2023.10.26,

Նյուսրում

Հեռուստալսարանի չափումների նոր մեխանիզմ կմշակվի   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ազգային ժողովը հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով, քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Պատգամավորը, Ազգային ժողովում  նախագիծը ներկայացնելիս ասաց, որ գործող համակարգում գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունենում մեկ կազմակերպության կողմից։ Այդ կազմակերպությունը տալիս է վարկանիշեր և միջազգային գովազդատուները, հենվելով այդ տվյալների վրա, իրականացնում են իրենց գովազդի բաշխումը։ Սակայն գովազդները միշտ չէ, որ արդարացիորեն են բաշխվում, քանի որ հեռուստաընկերություններին տրված վարկանիշերն էլ միշտ չէ, որ անկողմնակալ են լինում։   

Ներկայումս չափումներ է իրականացնում «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը։ Հեռուստալսարանի ուսումնասիրության եւ դրանց չափումների ոլորտում այսօր որևէ  կարգավորում չի գործում և ոլորտում առկա են մի շարք խնդիրներ։

  • Հեռուստատեսային շուկայի ներկայացուցիչները չեն մասնակցում գործընթացին և չեն կարող վերահսկել չափող մարմնի գործառույթները:  
  • Չափող մարմինն ինքն է որոշում, թե ի՞նչ եղանակով ու ի՞նչ մեթոդներով պետք է իրականացվեն հեռուստալսարանի չափումները: 
  • Բացակայում են գովազդի գների ձեւավորման համար հստակ չափորոշիչներ, իսկ այդպիսի չափորոշիչների առկայության դեպքում էլ դրանք վստահելի չեն:  

Բացի այս խնդիրներից, հեռուստատեսային վարկանիշներ չափողի նկատմամբ վստահությունն ավելի նվազեց, երբ անցած տարի միջազգային աուդիտորական 3M3A ընկերությունը աուդիտ անցկացրեց և արձանագրեց, որ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին և արդյունքները թերի են կամ ոչ արժանահավատ։   

Ոլորտում առկա խնդիրները լուծելու և չափման գործընթացն ավելի թափանցիկ և վստահելի դարձնելու համար նոր նախագիծն առաջարկում է․

  • Հեռուստաալիքների և առանձին հաղորդումների վարկանիշավորման և հեռուստալսարանի պահանջարկի ուսումնասիրության համակարգ։ Ներկայումս նախատեսված չէ  առանձին հաղորդումների, հեռուստալսարանի ուսումնասիրության մեխանիզմներ եւ գործիքակազմ։ Մինչդեռ, այս տվյալները շատ կարևոր են թե՛ հեռաձակողների, թե՛ հատկապես գովազդային շուկայի ներկայացուցիչների  համար։  
  • Ստեղծել հեռուստատեսային Ինդուստրիայի կոմիտե և չափելի դարձնել գովազդային շուկայի գնագոյացման սանդղակը: 
  • Չափումների գործընթացը դարձնել ավելի թափանցիկ, կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերում։ 

 Նախագծով առաջարկվում է, որ հեռուստաընկերություններն իրենք ստեղծեն խորհուրդ, որն էլ կընտրի չափումներ իրականացնող կազմակերպությանը։ Հեռուստաընկերություններն էլ հնարավորություն կունենան վերահսկել չափող ընկերության գործունեությունը։  

Մայրաքաղաքային սփռում իրականացնող Բուն TV-ի տնօրեն Գեմաֆին Գասպարյանը պատմում է, որ հեռուստաընկերությունը հանրային մուլտիպլեքսում է ընդամենը անցած տարվանից, այդ պատճառով էլ չափման նախկին մեխանիզմների բացերի ու խնդիրների հետ շատ չեն առնչվել։ Սակայն ներկա է եղել առաջարկվող կարգավորումների փաթեթի քննարկումներին և կարծում է, որ նախաձեռնությունը տեսականորեն կարող է լուծել ոլորտում առկա խնդիրները, բայց թե իրականում ինչպե՞ս կգործի, կարդարացնի՞ իրեն, թե ոչ, միայն ժամանակի ընթացքում պարզ կլինի։ 

«Նախկինում կարգավորումների դաշտն ավելի հեղհեղուկ էր, քան այն տարբերակով, որն առաջարկվում է հիմա։ Նախադրյալներ տեսնում ենք, որ հնարավոր է իրականացվեն արդար և վստահելի չափումներ, որոնց կվստահեն խաղացողները, բայց իմպլեմենտացիայի հարց է։ Չեմ կարող վստահ ասել, թե համակարգն ինչպես կաշխատի»,-ասում է Գեմաֆին Գասպարյանը։  

Նախագծով  առաջարկվող Ինդուստրիայի կոմիտեի ստեղծման և վստահելի չափող կազմակերպություն ունենալու անհրաժեշտությունը տեսնում է նաև Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, բայց խնդրահարույց է համարում այս գործընթացում պետության ակտիվ մասնակցությունը։  

«Այն, որ նման կառույցների ստեղծումը կարգավորվում է օրենքով և տեղի է ունենում ըստ օրենքի պահանջների, դա արդեն իսկ խնդիր է։ Մեր հեռարձակողները պետք է գնան այս ճանապարհով, բայց դա պետք է լինի նրանց սեփական նախաձեռնությամբ,  պետությունը կարող է օժանդակել, նպաստել այդ գործընթացներին, բայց դա չպետք է հասնի միջամտության մակարդակի, իսկ այս օրինագծում այդ ակնարկը կա»,- ասում է Նավասարդյանը։ 

Այս գործընթացում պետական մարմինների ակտիվ մասնակցությունը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների։ Հետագայում որոշ հեռարձակողներ կարող են  կասկածել, որ ամեն ինչ արվում է հօգուտ իշխանամետ հեռուստաընկերությունների։ Ամբողջ գործընթացը վերահսկվում է և ընտրված չափող կազմակերպությունը ծառայում է իշխանությունների և նրանց մոտ կանգնած լրատվամիջոցների շահերի համար։ Նավասարդյանը հիշեցնում է, որ մենք այս խնդրին արդեն մեկ անգամ բախվել ենք, իսկ առաջարկվող նախագծում երաշխիքներ չի տեսնում կատարվածը բացառելու համար։  

«Ես չեմ բացառում, որ նախաձեռնության հետևում կարող են լինել քաղաքական շարժառիթներ։ Մենք վերջին տարիներին տեսնում էինք, որ բավականին լուրջ ջանքեր են գործադրվում մեր մեդիաշուկայում հեռարձակողների հարաբերակցությունը ի օգուտ իշխանամետ, լոյալ հեռուստաընկերությունների փոխելու համար։ Հենց սրանով էր պայմանավորված, որ Հանրային հեռուստաընկերությանը առևտրային գովազդից օգտվելու հնարավորություն տրվեց։ Ակնհայտ է, որ նպատակը գովազդային միջոցները դեպի պետության կամ իշխանությունների համար ցանկալի լրատվամիջոցներին ուղղելն է։ Այս դեպքում էլ ես չեմ բացառում, որ շարժառիթը նույնն է և մենք Հայաստանում մեդիաանկախության հետ կապված նոր խնդիրների ենք բախվելու»,-ասում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահը։  

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 66 կողմ, 24 ձեռնպահ և 0 դեմ ձայներով։  

Մինչև  հեռուստատեսային Ինդուստրիայի կոմիտեի և չափող ընկերության ընտրությունը, հեռուստալսարանի չափումների համար չափորոշիչներ կսահմանի Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը։ 

 Մարիաննա Դանիելյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *