2013.07.16,

vox populi

«Հեռուստատեսությունը ծաղրածուի գործ է»

Ստացվեց այնպես, որ պատանեկան տարիներին, Վանաձորից տեղափոխվելով Լիտվա, ես սկսեցի աշխատել Վիլնյուսի հեռուստատեսությունում:

Մի քանի տարի աշխատելուց հետո ասացի՝ ցտեսություն, փակեցի ինձ կերակրող այդ դուռն ու որոշեցի Կինոակադեմիա ընդունվել ու կինոռեժիսուրա սովորել: Իմ առաջին ֆիլմը «Լեռնավան»էր, հետո նկարահանեցի «Հայրը» վավերագրական ֆիլմը, որն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին էր մասնակցում:

Հեռուստատեսությունը թողնելը շատ հեշտ ստացվեց, քանի որ դա մի դատարկ, փուչ իրականություն է: Հեռուստատեսությունը վարկանիշի զոհ է, ստի ու գովազդի հավաքածու, որտեղ կարեւորը անգամ ճիշտ կամ սխալ լինելը չէ, այլ ծաղրածուությունը: Որպեսզի հաղորդումը դիտվի, պետք է ծաղրածուի գործ անես: Եվ իմ վարած հաղորդումն էլ հենց այդ ժանրի գործ էր՝ կատակներով լցված շոու, որտեղ «օգտագործվում» էր արեւելյան արտաքինս, լիտվերեն վատ՝ հայերեն շեշտադրումներով խոսելս: Ես արագ ձանձրացա ու ասացի՝ հերիք է:

Հիմա մանկական ու պատանեկան կինոդպրոցներում եմ դասավանդում, նաեւ մանկատներում եմ աշխատում, որտեղ, օգտագործելով կինոյի ազդեցությունը, փորձում ենք երեխաներին հոգեբանական օգնություն ցուցաբերել: Ուզում ենք, որ երեխաներն ինքավստահություն ձեռք բերեն, զարգանան ու իրենց պատկերացումները կազմեն աշխարհի մասին:

Կինոն շատ լավ լեզու է աշխարհի մասին խոսելու համար: Կյանքն այնքան հետաքրքիր է, որ ծաղրածուություն անելու, ինչ-որ արհեստական միջոցների դիմելու կարիք չկա:

«Հայրը» նկարահանելիս, օրինակ, հատուկ որոշել էի չխառնվել հերոսներիս կյանքին՝ մտածելով, որ իրավունք չունեմ նրանց կյանքը աղավաղել կամ իմ մտքերն իրենց փոխանցել: Իհարկե, ի սկզբանե ես հարցեր ունեի՝ ուզում էի հասկանալ, թե ֆիլմի 70-ն անց բազմազավակ հայրը ինչո՞ւ է այդ տարիքում շարունակում երեխաներ ծնել, ո՞րն է այդ մարդու պայքարը կամ ավելի ճիշտ՝ այդ պայքարի համն ու հոտն ինչն է:

Ուզում էի, որ ինքնին կյանքը տա այդ հարցերի պատասխանները՝ առանց նկարահանողի միջամտության:

Ճիշտն ասած՝ ես մի եզրույթ եմ հորինել, որով եւ բացատրում եմ վավերագրական կինոյի էությունը: Կարծում եմ՝ դոկումենտալ կինոն հրաշալիքների որս է: Գնում ես նկարահանելու, բայց սրտիդ խորքում միշտ սպասում, որ ա՛յ հենց հիմա հրաշքի ես հանդիպելու: Ու եթե կարողանաս այն որսալ, ուրեմն ֆիլմդ կստացվի, իսկ եթե չկարողանաս, ուրեմն պիտի սպասես, մինչեւ այն հայտնվի:

Ֆիլմ նկարահանելը ձկնորսության պես բան է, որտեղ կարեւորը համբերատար սպասումն է: Գնում ես նկարահանելու, կարթը գցում ջուրը (միացնում տեսախցիկը) ու սպասում, թե երբ է «որսը» դուրս գալու իր բնից: Դու գիտես, որ կյանքում ամեն ինչն էլ կա, պարզապես պետք է սպասես: Բայց այդ պրոցեսը վիճակախաղ չէ… Ռեժիսորը (ձկնորսի պես) պիտի լավ զգա իրեն շրջապատող նյութը, միջավայրը, մարդկանց:

«Հայրը» ֆիլմում, օրինակ, դրվագներ կան, որտեղ երեխաները խաղում են, կռվում իրար հետ, ես դրանք չեմ բեմադրել, չեմ միջամտել, պարզապես նկարահանել եմ, եւ դրանք ամենահետաքրքիրն են ստացվել: Երեք տարի աշխատել եմ ֆիլմի վրա, մեկ ու կես տարի նկարահանել, 80 ժամ տեսանյութ հավաքել ու երկար կառուցել պատմությունը:

Զգում եմ, որ պատմություններն իրենք պետք է հասունանան ու բացվեն քո առջեւ: Տարբեր մտահղացումներ ունեմ Վանաձորի հրաշքները որսալու համար, բայց դրանք դեռ հում են, դեռ չեն սկսել սիրտս ցավեցնել այնքան, որ առանց դրանք նկարահանելու չկարողանամ ապրել:

Ընդհանրապես վստահ եմ, որ եթե կարող ես ինչ-որ բան չանել, ուրեմն պետք էլ չէ: Իսկ երբեմն չանելը դժվար է, մանավանդ երբ տեսնում ես, որ չքնաղ նյութը շուրջդ շատ-շատ է եւ դրանից կարելի է մի որակով ֆիլմ նկարահանել ու ուղարկել փառատոններ: Բայց արդյոք դրա մեջ ոգի կլինի՞…

Համոզվել եմ, որ սպեկուլյացիան արվեստում շատ «համեղ» բան է: Մտածում ես՝ օ, ի՜նչ լավ նյութ է, ի՜նչ լավ հերոս է, հերիք է պարզապես նկարահանել, մի քանի կինեմատոգրաֆիական հնարքներ բանեցնել եւ վերջ… ֆիլմը կա ու կա: Իրականում դա ոչ թե ֆիլմ, այլ սպեկուլյացիա կլինի: Հենց այն սպեկուլյացիան, որը մենք տեսնում ենք, ասենք, հեռուստատեսությամբ:

Ամեն դեպքում շրջապատող նյութին հարկավոր է զգույշ ու ազնիվ մոտենալ: Հիմա դանդաղորեն փորձում եմ լիամետրաժ խաղարկային դեբյուտս նկարահանել: Ֆիլմի աշխատանքային վերնագիրը «Կտակ» է, եւ այն առնչվելու է Ցեղասպանության թեմային: Մետաֆորիկ ոճի այս ֆիլմը հիմա դեռ սցենարական զարգացման փուլում է: Մինչ վերադառնալս Լիտվա, գնալու եմ Վանաձոր պապիս մոտ ու հետո արդեն կսկսեմ աշխատել:


Մարատ Սարգսյան
կինոռեժիոր

Լիտվա

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *