2023.11.24,

Նյուսրում

Հայտնի են «Թվապատում 2023»-ի հաղթողները 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

6 անվանակարգ, 10-ը հաղթող։ 9-րդ անգամ կայացավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։ Այս տարի «Թվապատմանը» դիմել էին 106 լրագրողներ 47 լրատվամիջոցից ու ներկայացրել 193 լրագրողական աշխատանք։   

Վերջին տարիներին արտակարգ դրություններն ու արտակարգ պատմությունները մտել են գրեթե բոլորի ընտանիքներ։  

«Արտակարգ գրություն»․ հենց այսպես էր կոչվում անվանակարգը, որին դիմած լրագրողական աշխատանքներին այս տարի հանձնաժողովի անդամները ընդհանուր առմամբ վերապահումով  էին մոտեցել։ Սակայն հաշվի առնելով անվանակարգի կարևորությունը՝ որոշել էին խրախուսական  3 մրցանակ սահմանել։ 

Խրախուսական մրցանկի արժանացան «Հետքի» լրագրողներ Անահիտ Սվարյանը և Հայկ Մակիյանը՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» նյութի համար, «Ինֆոքոմի»ի լրագրող Աստղիկ Քեշիշյանը՝ «Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ․ շրջափակման հետևանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են» նյութի համար և «Մեդիամաքսի» հեղինակ Սոֆիա Հակոբյանը՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» հրապարակման համար։ 

Անահիտ Սվարյանը պատմում է, որ նյութը շրջադարձային էր իր համար, ոչ միայն որպես լրագրողի, այլ որպես մարդու։ «Այս նյութը փոխեց իմ ու իմ ընտանիքի կյանքը, մեր կյանքը։ Թեև գործընթացը շատ երկար տևեց ու դեռ շարունակվում է, բայց այս նյութն ինձ համար շատ կարևոր բացահայտումներ արեց»,- ասում է Անահիտը։ 

Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի արժանացած Սոֆիա Հակոբյանն էլ պատմում է, որ իր՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» նյութն ունի շատ երկար պատմություն։ Ծնված չլինելով Արցախում՝ Արցախում ու Արցախով ապրելը հետագայում դարձել է նրա գիտակցված որոշումը։ 

Սոֆիա Հակոբյանը Թվապատում մրցանակաբաշխության ժամանակ

44 –օրյա պատերազմի օրերին, երբ ռմբակոծվեց Ստեփանակերտի ծննդատունը, նա որոշեց, որ եթե երբևէ բալիկ ունենա, նա պետք է լույս աշխարհ գա հենց այդ ծննդտանը։ «Երբ մենք խոսում ենք Արցախում բլոկադայի հետևանքով չծնված երեխաների մասին, մենք չենք խոսում այն երեխաների մասին, որոնք նույնիսկ  կյանքի պլանավորման իրավունք չունեցան։ Ես շնորհակալ եմ այն կանանց ու մայրերին, ովքեր համարձակորեն, առանց վախենալու խոսեցին այդ երևույթների մասին, որովհետև ամենամեծ խնդիրն Արցախում ճշմարտությունն ասելու համարձակություն չունենալն էր», – պատմում է լրագրողը։  

Յուրահատուկ կառուցվածքով և վիզուալիզացիայով, որակյալ հետաքննության համար «Դիտակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք մեդիա գործարանի» լրագրող Զարուհի Տոնիկյանի՝ «Հուղարկավորության գինը. 15 տարում Երևանի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով» հրապարակումը։ Հանձնաժողովը կարևորել էր այն փաստը, որ նյութում անդրադարձ է կատարվում նաև կոռուպցիոն դեպքերին և քրեական տարրերի հետ առնչվող հարցերին։   

«Թվապատումը» մշտապես խրախուսում է նորարարական գործիքների կիրառումը լրագրողական աշխատանքներում։ «Մեդիա 3.0» տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Ամփոփ»-ի լրագրող Կարինե Դարբինյանը՝ «Երկրակեր երկնաքեր Երևան» շարքի համար։ Հանձնաժողովը հատուկ կարևորել էր բնակարանաշինության ոլորտին առնչվող տվյալները մանրակրկիտ  ուսումնասիրելու և գրագետ ու ամփոփ ներկայացնելու լրագրողի հմտությունը։ 

Ժամանակակից մեդիայում գնալով մեծանում է ինֆլուենսերների դերակատարումն ու նրանց հետևորդների քանակը։ Հենց սա է պատճառը, որ «Թվապատումը» չէր կարող մեդիայի այս տեսակը չներառել անվանակարգերում։  

Մրցույթի նոր՝ «ԱզդեցIQ» անվանակարգի հաղթող ճանաչվեց պատանի ինֆլուենսեր՝ 14 տարեկան Տիգրան Գաբրիելյանը՝ ինստագրամի  TigranBlog էջում իր գործունեության և առցանց արշավի համար։ Տիգրանը պատանեկան անկեղծությամբ շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ շատ բան չունի ներկաներին ասելու։ «Ես կուզեի այստեղ չլինել, չստանալ այս  մրցանակը, միայն լինեի Արցախում ու իմ ընկերների հետ»,- ասաց Տիգրանը։  

Տիգրան Գաբրիելյանը Թվապատում մրցանակաբաշխության ժամանակ

Լրագրողական մրցանակաբաշխության ընթացքում ավանդաբար մեծ ուշադրություն է դարձվում նաև գիտական թեմաներին վերաբերող լրագրողական աշխատանքներին։ 

«Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հանձնաժողովն առանձնացրել էր երկու աշխատանք։ Մարդկային դեմքերով և գրավիչ վիզուալներով  նանոտեխնոլոգիաները բացատրելու համար՝ հաղթող ճանաչվեց «Ինֆոքոմի» Աննա Սահակյանի՝ «Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս» հրապարակումը։ Հեղինակը պատմեց, որ հանրամատչելի լեզվով գիտության մասին խոսելը դարձել է իրենց թիմի ամենասիրելի ու հետաքրքիր փորձառություններից մեկը, որը վստահաբար շարունակվելու է։ Նույն ոգևորությամբ ներկայացնելու են նորանոր թեմաներ ու երևույթներ։   

«Լուսաբանելով գիտությունը» անվանակարգի մյուս հաղթողն էլ «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանն էր՝ «Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի սորտերի գենոմը. գիտական արդյունքները կարող են նաև տնտեսական օգուտ բերել» նյութի համար։ Հանձնաժողովի անդամները կարևորեցին, որ նյութը ներկայցվում է մարդկային պատմությամբ, մարդկային լեզվով և լուսանկարներով։  

Մարդը, նրա պատմությունը, նրա կատարած աշխատանքն ու վարակիչ օրինակը Թվապատման «Գործող անձ» (Homo Agendi) անվանակարգի հիմքում են։ Այս անվանակարգում պատմություններն այն անհատների մասին են, որոնք դրական փոփոխություններ են նախաձեռնում իրենց շրջապատում։ Անահիտ Գևորգյանի պատմությունը «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Ղարիբյանի միջոցով դարձավ այս անվանակարգի հաղթողը։ Թե՛ հեղինակը, թե՛ հրապարակման հերոսը պարգևատրվեցին 300․000-ական դրամով։  

«Արի գյուղ, գյուղում կյանք կա. «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը» լավագույն օրինակներից է, որ մարդը կարող է իր գործով վարակել մյուսներին ու դրական փոփոխությունների առիթ դառնալ։   

Անահիտ Գևորգյանը և Լուսինե Ղարիբյանը Թվապատում մրցանակաբաշխության ժամանակ

«Թվապատում 2023» ամենամյա մրցույթի Հատուկ մրցանակ և 100․000 դրամ պարգևին արժանացավ լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ «Առավոտում» հրապարակված «Պաշարված Արցախ․ աղոթք ու պայքար օրվա հացի համար» նյութի, ինչպես նաև շրջափակման ընթացքում առցանց հարթակներով մարդկային ճակատագրերի մասին պատմելու և իրազեկելու համար։ 

Սիրանուշ Սարգսյանը Թվապատում մրցանակաբաշխության ժամանակ

Անցած տարվա ընթացքում նա շատ կարևոր աշխատանք էր կատարել՝ հետևողականորեն լուսաբանել շրջափակումը։ Նրա նյութերը հրապարակվել են նաև միջազգային մամուլում՝ Newsweek, BBC, Open Democracy։  

«Ցավոք, ես ու իմ գործընկեր լրագրողները չկարողացանք ճեղքել այն լռությունը, որը կար Արցախի շուրջ շրջափակման ամիսների ընթացքում։ Այդ լռությունը ճեղքեցին սեպտեմբերի 19-ին հնչած պայթյունի ձայները»,- ասաց արցախցի լրագրողը։ Սեփական ընտանիքի օրինակով, սեփական ցավի մասին աշխարհին պատմող Սիրանուշն անկեղծորեն ասաց, որ Տիգրանի նման, նա էլ կնախընտրեր չստանալ այս մրցանակը, միայն թե լիներ իր հայրենիքում։  

Մարիաննա Դանիելյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *