2023.11.06,

Տեսակետ

«Եթե նախկինում լավ ինֆորմացիայի պակաս կար, ապա հիմա ինֆորմացիան ֆիլտրելու կարիք կա» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Վերջին տարիներին մեդիագրագիտություն կամ  մեդիակրթություն տերմինը հաճախ կարելի է լսել։  ժամանակակից կրթությունն առանց մեդիակրթության, առանց համացանցի և մեդիայի հետ գրագետ հարաբերվելու կանոնների դժվար է պատկերացնել։  

Տեղեկատվական տիրույթում չխճճվելու, կեղծ լուրերը միանգամից ճանաչելու, ապատեղեկատվության կամ քարոզչության զոհ չդառնալու համար պետք է զինվել մեդագրագիտության գործիքներով։  

ՅՈՒՆԵՍԿՕՆ 2012 թվականից սկսած  իրականացնում է մեդիագրագիտության շաբաթ միջազգային շարժումը։ Հայաստանն այս շարժմանը միացել է 2016-ին։ Ամենամյա միջոցառումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 6-11ը։  

Մեդիագրագիտության շաբաթվան ընդառաջ՝ Media.am-ը զրուցել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետազոտական աշխատանքների համակարգող Անի Մկրտումյանի հետ։ Փորձել ենք հասկանալ՝ թե ի՞նչու է կարևոր մեդագրագիտությունը կրթական համակարգում և ինչպե՞ս է այն իրականացվում Ճեմարանում։ 

Կա պնդում, որ թվային աշխարհում երեխայի համար անվտանգ միջավայր ապահովելու ամենաարդյունավետ եղանակը նրան մեդիագրագետ դարձնելն է։ Ինչու՞, ինչո՞վ է ժամանակակից կրթության մեջ այդքան կարևորվում մեդիագրագիտությունը։   

Մեդիագրագիտությունը ժամանակի հրամայականն է։ Այսօր մեդիա հոսքերը բազմազան են ու տարատեսակ, դրանք տարբեր շահեր ու նպատակներ են սպասարկում։ Եթե նախկինում լավ ինֆորմացիայի պակաս կար, ապա հիմա ինֆորմացիան ֆիլտրելու կարիք կա։ Բոլորս այսօր ունենք այս խնդիրը։  

Թե՛ մեծահասակները, թե՛ դպրոցականները պետք է կարողանան տարբերել կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, քարոզչությունը։ Պետք է կարողանան հասկանալ ի՞նչ աղբյուրներից օգտվել՝ հավաստի ինֆորմացիա ստանալու համար։ Ստացված ինֆորմացիան վելուծելու համար պետք է քննադատական մտածողության գործիքներ կիրառեն։ Այսինքն, մեդիայի հետ գրագետ հարաբերություններ կառուցելու համար պետք է տիրապետեն մեդիագրագիտության կանոններին։ 

Մեր հասարակությունը մեդիագրագե՞տ է, թե ոչ։ Ձեր նշած «պետքեները» գործո՞ւմ են, կիրառվո՞ւմ են։    

Այս ոլորտում, կարծում եմ դեռ շատ աշխատանք ունենք իրականացնելու։ Սովորողները, որոնց հետ մենք աշխատում ենք և սովորեցնում ենք հետևել մեդիակրթության կանոններին, հաճախ շատ գրագետ և անվտանգ վարք են ցուցաբերում թվային տիրույթում։ Բայց եթե փորձենք վերլուծել մեր հասարակության վարքագիծը մեդիատիրույթում, ապա կարող եմ ասել, որ թե՛ բարեվարքության կանոններն են հաճախ խախտվում, թե՛ մեդիագրագիտության։ 

Մասնավորապես վերջին ամիսներին բոլորս էլ տեսանք, թե ինչպես են մեր հայրենակիցները, առանց ինֆորմացիան ստուգելու, առանց ժամկետին ուշադրություն դարձնելու տարածում կեղծ կամ խուճապ առաջացնող լուրեր։ Սա հենց մեդիագրագիտության պակասի մասին է խոսում։ Մենք չպետք է մոռանանք, որ հիբրիդային պատերազմի բաղկացուցիչներից մեկն էլ տեղեկատվական պատերազմն է, որի հասցրած վնասները պակաս կործանարար կամ աղետալի չեն լինում։  

Ճեմարանի կրթական գործընթացում, որքանո՞վ են ներառված մեդիա գործիքները և մեդիակրթությունը։ 

Ճեմարանը Միջազգային բակալավրիատի անդամ դպրոց է և ըստ Միջազգային բալկալավրիատի պահանջների՝ մենք ունենք հետազոտության, տեղեկատվական գրագիտության և մեդիագրագիտության հմտություններին տիրապետելու գնահատման չափանիշներ։ Եվ կրթությունը հիմնվում է հենց այդ չափանիշների վրա։  Հետազոտական հմտություններ դասընթացի մեջ անդրադառնում ենք և՛ տեղակատվական և՛ մեդիագրագիտության թեմաներին։ Ունենք նորարարական կենտրոն, որտեղ երեխաները կարող են աշխատել։ 

Մեդիագրագիտության հմտությունները սկսում ենք զարգացնել կրտսեր դպրոցից։ Չորրորդ դասարանում ծանոթացնում ենք մեդիայի տարատեսակներին։ Իրենց նախագծային աշխատանքների համար երեխաները կատարում են հետազոտական աշխատանք, երբեմն հարցազրույցներ են իրականացնում մասնագետների հետ, փորձում են սոցիալական հոլովակներ նկարել։   

Միջին դպրոցում ունենք հետազոտական հմտությունների զարգացում դասընթացը, որի ընթացքում երեխաներին ծանոթացնում ենք ակադեմիական ազնվությանը՝ հղումներ տալու կանոններին, սովորեցնում ենք ճիշտ օգտվել մեդիա ռեսուրսներից, ծանոթացնում ենք աղբյուրների տեսակներին։  

Աղբյուրների հետ աշխատելիս շատ կարևոր է վստահելի և ոչ վստահելի աղբյուրները տարբերակելը։ Սովորողներն ինչպե՞ս են կողմնորոշվում այս հարցում։   

Աղբյուրների գնահատման գործիքներ կան, որոնցով փորձում ենք ուղղորդել աշակերտներին։ Այդ գործիքները կիրառելով՝ կարողանում են հասկանալ տեղեկատվական աղբյուրի ծագումը, նպատակը, արժեքավոր կամ անարժեք լինելը։ Այս հարցերին պատասխանելով՝ նրանք կարողանում են գնահատել որքանո՞վ է աղբյուրը վստահելի, ո՞վ է հեղինակը, ե՞րբ է հրապարակվել, ինֆորմատի՞վ է, թե պրոպագանդայի տարրեր է պարունակում։  

Դուք նշեցիք քննադատական մտածողության մասին, ինչո՞ւ է հատկապես կարևոր այս հմտության զարգացումը դպրոցահասակ տարիքում։ Հնարավո՞ր է քննադատական մտածողության միջոցով նաև նվազեցնել այն բացասական ազդեցությունը, որ երբեմն մեդիան կամ համացանցը ունենում են դեռևս ոչ լիարժեք ձևավորված ճաշակ, աշխարհընկալում ունեցող դեռահասների շրջանում։   

Նախկինում երեխան զարգանում էր ընտանիքում, դպրոցում և բակում ձևավորված արժեհամակարգերի հիման վրա։ Այսօր բակը իր տեղը զիջել է համացանցին։ Այսօր երեխաները համացանցային տարատեսակ հարթակներում հետևում են տարբեր բլոգերների, ինֆլուենսերների։ Կրկնօրինակում են նրանց խոսքը, վարքը, ժեստերը անգամ սանրվածքը։ Հենց քննադատական մտածողության միջոցով է, որ նրանք պիտի կարողանան տարբերակել, գտնել ու վերցնել այն, ինչն իրենց իրականում պետք է մեդիայի անծայրածիր աշխարհից։ Մեդիան հրաշալի գործիք է, եթե ճիշտ է օգտագործվում։  

Մենք փորձում ենք հեռու պահել նրանց ոչ ցանկալի մեդիաբովանդակությունից։ Հիմնվելով նրանց հետաքրքրությունների շրջանակի վրա՝ փորձում ենք մեր ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխանող հանձնարարություններ տալ և վերջնարդյունքում ձևավորել մեդիագրագետ քաղաքացի։  

Քանի որ հենց մեդիագրագետ քաղաքացին է կայացած քաղաքացիական հասարակության երաշխավորը։   

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *