հակադրություն Պաղեստինին զորակցող համաժողովրդական աջակցության։
Պաղեստինում խնդիրն ավելի խորքային է և այստեղ մեծ դերակատարում ու նշանակություն ունի նաև մեդիան։ Այս երկրի գաղափարախոսությունը հիմնված է «Մահ Իսրայելին» նշանաբանի վրա։ Նրանք չեն ընդունում Իսրայելը որպես պետություն, նույնիսկ իրենց մեդիաներն իրենց խոսքում օգտագործում են «գրավված Պաղեստին» արտահայտությունը։ ՀԱՄԱՍ-ը միայն ասում է, որ Իսրայելը պիտի վերանա, պիտի չքանա աշխարհի երեսից։ Այս ամենը նման է հայ նացիոնալիստներին, որոնք հույս ունեն ջնջել, ոչնչացնել Թուրքիան։
Հենց այստեղ շատ կարևոր է մեդիայի դերը։ Նա պետք է կարողանա օգնել, որ մարդիկ իրականությունը տեսնեն։ Մեդիան սթափ կերպով պետք է մարդկանց ներկայացնի այն, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Նորից համեմատելով Հայաստանի հետ՝ ես միշտ ասում եմ, եթե մենք որոշել ենք որպես Հայաստանի Հանրապետություն շարունակել մեր կյանքը Հարավային Կովկասում, մենք պետք է ճանաչենք մեր տարածաշրջանը ու հասկանանք ի՞նչ միջավայրում ենք ապրում։ Ճանաչենք մեր սահմանակից հարևաններին, իսկ ես կասկածում եմ, որ մենք ճանաչում ենք Թուրքիային։ Դա չի նշանակում փակել Թուրքիայի սխալների էջը, ոչ։ Մենք պետք է սթափ նայենք իրականությանը, հասկանանք, որ այստեղ թույլ օղակը մենք ենք և ՀԱՄԱՍ-ի նման մենք էլ զոհ չպետք է դառնանք մեծ խաղացողներին։ Իմ խոսքերում, իմ վերլուծություններում քարոզ չկա, ես փորձում եմ իրականությունը մերկ դնել ընթերցողի սեղանին, թող ինքը վերլուծի և հասկանա։
Հայկական մամուլն ինչպե՞ս լուսաբանեց և այսօր էլ շարունակում է լուսաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Մենք աշխարհի մասնիկն ենք և չենք կարող անտեղյակ մնալ այն ամենից, ինչ կատարվում է մեր շուրջը։ Ունենք շատ լավ մասնագետներ, որոնք խորքային ներկայացնում են իրավիճակը։
Մեր լրատվականներում՝ հատկապես կայքերում, այս ամենի մասին ինֆորմացիան կա և պետք է ասեմ, որ բավականին անաչառ ինֆորմացիա է։ Գազայի ողբերգությունն իր բոլոր խազերով ներկայացվում է։
Դեռևս 2015-ին Ձեր հիմնադրած «Արևելք» լրատվականն այս օրերին բավականին ակտիվ է, ի՞նչ աղբյուրների հետ եք աշխատում ու ինչպե՞ս եք կարողանում ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան։
Այո, մենք շատ օպերատիվ ենք աշխատում այս օրերին։ Փորձում ենք առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ և փոխանցել մեր ընթերցողներին։ Մենք հետևում ենք ՀԱՄԱՍ-ի ալիքներին, «Հըզբոլլահ»-ի ալիքներին։ Շատ ընկերներ ունենք այնտեղ, որոնք մեզ համար ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում։
Հայաստանյան լրատվականների ամենամեծ խնդիրն ու թերացումը, որ նկատել եմ այս ընթացքում, այն է, որ արաբական աշխարհին վերաբերող լուրերը վերցնում են ռուսական աղբյուրներից։ Ժամանակն է, որ Հայաստանը իր միջոցներն ու կապերն ունենա արաբական աշխարհի հետ։ Նաև պետք չէ մոռանալ, որ ռուսական աղբյուրները հաճախ աղճատված են ներկայացնում դեպքերը։
Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում շատ դեպքերում մեր գործընկեր լրատվականները մեր կայքից են օգտվում և մեզ են հղում անում։ Այս օրերին նաև հետևորդների քանակն է աճել։ Հատկապես մեծ ակտիվություն ենք նկատել տելեգրամում։ Կարևոր լուրերի դեպքում դիտումների թիվը հասնում է 5000-ի, իսկ այս ցուցանիշը շատ մեծ թիվ է «Արևելքի» համար։
Դուք նշեցիք, որ հայկական ԶԼՄ-ները պետք է սկսեն արաբական աշխարհի հետ աշխատել ոչ միջնորդավորված, է՞լ ինչ բացթողումներ կամ թերացումներ նկատեցիք այս պատերազմի լուսաբանման ընթացքում։
Հայաստանյան մեդիադաշտին պակասում է երազը, ձգտումը։ Հասարակ մի օրինակ բերեմ՝ Ուկրաինայի պատերազմը մեր հետաքրքրության շրջանակում էր չէ՞, բայց միայն մեկ լրագրող ուղարկեցինք Ուկրաինա։ Նույն հարցը առկա է նաև այսօր․ ինչո՞ւ Լիբանան լրագրող չենք գործուղում։ Որպես երկիր մենք իրավունք չունենք երկրորդ ձեռքից այդ ինֆորմացիան ստանալ։ Մենք ունենք տեղում իրավիճակին ծանոթանալու, մեր տեսածն ու լսածը մեր հայրենակիցներին պատմելու ներուժը, բացի այդ, չէ՞ որ մենք ունենք հայրենակիցներ Երուսաղեմում, Լիբանանում, նաև այդ պատճառով է, որ մեր հետաքրքրվածությունը, մեր ձգտումը իրավիճակն ավելի լավ ճանաչելու ու հասկանալու ավելի մեծ պետք է լինի։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: