2023.10.23,

Խաչմերուկ

Գազա և Արցախ. բլոկադայի և տեղահանման երկու պատմություն

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Հոկտեմբերի 7-ին սկսված  իսրայելա-պաղեստինական պատերազմը շարունակում է մնալ բոլոր միջազգային թերթերի գլխավոր էջերում։ Հայկական ավանդական մեդիայի արձագանքն այն էր, որ այս  պաղեստինա-իսրայելական էսկալացիան «փախցրեց» աշխարհի ուշադրությունը Արցախի տեղահանման թեմայից։ Իսկ սոցիալական մեդիան նկատեց Գազայի և Արցախի նմանությունները, որոնք անհնար է չհամեմատել. բլոկադա, բռնի տեղահանում, արգելված՝ ֆոսֆորային զենքերի կիրառում, քաղաքացիական անձանց ու օբյեկտների թիրախավորում։ 

Իսրայելը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ իսլամիստական միավորման տեռորից հետո, անջատեց պաղեստինական Գազա տարածք էլեկտրականության, ջրի և սննդամթերքի մատակարարումը։ Սա խստացրեց պաղեստինական անկլավի բլոկադան, ինչը գործում էր վաղուց։ ՀԱՄԱՍ-ի իշխանության գալուց հետո՝ 2007 թվականից, Իսրայելը և Եգիպտոսը կառավարում են դեպի Գազա ելումուտը՝ ահաբեկչական կազմակերպությանը բլոկադայի ենթարկելու նպատակով։ ԸՍՏ ՄԱԿ-ի՝ այս բլոկադան նաև հումանիտար ճգնաժամ է ստեղծել և Գազայի 2.2 միլիոն բնակչությունը հայտնվել է բանտարկյալի վիճակում։ 

Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի տեռորի՝ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում Գազային՝ տեռորիստներին չեզոքացնելու  նպատակով՝  չխնայելով նաև քաղաքացիական օբյեկտները։  

Իրավապաշտպանները ահազանգում են, որ Իսրայելի գործողությունները Գազայում կարող են հանգեցնել էթնիկ զտումների։ Մի բան, որ տեղի ունեցավ Արցախում՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո։

«Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի կողմից զինված Ադրբեջանը նունն արել է Արցախում ապրող հայերի նկատմամբ՝ ստիպելով նրանց փախչել իրենց 3000 տարվա հայրենիքից։ Այն, ինչ մենք ստացանք այն ժամանակ Իսրայելի կառավարությունից, կեղծ հավասարություն էր՝ երկու կողմերին զսպվածության կոչով: Մի բռնակալի կողմից էթնիկ զտման հաջողությունը խրախուսեց մյուսներին: Ես կանգնած եմ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների կողքին, ովքեր ցանկանում են խաղաղություն»,- Հայկական ժամանակը  հրապարակել է երգիչ, ակտիվիստ Սերժ Թանկյանի կարծիքը։

«Անցյալ ամիս մեր արցախցի ժողովուրդը տեղահան եղավ իր պատմական օրրանեն։ Այս ամսի դժբախտաբար մեր բարեկամ արաբ ժողովուրդը տեղահան պիտի ըլլա, ես կարծեմ։ Իսկ ՀԱՄԱՍ—ը պիտի արմատախիլ ըլլնե»,- 1in.am-ի տաղավաում ասում է գրող  Հակոբ Նալբանդը։ 

Գազայից  պաղեստինցիներին հեռացնելու գործողությունների և հայերին՝ Արցախից տեղահանելուն ուղղված դատապարտություններում որոշ վերլուծաբաններ նկատում են  երկակի ստանդարտներ։ Հաշված օրերի ընթացքում  ԱՄՆ-ն իր նավատորմերը բերեց Միջերկրական ծով՝ ի պաշտպանություն Իսրայելի, իսկ Հայաստանին սատարել է միայն հայտարարություններով։
ԱՄՆ-ի արագ ու հստակ աջակցությունը  իր դաշնակցին՝ վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին և այլոց հիշեցրեց, որ Հայաստանի դժգոհությունը իր դաշնակից Ռուսաստանի անտարբերությունից արդարացված է։ 

«Ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունն այդքան ուշադիր Իսրայելի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի» հոդվածում Առավոտը  նկատում է, որ ԱՄՆ-ն անվերապահորեն կանգնեց Իսրայելի կողքին։ Սա հոդվածագիրը բացատրում է ԱՄՆ-ում հրեա համայնքի լոբինգով և կոչ է անում սփյուռքի հայերին էլ համախմբվել։ 

Վերլուծաբան Արթուր Խաչիկյանը ԱՄՆ-ի՝ հայերի հանդեպ անտարբերության մեջ մեղադրում է ՀՀ կառավարության։ «Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, դու ինքդ պիտի քեզ հարգես։ Եթե ՀՀ կառավարությունն ասում է, այո, բնաջնջում են 120000 հայ, բայց դա իմ պրոբլեմը չէ, իհարկե, աշխարհն  կասի՝  դե մեր պրոբլեմն էլ չէ»,- Հինգերորդ Ալիքի  եթերում ասում է փորձագետը։ 

Հայաստանի իշխանությունները, սակայն Գազայի և Արցախի համեմատությունը չեն օգտագործում իրենց դիվանագիտական հայտարարություններում։ Կարծես՝ Արցախի պատերազմում երկու կողմերի միջև հասավասարություն դնող, «խորը մտահոգություն» հայտնող միջազգային հայտարարություններից մշտապես դժգոհող Հայաստանը,  հենց նույն մոտեցմամբ է անդրադառնում Միջին Արևելքի էսկալացիային։ «ՀՀ ԱԳՆ ցնցված է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից և քաղաքացիական բնակչության վրա հարձակումներից։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- այսպիսին էր ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը։  

Այս չեզոքությունը, սակայն, նոր չէ։ Թեև Հայաստանում ոչ վաղ անցյալում  ընդունված էր հիանալ Իսրայելի  ազգ-պետություն բանաձևով,  վերջերս կա դժգոհություն առ այն, որ Ադրբեջանի զենքի մոտ 70 տոկոսի մատակարարը հենց Իսրայելն է։ Հայաստանը, նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ,  Երուսաղեմից հետ կանչեց իր նորանշանակ դեսպանին։ Այնուամենայնիվ, Հայաստանը միշտ չեզոք է եղել իսրայելա-պաղեստինական խնդրում։ Իսկ հայկական մեդիան, ի տարբերություն միջազգայինի,  չի դիտում բոլոր պատերազմները՝  Ուկրաինա-Ռուսաստան, Հայաստան- Ադրբեջան,  Պաղեստին-Իսրայել,  որպես մեկ ընդհանուր, գլոբալ պատերազմի տարբեր ֆրոնտներ։ 

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *