Որքանո՞վ են այսօր հայաստանյան պետական կառույցները ներգրավված սոցիալական մեդիայում։ Հաշվի առնելով սոցցանցերի գերակտիվությունը հասարակական եւ քաղաքական ոլորտներում՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ պետական հաստատությունները ակտիվորեն օգտվում են այս հարթակներից։ Սա իրականությանը այնքան էլ չի համապատասխանում։
Պետական պաշտոնյաները կա՛մ առանձնապես չեն ձգտում լինել սոցցանցերում, կա՛մ ինքնուրույն չեն վարում իրենց էջերը։ Շատ դեպքերում այդ դերը ստանձնում են մամուլի քարտուղարները եւ կառույցների այլ ներկայացուցիչներ, որոնք սոցիալական ցանցերում սկսում են ներկայացնել իրենց կառույցները։ Բարձրաստիճան պաշտոնյաները քիչ են սոցցանցերում։
Կառավարության կազմից տվյալ պահին բացառություն է կազմում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը կարելի է ասել՝ այսօր Ֆեյսբուքի հայաստանյան հատվածի ամենաշատ ընթերցողներ ունեցող օգտատերն է՝ 4 900 ընկեր եւ ավելի քան 11 000 հետեւող (follower):
Եթե խոսենք այն դեպքերի մասին, երբ էջը վարում է ոչ թե հենց քաղաքական գործիչը, այլ նրա թիմը, ապա Տարոն Մարգարյանի հետեւողների թիվը գերազանցում է 13 000-ը։
Քաղաքապետարանը ակտիվ է ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ Թվիթերում։ Ավելին՝ բոլոր վարչական շրջաններն ունեն իրենց ֆեյսբուքյան էջերը, որոնք անընդհատ թարմացվում են, օրինակ, Կենտրոն շրջան կամ Աջափնյակ։ Այստեղ կան նաեւ ֆեյսբուքը սխալ կիրառելու դեպքեր, օրինակ՝ Շենգավիթի շրջանը ներկայացված է ոչ թե էջի, այլ օգտատերի տեսքով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի տարի առաջ սոցիալական մեդիայում ամենակատիվն էր․ նա աշխարհում առաջին վարչապետներից էր, ով ունեցավ իր սեփական բլոգը, որը հետագայում Livejournal-ից տեղափոխվեց առանձին կայք եւ հիմա կորցրել է բլոգային ոճն ու դարձել է ավելի պաշտոնական։
Նաեւ գործում է վարչապետի Թվիթերը, որը միայն տարածում է կայքի նյութերը։ Այս պահին Տիգրան Սարգսյանն ունի նաեւ անձնական էջ Ֆեյսբուքում, որը թեեւ 13,869 ընթերցող ունի, ընդամենը 87 արձագանք ունի ընթերցողների կողմից ( talking about this):
Կառավարության Տեղեկատվական կենտրոնը իր «Հրապարակում» հեռուստածրագիրը ներկայացնում է ինչպես Youtube-ում, այնպես էլ Livejournal-ում։
Ոստիկանության պաշտոնական Youtube ալիքը, երեւի, ամենաակտիվ դիտվող ալիքն, որը 500-ից ավել գրանցված դիտող եւ 2 միլիոնին հասնող դիտումներ ունի։
Դրան հակառակ՝ Դատախազություն Youtube ալիքը միայն մեկ գրանցված դիտող ունի եւ ընդամենը 1000-ից ավել դիտում։
Գործում են Արդարադատության նախարարության Ֆեյսբուքյան էջը, Թվիթերը (բացակայում է օգտատերի նկարը՝ userpic-ը) եւ Youtube ալիքը (7 գրանցված դիտող, ընդամենը 1000-ից ավել դիտում), սակայն հանրային հետաքրքրությունը բավական ցածր է։
Արտաքին գործերի նախարարությունն ունի իր Youtube ալիքը (5 գրանցված դիտող, ընդամենը 500 դիտում): Ավելի ակտիվ է Twitter-ը, որն ունի մոտ 300 հետեւող։ Ֆեյսբուքյան էջն ունի 1000-ից ավել ընթերցող։
Պաշտպանության նախարարության Youtube ալիքը մոտ մեկ ամիս է՝ չի թարմացվել, այն ունի 32 գրանցված դիտող, մոտ 17 000 դիտում։
Կապի եւ տրանսպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը, չնայած շատ ընթերցող չունի, ակտիվ լցվում է նյութերով։ Նախարարության Youtube ալիքը 3 ամիս է՝ չի թարմացվել (1 գրանցված դիտող, մոտ 1000 դիտում)։
Մշակույթի նախարարությունն ունի ֆեյսբուքյան էջ, որը գրեթե անտեսվում է օգտատերերի կողմից։ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունն ունի գրեթե լքված ֆեյսբուքյան էջ։
Նախագահականի լրատվականն իր ներկայացուցչությունն ունի Youtube-ում, որը բացվել է 2012 թվականի ապրիլին, այն ունի 290 գրանցված դիտող եւ 300 000-ից ավելի դիտում։ Հայալեզու Twitter-ն ունի իր անգլերեն եւ ռուսերեն տարբերակները, որոնք շատ պասիվ են, իսկ ռուսերենը ընդանրապես դատարկ է։ Կայքում հղում է տեղադրված դեպի Flickr, որը նույնպես դատարկ է։
Հանդիպում են նաեւ տարօրինակություններ։ Օրինակ՝ Մաքսային ծառայության կայքում մի շարք սոցիալական ցանցերի լոգոներ կան, որոնք պարզապես տանում են դեպի այդ սոցցանցերի հիմնական էջեր։
Հարկային ծառայության կայքում նույն վիճակն է. լոգոներից միայն երկուսն են տանում դեպի հարկային ծառայության Ֆեյսբուքյան եւ Linkedin էջերը։ Անհասկանալի պատճառներով հղում կա նաեւ դեպի Հայաստանում ոչ հայտնի Myspace սոցիալական ցանցի հիմնական էջը։
Ընդհանուր առմամբ պետական կառույցները գրեթե չեն օգտագործում սոցիալական մեդիայի ներուժը՝ այն հիմնականում օգտագործելով որպես մամուլի հաղորդագրություններ տեղադրելու հերթական հարթակ։
Հարկ է նշել, որ սա ամբողջական ուսումնասիրություն չէ։ Խնդիրներից մեկն այն է, որ պետական գերատեսչությունները, սոցցանցերում ներկայություն ունենալով, հղումներ չեն տեղադրում դեպի իրենց պաշտոնական էջերը, ինչի պատճառով հաճախ դժվար է գտնել դրանք, իսկ գտնելու դեպքում դժվար է համոզվել, որ դրանք պաշտոնական են։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: