Երևի արդեն չեք զարմանա, երբ կարդաք, որ Apple ընկերությունը կրկին ուղարկել է զգուշացնող նամակներ առ այն, որ կոնկրետ մարդը դարձել է թիրախ պետական (state sponsored) հաքերային թիմի կողմից։ Սա Հայաստանի դեպքում հիմնականում նշանակում է, որ հեռախոսը վարակված է Pegasus լրտեսական ծրագրով։ Իսկ այդ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի կառավարության պատվերով տեղադրվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից։
Արդեն երկու տարի է, ինչ մենք CyberHUB-ում հետազոտում ենք վարակված հեռախոսները։ Գնալով դրանց թիվն աճում է։ Ընդ որում, եթե մարդ ստանում է զգուշացում Apple-ից, ապա այն ինչ-որ դեպքերում կարող է նշանակել անհաջող վարակում, այսինքն՝ հեռախոսը մաքուր է։ Կան բազմակի, տասնյակ վարակումներ։ Նաև, կարևոր է հասկանալ, որ զգուշացումը բացարձակ չի նշանակում, որ հեռախոսը նոր է վարակվել, հաճախ մարդը տեղեկանում է, որ ենթարկվել է հարձակման, բայց օրինակ, մեկ կամ երկու տարի առաջ։
Եվ արդեն, տարիների ընթացքում, ստուգված հեռախոսների (որոնք, իհարկե, ներկայացնում են իրենց տերերին, կոնկրետ մարդկանց) մեծ քանակի հիման վրա կարելի է անել որոշ հեռու գնացող եզրակացություններ։
Առաջինն այն է, որ մենք լավ չենք էլ պատկերացնում վարակումների իրական մասշտաբները՝ ինչպես քանակային, այնպես էլ՝ ժամանակային կտրվածքով։ Մեր հայտնաբերած վարակումները սկսվում են 2020 թվականի պատերազմից, և հասնում են առնվազն մինչև այս տարվա ամառվա վերջ՝ սեպտեմբերի սկիզբ։ Նաև կան վարակումների կուտակումներ 21-22 թվականի սահմանային լուրջ ռազմական ընդհարումների ժամանակ և 21 թվականի ընտրություններից առաջ։ Բայց ընդհանուր կարելի է փաստել, որ վարակումները եղել են գրեթե անընդհատ։
Մենք՝ CyberHUB-ը, և մեր գործընկեր Ռուբեն Մուրադյանը ստուգել ենք հարյուրից ավելի հեռախոսներ, բայց տեղյակ ենք առնվազն կրկնակի դեպքերի մասին։ Գիտենք կոնկրետ մարդկանցից, որոնք Apple-ից ստացել են զգուշացնող նամակներ։ Նաև շատ մարդկանց մասին հայտնի է միջնորդավորված։ Օրինակ, վստահելի մարդիկ հայտարարում են կամ մեզ ասում են՝ «մեր բաժնում բոլոր այֆոն ունեցողները ստացել են» (նկատի ունեն Apple-ից ստացված նամակները)։ Հարկ է նշել, որ բավականին շատ մարդիկ նաև գաղտնի են պահում նամակի ստացման փաստը, որպեսզի խոցելի չերևան՝ իրենց գործի բնույթից ելնելով։
Այսինքն, խոսքը կարող է լինել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց մասին։ Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրի ներսում, ենթադրաբար, մոտ հազար հոգու էին թիրախավորել Պեգասուսի միջոցով։ Հայաստանի դեպքում շատ հավանական է, որ թիվը կարող է անգամներով շատ լինել։ Ամբողջական պատկեր մենք ունենալ, իրականում չենք կարող։
Բայց, հաշվի առնելով կոնկրետ հայտնի մարդկանց, ում թիրախավորել են, կարելի է ասել, որ լրտեսել են, և շարունակում են լրտեսել պետական կառույցների ներկայացուցիչների՝ շատ լայն սպեկտրով։ Հիշենք, որ Apple-ից զգուշացում ստանալու մասին տեղեկության մասին տարբեր ժամանակներում հայտարարել են Հայաստանի վարչապետը, ԱԺ խոսնակը, ներկա նախագահը, որն այդ պահին ԲՏԱ նախարարն էր։ Պետական համակարգի վարակման մակարդակի մասին կարող եք հետևություններ անել այս հայտարարություններից, որոնց կարելի է ավելացնել, որ մեզ հայտնի են վարակումներ ընդհուպ մինչև շարքային աշխատակիցներ, և պաշտոնյաների ընտանիքների անդամներ՝ ներառյալ երեխաները։
Պարզապես նշեմ, որ սիմետրիկ նույնը կատարվել է Արցախում։
Վարակման են ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և խմբագրեր։ Այսինքն, հասարակությունը ողջ սպեկտրով։
Փաստացի, կարելի է հետևություններ անել, որ պատերազմի օրերին Ադրբեջանի հատուկ ծառայություններին հայտնի են եղել շատ մեծ քանակի տվյալներ Հայաստանի և Արցախի ամենաներքին կուլիսներից։ Նման մանրակրկիտ լրտեսումը շարունակվել է ընդհուպ մինչև Արցախի վրա հարձակումը։
Եվ ստացվում է, որ միայն մեկ ուղղությամբ, մարդկանց հեռախոսները վարակելով, Ադրբեջանը հավաքագրել է տվյալներ վերևից ներքև՝ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից։ Նաև կարևոր է հասկանալ, որ շատերը սկսել են ուշադրություն դարձնել հեռախոսների անվտանգությանը նոր ՝ վերջերս, հենց Պեգասուսի մասին խոսակցությունների պատճառով։ Իսկ պատերազմի ժամանակ, շատ ավելի անփույթ է վիճակը եղել (այնպես չէ, որ հիմա որակապես կտրուկ բարելավում ունենք, բայց դե գոնե կա գիտակցում վտանգի ավելի լայն զանգվածների մոտ)։
Ամեն դեպքում, հարկավոր է հասկանալ, որ եթե կա մեկ բաց դուռ, բոլոր բարձր պատերը անիմաստ են։ Հատկապես, երբ այդ դուռը բազմաթիվ պաշտոնյաների հեռախոսներն են, որոնք միշտ իրենց հետ են, մեջն էլ բազմաթիվ տվյալներ։
Իհարկե, հիմա, ինչպես ասացինք, շատերը ավելի զգուշավոր են, բայց առանց համակարգված մոտեցումների նույնիսկ մի քանի վարակված մարդիկ կարող են աղետալի հետևանքների պատճառ դառնալ։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: