2023.12.06,

Նյուսրում

Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանը համալրել են ՀՌՀ կազմը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Լրագրող, թատերագետ Նունե Հախվերդյանը և գրականագետ Հասմիկ Հակոբյանը ընտրվեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամներ։  

Յուրաքանչյուրը ԱԺ կողմից ստացել Է 68 ձայն և ընտրվել։  

Ընտրությունից հետո Հախվերդյանն ու Հակոբյանը ԱԺ ամբիոնից երդվել են՝ հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։  

Media.am-ը առանձնացրել է Ազգային ժողովում ելույթների ու հարցուպատասխանի ընթացքում ՀՌՀ նոր անդամների կարծիքները կրթության, մեդիայի, հասարակության և ՀՌՀ գործունեությանը վերաբերող այլ թեմաների մասին։  

Հասմիկ Հակոբյան  

🔹Կրթված ու հանդուրժող հասարակություն ունենալու գործում մեր ամենաառանցքային դերակատարները կրթական համակարգն են՝ դպրոցը, ռադիոն, հեռուստատեսությունը։ Ռադիոն ու հեռուստատեսությունը հասարակության լայն շերտերի վրա ազդելու ամենաառանցքային բաղադրիչներից են։ Չնայած օր օրի ավելացող համացանցային մեդիա տեղեկատվությանը, մեր երկրում, ռադիոն ու հեռուստատեսությունը շարունակում են պահպանել իրենց գերակա դիրքը։   

🔹Հեռուստատեսության իմ հերոսը՝ լինի կրթական, մշակութային հաղորդման, թե ժամանցային թոք շոուի մասնակից, սերիալի կամ ֆիլմի հերոս, կարդացած ու գրագետ մարդն է, որը հաջողության է հասել սեփական ուժերի, աշխատանքի ու գիտելիքի շնորհիվ։  

🔹Ինձ հուզում է բռնության, ատելության, պատերազմի քարոզը, խտրական խոսքը։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքը, հանրային մուլտիպլեքսի մաս կազմող հեռարձակողների էթիկայի կանոնագրքերը, կարծես, կանոնակարգում են բռնության ու ատելության խոսք հասկացությունները, բայց իրականությունն այլ պատկեր է վերարտադրում։  

🔹Հայաստանը շարունակում է մնալ ծայրահեղ բևեռացված լրատվական դաշտ ունեցող երկիր, որտեղ լրատվամիջոցները ստեղծվում կամ ծառայեցվում են ի օգուտ իշխանական կամ ընդդիմադիր տեղեկատվության։ թեպետ ԶԼՄ օրենքի հոդված 12-ը սահմանում է լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունն ու բացությունը, մենք նկատում ենք, որ օրենսդրական դաշտը բավարար գործիքակազմ չունի ու չի պաշտպանում օրենքի կիրառումը։ Հազվադեպ լրագրողներ ու լրատվականներ են, որ չեզոք քաղաքական դիրքավորում են պահպանում՝ աշխատելով ի շահ մարդկանց անաչառ տեղելատվություն ստանալու իրավունքի ապահովման։  

🔹Հասարակ քաղաքացու համար անաչառ լրատվության փնտրտուքը բարդ է։ Հայաստանում ամեն պահ խախտվում է անաչառ, բազմակարծիք լրատվություն ստանալու իրավունքը։  

🔹Պայմանավորված Ադրբեջանի հետ ռազմական բախումներով ու պատերազմով Հայաստանի լրատվական դաշտը ենթարկվել է բազմաթիվ գրոհների և աննախադեպ քանակի տեղեկատվական արշավների։ Մյուս կողմից պետությունն էլ իր հերթին որոշակի թերություններով ու հապաղումներով է տեղեկատվություն տրամադրել։ Արդյունքում, լրատվական դաշտի հանդեպ վստահությունը 2020 թվականի պատերազմից հետո զգալիորեն նվազել է։  

🔹Ինձ հուզում է լրատվամիջոցներում, մասնավորապես հեռուստատեսությամբ, սեռով, ներառականությամբ, ռասայով, ապրելավայրով պայմանավորված խմբերի թիրախավորելն է, կարծրատիպերի ստեղծումն ու տիրաժավորումը։ Չեմ կարող թաքցնել ու չասել, որ հեռուստաեթերից կարելի է լսել սեռով, մասնավորապես կանանց, ապրելավայրով, ներառականությամբ պայմանավորված հումորային խաղարկումներ, թիրախավորումներ։  

🔹Հանրայինը ներկայացնում է տարբեր ոլորտներ, պարտավոր է տարբեր թեմաներով լրատվություն ներկայացնել։ Հնարավոր է, որ որոշակի ուժերին տրամադրվող ժամանակը ֆիզիկապես ավելի քիչ կարող է լինել։ Սա բոլոր ժամանակների Հանրայինի պատկերն է, նորություն չէ։ Հանրայինը փորձում է անաչառ լրատվություն տրամադրել, համաչափ լրատվություն է տալիս Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների հետ կապված և դա է պատճառը, որ գուցե մեր ցանկացածի չափ չի ներկայացել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։  

Նունե Հախվերդյան  

🔸Առօրյա զրույցներում լրատվամիջոցներին բաժանում ենք ընդդիմադիր, իշխանամետ խմբերի։ Ասում ենք՝ մերոնքական է, ձերոնքական է։ Ցանկացած ուժեղ պետություն կայուն լրատվական դաշտ կունենա, եթե լրատվամիջոցը լինի ինքնաբավ կառույց՝ ֆինանսապես, ազատ քաղաքական համակրանքներով։ Վստահ եմ, որ ցանկացած փոփոխություն գալիս է ինքնաբավությունից։  

🔸ՀՌՀ-ն իր լիազորություններով չի կարող ազդել ողջ աուդիովիզուալ բովանդակության վրա, քանի որ վերահսկման բավական նեղ գործառույթ ունի։  

🔸Վերգետնյա հեռարձակում ունեցող հեռուստատեսությունն ու ռադիոն ինֆորմացիոն հոսքի մեջ քիչ տոկոս են զբաղեցնում։ Լավ կլինի, որ մենք սա ընդունենք, ընդունենք, որ ինֆորմացիան բացվող, փակվող խողողակ չէ, այն մեր միջավայրն է։ Մենք շնչում ենք, արտաշնչում, արտադրում, սպառում։ Եթե լրատվության նկատմամբ նման վերաբերմունք ունենանք, միջավայրը կփոխվի։ Լրատվությունը կդառնա մեծ էկոհամակարգ։

🔸Աուդիովիզուալ բովանդակության մեջ ներառվում են անգամ գովազդային վահանակները, արձանները։ Սրանք բոլորը ուղերձներ են։ Այդ մեծ աղմուկի մեջ մեզ անընդհատ ուզում են մոլորեցնել։ Հաճելի բան է մտնել այդ քաոսի մեջ ու քո ձայնն ավելացնել այդ քաոսում, քեզ թվում է, որ դու դրանով քեզ արժևորում ես։

🔸Իմ երազած քաղաքացին բարդ մարդն է, թե ոչ հեշտ ու մակերեսային։ Նման մարդ կերտելու համար պետությունն ունի գործիք՝ մուլտիպլեքսը։ Իհարկե, այն անկատար է, միայն հեռուստատեսության կարգավորմամբ դրան չես հասնի, բայց մուլտիպլեքսը պետք է լինի օրինակելի այդ նպատակի ճանապարհին։ Ապագայի մարդը, բարդ մարդն է։ 

🔸Լիովին կիսում եմ մտահոգությունները, քննադատությունը ուղված Հանրային հեռուստատեսությանը։ Հանրայինը իմ՝ որպես սպառող, անցնում է կողքով, հազվադեպ է ինձ հետ խոսում։  

🔸Երբ պետությունը սահմանում է կանոններ հանրային մուլտիպլեքսում, հարց պետք է առաջանա, թե հանուն ինչի՞ պետք է այլ պետության ալիքներ լինեն այդ մուլտիպլեքսում։ Պատասխանը, որ այդպես եղել է միշտ, թույլ փաստարկ է։ Տուրբուլենտ տարածաշրջանում ենք, ազգային անվտանգության հարցերը՝ լեզվից սկսած, ուղերձներից վերջացրած, դրված են սեղանին։  

🔸Ներկայիս բազմազանության մեջ հետաքրքիր է այն լրատվամիջոցը, որն ունի դիրքորոշում և դրա մասին բաց է հայտնում։ Ես որպես սպառող չեմ կարող հասկանալ, թե ինչպես է ինձ վրա ազդելու ընդունվող օրենքը։ Ինձ հետաքրքիր է միացնել տարբեր լրատվամիջոցներ և տեսնել, թե ինչպես են իրենք մեկնաբանում այդ օրենքը։ Շատ հաճախ մենք ունենք ոչ թե լրատվության պակաս, այլ տեղեկատվոթյունը մեկնաբանողների, համադրողների պակաս։ Լրատվամիջոցներում տեսնում ենք նույն լուրերը՝ հանդիպեցին, գնացին, բայց կոնտեքստը չենք տեսնում։ Եվ լավ է, որ նույն օրենքը մեկը մեկնաբանում է Դաշնակցության դիրքերից, մյուսը մեկնաբանում է հատուկ կարիքներ ունեցողների դիրքերից։  

Տիգրանուհի Մարտիրոսյան 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *